18  13.03.14 - ՀՀ կառավարություն. Կառավարության նիստ

ՏՏ ոլորտի նորաստեղծ Start-up-երը կազատվեն հարկերից (թարմացված)

ՏՏ ոլորտի նորաստեղծ Start-up-երը կազատվեն հարկերից (թարմացված)

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն իր մարտի 13-ի նիստում հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

Այսպիսով, ՏՏ ոլորտում գործող 15 աշխատողից ոչ ավելի ունեցող նորաստեղծ ձեռնարկություններին պետությունը կազատի բոլոր հարկատեսակներից՝ սահմանելով շահութահարկի զրոյական դրույքաչափ, թողնելով միայն եկամտահարկի նվազեցված 10 տոկոսանոց հարկը, գրում է Panorama.am-ը:

Ինչպես կառավարության նիստում նշել է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, տվյալ ընկերություններին տարբեր գործիքակազմերով՝ դրամաշնորհների միջոցով, կտրամադրվի նաև տեխնիկական աջակցություն:

«Ակնկալվում է, որ այս նախաձեռնության շնորհիվ Հայաստանում տարեկան կստեղծվի 40-60 նոր ձեռնարկություն»,- ընդգծել է նախարարը:

2000 թվականին այս ոլորտը ճանաչվել է Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը: 2008-2012թթ. ընթացքում այդտեղ մոտ 23 տոկոս միջին տարեկան աճ է գրանցվել: Օրենքի նախագծի գաղափարը ծնվել է 2013-ի դեկտեմբերին, երբ Դիլիջանում կայացած համաժողովում քննարկվում էր ինովացիոն զարգացումների թեման:

Ավելի ուշ լրագրողների հետ հանդիպմանը նախարար Ավանեսյանն ասել է, որ գործադիրը խստորեն վերահսկվելու է, որպեսզի հարկային արտոնություններից օգտվեն միայն ՏՏ ոլորտի նպատակային ընկերությունները։ Նրա խոսքով, ընկերություններին չի թույլատրվի ցանկացած գործարք, որը դուրս կլինի տվյալ բնագավառից, նույնիսկ համակարգչի վաճառք, հակառակ դեպքում նրանք կզրկվեն հարկային արտոնությունից:

«Փաստորեն այս ընկերությունների համար բացառվում է ընդհանրապես որևէ այլ գործունեություն, բացի այդ` սահմանափակելու ենք դրանց հնարավորությունները, որ նրանք ծառայություններ մատուցեն ՀՀ-ում այս ոլորտում գործող ձեռնարկություններին»,- նշել է Ավանեսյանը:

Օրենքում լրացումներ կատարելու նախագիծը մշակվել է մարդկային կապիտալում ներդրումները խթանելու, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մրցունակությունը բարձրացնելու նպատակով:

«ՏՏ ոլորտն այս պահին իր զարգացվածությամբ հասել է այնպիսի աստիճանի, որ անհրաժեշտ են որակական նոր փոփոխություններ, որպեսզի Հայաստանը հստակորեն ՏՏ համաշխարհային քարտեզի վրա գրավի իր տեղը»,- նիստին նշել է վարչապետը՝ հավելելով, որ հարցը քննարկվել է նաև ՀՀ նախագահի մոտ և արժանացել նրա հավանությանը:

Գործադիրի ղեկավարը հիշատակել է Վենչուրային հիմնադրամը, որը մասնավոր ընկերությունները ստեղծելու են Համաշխարհային բանկի օժանդակությամբ: Նրա խոսքով, հիմնադրամի միջոցները նույնպես կարող են ուղղվել Start-up բիզնեսների ֆինանսավորմանը:

«Այն, որ այսօր բացառիկ հնարավորություն ենք ստեղծում ոլորտի համար, ազատելով բոլոր տեսակի հարկերից՝ թողնելով միայն 10 տոկոսով ամրագրված եկամտահարկ, շահութարկից՝ լրջագույն խթան է լինելու Start-up-երի համար և այս ոլորտում առաջընթաց կապահովի»,- նշել է Կառավարության ղեկավարը՝ համաձայնելով օրենքի նախագիծն անհետաձգելի համարելու առաջարկին, «քանի որ այն սպասված է նաև ՏՏ ոլորտի կողմից»:

