15  14.03.14 - «Բժշկական պարագաների երևանյան գործարան»-ի բացումը

Հայաստանը կսկսի արտադրել որակյալ ու մատչելի բժշկական պարագաներ

Հայաստանը կսկսի արտադրել որակյալ ու մատչելի բժշկական պարագաներ

PanARMENIAN.Net - Այսուհետ Հայաստանում կարտադրվեն բժշկական պարագաներ՝ ներարկիչներ, բժշկական ասեղներ, սրվակներ և այլն: Մարտի 14-ին Երևանում գործարկվել է ռուսաստանյան խոշոր «Աֆինա Պալլադա» ընկերությունների խմբին պատկանող «Մեգա Մեդ» ընկերության՝ միանգամյա օգտագործման բժշկական պարագաների արտադրության գործարանը:

Բացմանը ներկա առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նշել է` միշտ երազել է, որ Հայաստանում բժշկական սարքավորումներ ու պարագաներ արտադրվեն, և նման գործարանի գոյությունն ուրախալի է բոլորի համար:

«Գործարանը մեծ օգուտ կբերի մեր համակարգին, առաջին հերթին` ինքնարժեքի ավելի ցածր լինելով: Սա ամբողջ Հայաստանի պահանջարկը կբավարարի, դեռ մի բան էլ ավելին: Այստեղ բազմաթիվ աշխատատեղեր կունենանք»,- ասել է նախարարն ու վստահեցրել` ՀՀ-ում գործող հիվանդանոցներն օգտվելու են այս գործարանի արտադրանքից, քանի որ դրանք որակով չեն զիջում ներկրվածներին և փոխարենը էժան կլինեն, գրում է Tert.am-ը:

Գործարանի գլխավոր տնօրեն Ժիրայր Հեպոյանը ևս վստահեցրել է, որ բժշկական պարագաները լինելու են ավելի մատչելի, քան շուկայում արդեն գոյություն ունեցողները. «Եթե դեղատունն անբարեխիղճ գտնվի և բարձր գին սահմանի, մենք ոչինչ անել չենք կարող, բայց կարծում եմ այստեղի արտադրանքն ամեն դեպքում ավելի էժան կլինի՝ միաժամանակ չզիջելով որակական հատկանիշներով: Մեր արտադրանքը համապատասխանում է եվրոպական GMP ստանդարտին, որը հնարավորություն կտա նաև արտահանել»:

Գործարանի արտադրանքը շուկա կհանվի ապրիլի առաջին կեսին: Գործարկումը բաղկացած է երեք փուլից, որի երկրորդ փուլը կմեկնարկի տարվա կեսերին, իսկ երրորդը՝ հաջորդ տարի: Գործարանի բացմանը ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շրջել է գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրատեսականուն, կատարված ներդրումներին, դրա շրջանակում իրականացված աշխատանքներին և ընկերության զարգացման ծրագրերին:

«Մեգա Մեդ» ընկերության կողմից մեկանգամյա բժշկական գործիքների արտադրության ծրագրի շրջանակում բաժնետիրոջ կողմից մինչև այժմ իրականացվել են ավելի քան 42 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: Արտադրության թողարկման լրիվ ծավալին հասնելու պահին ներդրումները կկազմեն շուրջ 47 մլն. ԱՄՆ դոլար: Արդեն իսկ աշխատանքային պայմանագրեր են ստորագրվել 112 անձանց հետ: Գործարանում միջին աշխատավարձը կազմում է 150 000 ՀՀ դրամ:

Ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ, մինչև մայիսի վերջը նախատեսվում է բարձրացնել գործարանի արտադրական հզորությունները՝ աշխատողների թվաքանակը տարվա ընթացքում հասցնելով 400-ի: Այս փուլում գործարանում արտադրվելու են բժշկական մի քանի տեսակի ասեղներ, ներարկիչներ, ինսուլինային գրիչների ասեղներ, արյան հավաքման վակուումային և կաթիլային համակարգեր: Գործարանի շահագործման արդյունքում ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան մոտ 1.2 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---