Օլանդը մայիսին կայցելի Հայաստան

Օլանդը մայիսին կայցելի Հայաստան

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ֆրանսիացի գործընկեր Լորան Ֆաբիուսին և քննարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ այս տարվա մայիսին Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները։ Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական գործակցության առավել զարգացման և ընդլայնման հնարավորություններին։ Նախարար Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանում արդեն գործում է ֆրանսիական կապիտալով շուրջ 160 ընկերություն և Հայաստանը ողջունում է ֆրանսիական ներդրումների աճն ու այդ ուղղությամբ նոր նախաձեռնությունները, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Բանակցությունների օրակարգում էր նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կառուցողական ներգարավվածությունը, կարևորել է նրանց` հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը միտված միասնական ջանքերը։ Նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ աշխատանքը՝ ուղղված հիմնախնդրի հանգուցալուծմանը: Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրներ, մասնավորապես` ուկրաինական ճգնաժամը և դրա կարգավորման հնարավոր ուղիները, անդրադարձել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործանթըացին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսին Ֆրանսիայի նախագահի Հայաստան կատարելիք այցի ժամանակ պաշտոնապես կհայտարարվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունան մասին:

Հունվարի 27-ին Թուրքիա պաշտոնական այցի առաջին օրը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանություններն այլևս չպետք է շարունակեն հերքել 1915-ին Օսմանյանն կայսրությունում հայերի մասսայական սպանդը: «Նման իրադարձությունները հիշելը միշտ էլ ցավալի է, բայց անհրաժեշտ է»,- ասել է նա Անկարայում մամուլի ասուլիսում: Անդրադառնալով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, Օլանդը նշել էր, որ «շարժվելու են միայն ճիշտ ուղղությամբ», նշելով, որ ինչպես ցեղասպանության փաստը, այնպես էլ դրա ժխտումը քրեօրեն պատժելի են։ Ֆրանսիան 2000-ին Ցեղասպանություն էր որակել Օսմանյան կայսրությունում հայերի մասսայական կոտորածը:

2011-ի դեկտեմբերի 22-ին ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի Ազգային ժողովում: Հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն էր: 2012-ի հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը դրան կողմ քվեարկեց: Օրինագիծը մերժման համար նախատեսում էր 1 տարվա ազատազրկում ու 45 հազար եվրո տուգանք: Ավելի ուշ՝ 2012-ի փետրվարի 23-ին, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչեց: Արդեն 2013-ի փետրվարին պատգամավորը երկրորդ անգամ Ֆրանսիայի խորհրդարան ներկայացրեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---