Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները մարտի վերջին, հավանաբար, կհանդիպեն Հաագայում

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները մարտի վերջին, հավանաբար, կհանդիպեն Հաագայում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին հանդիպում անցկացնել Հաագայում միջուկային անվտանգության հերթական գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Մամեդյարովը, գրում է АПА-ն:

«ԵԱՀԿ համանախագահների կողմից առաջարկ է եղել Հաագայի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում անցկացնելու մասին»,- նշել է Մամեդյարովը:

Հարցին, թե ինչպիսի ձևաչափով այն տեղի կունենա, Մամեդյարովը պատասխանել է, որ իրեն հայտնի է միայն արտգործնախարարների մակարդակով հանդիպման մասին:

Միջուկային անվտանգության հերթական գագաթնաժողովն անցկացվելու է Հաագայում՝ մարտի 25-26-ին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը փետրվարի 22-ից՝ մարտի 11-ը Փարիզում ու Մոսկվայում մի շարք հանդիպումներ են անցկացրել, այդ թվում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ։ Մարտի 11-ին միջնորդները բանակցել են նաև ռուս պաշտոնյաների հետ։

Ինչպես ասվում է տարածված հաղորդագրության մեջ, երկու երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպումներին շարունակել են աշխատել 2013-ի նոյեմբերին Վիեննայում նախագահներ Սարգսյանի ու ԱԼիևի հանդիպմանը բարձրացված հարցերի վրա։ Արտաքին գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել լուծել բարձրացված հարցերն ու շարունակել բանակցային գործընթացը։

Միջնորդները նաև կարևորել են գործակցության ու բարձրագույն մակարդակով բանակցությունների շարունակականությունը։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստվում են ապրիլին նորից տարածաշրջան այցելել։

Ավելի ուշ Twitter-ի իր էջում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիզը բարձր է գնահատել Մոսկվայում անցած բանակցությունները։

«ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան շարունակելու են աշխատել խաղաղության հասնելու ուղղությամբ»։ «Պատիվ եմ ունեցել հանդիպել ռուս դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովին (նա ԵԱՀԿ ՄԽ համանախագահն էր 1992-1996 թթ․- խմբ.), ում ջանքերը բանակցային գործընթացում դեռ երկար կհիշվեն»,- ևս մեկ գրությունում նշել է Ուորլիքը։

Մարտի 11-ին Մոսկվայում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու վերաբերյալ, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Մարտի 10-ին համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել էին Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովին։

Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրել էր, որ Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի հետ բանակցությունները հաստատում են՝ Հայաստանը ձգտում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման։

«Փնտրելու ենք տարբերակներ երկխոսությունը շարունակելու համար»,- գրել էր Ուորլիքը։ Նա ևս մեկ գրառում էր կատարել, որտեղ նշում էր, որ Ռուսաստանի հետ պատրաստվում են քննարկել ԼՂՀ հիմնախնդիրը։

«Վճռական ենք գործակցել նաև Ֆրանսիայի հետ խաղաղության ճանապարհը գտնելու ուղղությամբ»։

Արտգործնախարար Նալբանդյանի, համանախագահների ու Անջեյ Կասպրշիկի նախորդ հանդիպումը փետրվարի 22-ին էր՝ Փարիզում:

Հանդիպմանը շարունակվել էին քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու վերաբերյալ:

Նոյեմբերի 19-ին Քոբուրգ պալատում հանդիպել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը նախ սկսվել էր առանձնազրույցով, ապա նրանց էին միացել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու երկու երկրների արտգործնախարարները:

Հանդիպումից հետո համանախագահները հանդիպման արդյունքներով հաղորդագրություն էին տարածել, որտեղ ասվում էր, թե առանձնազրույցի, ապա դրան հաջորդած համանախագահների և նախարարների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահները համաձայնել էին թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանն և հանձնարարել արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել էին կրկին հանդիպել առաջիկա ամիսներին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---