Էրդողան vs Գյուլեն. Քարոզիչն ապաստան է խնդրում, բայց մերժում են

Էրդողան vs Գյուլեն. Քարոզիչն ապաստան է խնդրում, բայց մերժում են

PanARMENIAN.Net - Վարչապետ Էրդողանի պայքարը Գյուլենի դեմ ավելի սուր բնույթ է ստանում: Իսլամիստ հասարակական գործիչը, որն այսօր բնակվում է ԱՄՆ-ում, քաղաքական ապաստան է խնդրել Կանադայից, գրում է Sabah-ը: Գյուլենը նման որոշում է ընդունել, երբ Էրդողանը հայտարարեց ԱՄՆ-ի կողմից նրա հնարավոր արտահանձնման մասին: Բացի Կանադայից, Գյուլենը քաղապաստան է խնդրել նաև Նոր Զելանդիայից: Թերթի տվյալով, երկու պետություններն էլ մերժել են նրան ապաստան տրամադրել: Ավելի վաղ վարչապետ Էրդողանը հայտարարել էր, որ հնարավոր է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձմանը, քանի որ նա միջամտում է Թուրքիայի ներքին գործերին` նպաստելով երկրի ապակայունացմանը:

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագն արդեն հայտարարել է, որ Ֆեթհուլլահ Գյուլենի հանդեպ կարող է միջազգային հետախուզում հայտարարվել: Բայց, նրա խոսքով, Գյուլենին միջազգային հետախուզում հայտարարելու համար անհրաժեշտ է դատարանի որոշումը: Վարչապետ Էրդողանն ուզում է իրեն ու իր Արդարություն ու զարգացում կկուսակցությունն ամեն կերպ ապահովագրել մարտի 30-ի ընտրություններում պարտությունից: Ամենայն հավանականությամբ, դա նրան կհաջողվի, թեև Թուրքիայում երբեք նախապես չես կարող իմանալ: Արդեն գրել ենք, որ մարտի 30-ը կարող է շրջադարձային լինել Թուրքիայի վերջին տասը տարիների պատմության մեջ: Էրդողանի և Քեմալ Քիլիջարողլուի ղեկավարած գլխավոր ընդդիմադիր Ազգային-հանրապետական կուսակցության հնարավորությունները գրեթե հավասար են: Գյուլենը կարող է փչացնել Էրդողանի «տոնը»` հաշվի առնելով նրա կողմնակիցների թիվը. Թուրքիայի բնակչության 20%-ից ավելին կիսում է նրա համոզմունքները, ընդ որում դա կրթված մասն է, որոնց համար բացարձակ դժվար չէ անցնել գյուղերով ու մարդկանց բացատրել` ով է ավելի լավը` Էրդողանը, թե Քիլիջարողլին:

Իսկ մինչ այդ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը մարտի 12-ին հաստատել է մասնավոր նախապատրաստական դպրոցների փակվելու մասին օրենքը, որոնք դիտարկվում են` որպես Գյուլենի հիմնական եկամտի ու ազդեցության աղբյուր: Նախագահի այս քայլն ընդգծում է Թուրքիայում թափ հավաքող կոռուպցիոն սկանդալի պայմաններում Գյուլի համերաշխությունն Էրդողանի հետ, որի կազմակերպիչները, ըստ թուրքական իշխանությունների, Գյուլենի կողմնակիցներն են իրավապահ ու դատական համակարգերում:

Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանն ընդունել էր 2015-ի սեպտեմբերի 1-ից նախապատրաստական ուսումնական հաստատությունները փակելու մասին օրինագիծը: Թուրքիայի կրթության նախարար Նաբի Ավչին խոստովանել է, որ նախապատրաստական դպրոցների բարեփոխումների օրենքը կարող է ազդել այդ կրթական հաստատությունների մոտ 40 000 աշխատակիցների վրա:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---