Հանրաքվեից հետո Ղրիմի հարցը կարող է փակվել

Հանրաքվեից հետո Ղրիմի հարցը կարող է փակվել

PanARMENIAN.Net - 2014-ի մարտին Ղրիմի Ինքնավար Հանրապետության վարչապետ Սերգեյ Ակսյոնովը դիմել է Վլադիմիր Պուտինին` խնդրելով «աջակցել ՂԻՀ տարածքում խաղաղության ու հանգստության ապահովման հարցում»: Այս իրադարձությունների ֆոնին լրագրող Սերգեյ Բրիլյովի ու Ակսյոնովի հարցազրույցի ժամանակ նման երկխոսություն է եղել.

-Բրիլյով. «Սերգեյ Վալերևիչ, չեմ կարող այս հարցը չտալ: «Ղրիմ կղզին» գրքի հեղինակ Վասիլի Ակսյոնովը պատահաբար Ձեր բարեկամը չէ՞»:

-Ակսյոնով. «Ցավոք, ոչ»:

-Բրիլյով. « Ակնհայտ է, որ դուք այդ վեպի երկրորդ մասն եք գրում»:

-Ակսյոնով. «Կփորձենք գրել վերջացնել»:

Վասիլի Ակսյոնովը 1979-ին լույս տեսած իր գրքում գրում է, որ Ղրիմը մինչև այժմ չի միացել Ռուսաստանին, «քանի որ Ռուսաստանի շատ ազդեցիկ ուժերը չեն ուզում ձեզ կուլ տալ: Այդ ուժերին նոր ինքնավար հանրապետություն պետք չէ, նրանք չգիտեն` ինչպես վարվել 5 մլն ավելորդ մարդկանց հետ, որոնք, բացի այդ, զինված չեն հատուկ սովետական հոգեբանությամբ, նրանք հասկանում են, որ Ղրիմի տնտեսկան բարգավաճումը կավարտվի միավորման հաջորդ օրը»:

Բոլոր հակաուտոպիստական գրվածքները վաղ թե ուշ իրականություն են դառնում, և Ակսյոնովի վեպն էլ գրվելուց 35 տարի անց կարող է իրականություն դառնալ: Ճիշտ է, Ակսյոնովի մոտ հակառակն էր` անկախ Ղրիմը միացավ Ռուսաստանին, ավելի ճիշտ` ԽՍՀՄ-ը միացրեց: Հիմա, եթե հավատանք Ակսյոնովին, հակառակ գործընթացն է, թեև վեպում էլ Ղրիմի բնակիչներ կային, որոնք ելույթ էին ունենում ի պաշտպանություն ԽՍՀՄ-ին (կարդա` Ռուսաստան) միանալուն: Ակսյոնովի գրքի հերոսներն իրենց կոչում էին Պյոտր Վրանգելի ժառանգներ, որը չէր բացառում Ղրիմի` որպես առանձին հակաբոլշևիկյան պետության գոյությունը: Այսինքն, «Ղրիմ Կղզին» գրքի գաղափարն անիրական չէր, և եթե ամեն ինչ դասավորվեր ինչպես գրքում, ԽՍՀՄ-ում իրոք առանձին պետություն կլիներ: Ընդ որում` ռուսական պետություն: Ղրիմի գրավումից հետո կոմունիստներն այնտեղ պատերազմի ընթացքում ամենախոշոր կոտորածն են կազմակերպել` առանց դատի գնդակահարելով 80 000 մարդ:

Ղրիմը, որ երբևէ Ռուսաստանի միակ սպիտակ կետն էր մնացել, այսօր փաստորեն հանդես է գալիոս սովետական տրամադրության ներքո, և մոսկվայամետ ակտիվիստների ցույցերին եռագույնի կողքին հաճախ է երևում կարմիր դրոշը: Ամենայն հավանականությամբ, մարտի 16-ին Ղրիմի բնակչությունը «այո» կասի անկախացմանն ու ՌԴ մտնելուն: Եվ կարելի է ասել, որ Ղրիմի հարցը ևս 60 տարով մի կողմ կդրվի: Այս առումով, Ստալինի ու Խրուշչովի որոշումները դեռ երկար կմնան` որպես անկայունության, անգամ` պատերազմի աղյուր:

Կարինե Տեր-Սահակյան/ PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---