Մամուլի ասուլիսին Ավանեսյանը նաև տեղեկացրել է, որ ընկերությունները պետք է նաև հավաստագիր ստանան․ այն կտրամադրի ստեղծված հանձնաժողովւ, որտեղ լինելու են երեք պետական, երկու` տվյալ ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Բացի դրանից` ընկերությունները պետք է հայտարարագրեն, որ չեն ստեղծվում այլ ընկերության տրոհման ճանապարհով:

Նախօրեին վարչապետի գլխավորությամբ ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստն էր, որի ընթացքում քննարկվել են ՀՀ պետգնումների համակարգին առնչվող հարցերը և դրամաշնորհային ծրագրերով ԱԱՀ-ով հարկման ժամանակ առաջացող խնդիրները: Վերջինիս առնչությամբ վարչապետը հանձնարարել է խորհրդակցություն հրավիրել և լուծումներ գտնել:

Տիգրան Սարգսյանին զեկուցվել էր նաև երկրում ռոբոտաշինության խմբակների ստեղծման և զարգացման` «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրի ընթացքը: Ըստ զեկույցի, հանրապետությունում արդեն իսկ ստեղծվել է 60 խմբակ, որոնց թիվն առաջիկայում նախատեսվում է եռապատկել:

Խմբակների գործունեությունը կնպաստի աշխատաշուկա հազարավոր երիտասարդների ներգրավմանը: Մասնավոր հատվածը դիմել է կառավարությանը դրամական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով, ինչին վարչապետը հավանություն է տվել: Նախատեսվում է ծրագրին ներգրավել նաև տարբեր դոնորների:

Նիստում քննարկվել էին նաև նվազագույն աշխատավարձին, երաշխիքային սպասարկման ժամանակ գործող մաքսային ընթացակարգերին և ՀՀ-ում «Ուսում» համակարգով համակարգչային հմտությունների թեստավորման և հավաստագրման կենտրոնների ստեղծման և գործարկման ծրագրին առնչվող հարցեր: Ամփոփելով՝ Տիգրան Սարգսյանը նշել էր, որ ՏՏ զարգացման խորհրդի, որն իր մեջ ներառում է մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, նպատակն է իրական հատվածից ազդակներ ստանալը, այսինքն՝ որոնք են ՏՏ ոլորտին մտահոգող խնդիրները, տեսնել՝ ինչպիսի խոչընդոտներ կան, որպեսզի կառավարությունն արձագանքի, լուծումներ գտնի, ու ոլորտը զարգանա:

Կառավարության` 2013-ի հուլիսի 18-ի որոշմամբ առաջին ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կազմակերպիչ է դարձել «Սիտրոնիկս Հայաստան» ՓԲԸ-ն, իսկ 2013-ի օգոստոսին բացվել Հայաստանում առաջին ԱՏԳ-ն: Այդ տարածքում կարելի է գործունեություն ծավալել ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և բիոտեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արդյունաբերական դիզայնի, հեռահաղորդակցության, տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծման և արտադրության ոլորտներում:

ԱՏԳ-ում ներդրողները ստանում են արտոնություններ, որոնք չկան գործնականում աշխարհի ոչ մի ԱՏԳ-ում: Շահագործող ընկերությունն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ներմուծման և արտահանման մաքսատուրքից, շահութահարկից, գույքահարկից: Սակայն սոցվճարումները կատարվում են ըստ Հայաստանում գործող կարգի, այդ թվում հաշվի առնելով, որ 2013-ի հունվարի 1-ից գործատուն մեկ միասնական եկամտահարկ է մուծում, որտեղ ներառվում են նաև սոցվճարումները: Բացի այդ, չկան արժութային սահմանափակումներ, բայց կա կապիտալի շահույթի և դիվիդենտների ազատ տեղափոխում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շահագրգիռ կողմերի հետ միասին մտադիր է զարգացնել ԱՏԳ-ները, նեգրավել ներդրողների ու կատարելագործել օրենսդրական բազան՝ ստեղծելով լայն օրենսդրական հնարավորություններ ԱՏԳ գործունեության համար հանրապետության տարածքում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---