«Հարսնաքարի» գործը փակվեց․ Մեղավորներին ազատազրկեցին 12-ական տարով

«Հարսնաքարի» գործը փակվեց․ Մեղավորներին ազատազրկեցին 12-ական տարով

PanARMENIAN.Net - Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է 2012-ի հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծկռտուքի հետևանքով մահացած Վահե Ավետյանի գործով դատավճիռը: Ըստ դրա, գործով 6 ամբաստանյալին էլ՝ Դավիթ Ադամյանին,Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Արթուր Բաբլոյանին, Նորայր Հայրապետյանին ու Արման Խաչատրյանին դատապարտել են 12-ական տարվա ազատազրկման ու 100․000-ական դրամ տուգանքի։

Ավելի վաղ մեղադրող կողմը պահանջել էր ամբաստանյալներից յուրաքանչյուրին դատապարտել 13-ական տարվա ազատազրկման: Մեղադրյալներն իրենց վերջին խոսքում չէին զղջացել սպանության համար։ Ավելի վաղ նրանք հանդես էին եկել ինքնախոստովանականով, երբ աշնանն ԱԺ-ն վավերացրել էր նախագահի առաջարկած համաներման մասին որոշումը։

Ամբաստանյալները մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասին 6-րդ ու 14-րդ կետերի, 113-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին ու 3-րդ կետերի, ու 118-րդ հոդվածներով։ Այդպիսով, ամբաստանյլաները ծեծել էին Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Արկադի Աղաջանյանին, Գարիկ Սողոմոնյանին ու Էդգար Նիկոյանին` առաջինի առողջությանը դիտավորյալ կյանքը վտանգող ծանր վնասպատճառելով, որն անզգուշությամբ առաջացրել էր Ավետյանի մահը, Արտակ Բայադյանի ու Գարիկ Սողոմոնյանի առողջությանը միջին ծանրության վնաս հասցրել` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ պատճառել:

2013-ի սեպտեմբերի 30-ին նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին առաջարկությունը, որն ԱԺ-ն ձայների մեծամասնությամբ վավերացրել էր հոկտեմբերի 3-ին:

2012-ի հունիսի 17-ին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները (նրանցից մի քանիսը, ըստ քրգործում առկա նյութերի, Հայրապետյանի թիկնապահներն էին) դաժան ծեծել էին մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` ռազմանակ բժիշկներ Վահե Ավետյանը, Արտակ Բայադյանն ու Գարիկ Սողոմոնյան տեղափոխվել էին հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը՝ գիտակցության չգալով, մահացել էր: Մահվան դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որով 6 մարդ էր կալանավորվել, դատավարությունը սկսվել էր սեպտեմբերի 13-ին:

Ռուբեն Հայրապետյանն պատգամավոր էր ընտրվել 2012-ի խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով։ Վահե Ավետյանի մահը Հայրապետյանի դեմ ուղղված բողոքի քաղաքացիական ալիքի պատճառ էր դարձել, որի արդյունքում նա նույն թվականի սեպտեմբերի 5-ի ԱԺ արտահերթում հրաժարվել էր պատգամավորի մանդատից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---