Աճառյանի դպրոցից մնացել է միայն դիմացի պատը․ ՀԱՊԿ ակադեմիան է կառուցվում

Աճառյանի դպրոցից մնացել է միայն դիմացի պատը․ ՀԱՊԿ ակադեմիան է կառուցվում

PanARMENIAN.Net - Ներքևի լուսանկարում Հրաչյա Աճառյանի անվան համար 72 դպրոցի արդեն նախկին շենքն է, ավելի շուտ՝ այն, ինչ դրանից մնացել է։ Կառուցվել էր 1936-ին, ճարտարապետը Մարկ Գրիգորյանն էր։ Շենքն այժմ վերակառուցում են՝ հետագայում այստեղ ՀԱՊԿ ակադեմիան տեղակայելու համար։ Կհասցնեն արդյոք 5 ամսվա ընթացքում գրեթե նոր շենք կառուցկել, թե՝ ոչ, արդեն այլ հարց է, բայց այն մասին, որ սեպտեմբերից ակադեմիան գործարկվելու է, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտնել էր վերջերս կայացած իր ասուլիսում։

Վարդագույն տուֆից կառուցված 3-հարկանի դպրոցը Երևանի ամենահին կրթօջախներից էր։ Պատերազմի տարիներին այն որպես հոսպիտալ է ծառայել, մինչ այդ այդտեղ օդաչուների էին պատրաստում, որտեղից ուղիղ պատերազմ էին մեկնում։ Պատուհաններից մեկի քարին մինչև վերջերս էլ պահպանվել էր BBC փորագրությունը․կա այն հիմա, թե՝ ոչ, պարզ չէ։ Դպրոցը միայն 1951-ին է անվանակոչվել հայագետ, լեզվաբան Հրաչյա Աճառյանի անունով, այնուհետև բակում տեղադրվել է նրա կիսանդրին։

2013-ի օգոստոսի 29-ի իր 917-Ա որոշմամբ Կառավարությունը դպրոցը լուծարելու ու գույք հանձնելու մասին որոշում էր կայացրել՝ նպատակահարմար չհամարելով աշակերտների թվաքանակի կտրուկ նվազման պատճառով կրթօջախի գործունեությունը։ Ունենալով 1665 քմ մակերես ու 0.253 հա հողատարածք, շենքը գանահատվել էր 8.359.000 դրամ: Նույն որոշմամբ դպրոցի շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է ՀԱՊԿ ակադեմիա հիմնադրամին: Ակադեմիան հիմնադրելու մասին համապատասխան որոշումն ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ստորագրել էին 2013-ի հունվարի 29-ին։

Հիմք ընդունելով ՀԱՊԿ քարտուղարության և ՀՀ ԱԱԽ աշխատակազմի միջև 2013-ի հունիսի 27-ին կնքված ՀԱՊԿ ակադեմիա ստեղծելու մասին հուշագիրն ու ՀԱՊԿ հիմնադրամ հիմնադրելու մասին որոշումը՝ Հիմնադրամը օգոստոսի 2-ին ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվել էր Երևանի Մխիթար Հերացի 2 հասցեում։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը օգոստոսի 20-ին գրությամբ դիմել էր Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` տվյալ հասցեում գտնվող անշարժ գույքը, որն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված էր Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան համար 72 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին, Հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու խնդրանքով:

Երևանի քաղաքապետը 2013-ի օգոստոսի 24-ի իր համար 01/7-49629Հ գրությամբ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տեղեկացրել էր, որ նշված դպրոցի աշակերտների թվաքանակի կտրուկ նվազման հետևանքով դպրոցի հետագա գործունեությունը գտնում է ոչ նպատակահարմար և կազմակերպությանն ամրացված Մխիթար Հերացու փողոցի համար 2 հասցեում գտնվող անշարժ գույքը ՀԱՊԿ հիմնադրամին տրամադրելու հարցում առարկություններ չունի, ինչից հետո էլ վարչությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մշակել և շրջանառության մեջ էր դրել նշված որոշման նախագիծը:

11  18.03.14 - Հ․Աճառյանի անվան դպրոցի շենքի տեղում այժմ կառուցվում է ՀԱՊԿ ակադեմիա
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---