25 մարտի 2014 - 15:39 AMT
Ուկրաինա. ԶԼՄ-ները հայտնում են Բելիի սպանության մասին, «Աջ սեկտորը» մեղադրում է Ավակովին, ՌԴ-ն ապացույցներ է պահանջում

Մարտի լույս 25-ի գիշերը ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են Ռովնոյում «Աջ սեկտոր» ազգայնական կազմակերպության անդամ Ալեքսանդր Մուզիչկոյի (Սաշա Բելի) սպանության մասին: «Ուկրաինական պրավդան» հայտնում է, որ Մուզիչկոյի սպանության մասին Facebook-ի իր էջում հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Օլես Դոնիյը: Պատգամավորը գրել է, որ մեքենան, որտեղ Մուզիչկոն էր գտնվում, երկու ավտոմեքենաներ կանգնեցրել են: «Աջ սեկտորի» անդամին, ըստ Դոնիի, ստիպել են նստել մեքենաներից մեկը, իսկ հետո դուրս են գցել շղթայակապ ձեռքերով ավտոմեքենայից և սպանել են երկու կրակոցով սրտի շրջանում:

Իր հերթին UApress-ը, հղում անելով Ռովնոյում «Աջ սեկտորի» անդամ Սերգեյ Պոնուրկոյին, հայտնում է, որ Մուզիչկոն սպանվել է գլխին երկու կրակոցից, իսկ նրա մարմինը հայտնաբերվել է քաղաքի ծայրամասում Բարմակի ավանի մոտ:

Իսկ Ռովնոյի կայքերից մեկը հայտնում է, որ Մուզիչկոն սպանվել է տեղի սրճարաններից մեկում: Ասվում է նաև, որ սրճարանի վրա հարձակվողները անհայտ ուղղությամբ են տարել վեց մարդու, այդ թվում «Աջ սեկտորի» երեք անդամների:

Ուկրաինայի իրավապահ մարմինների պաշտոնական ներկայացուցիչները դեռ չեն հաստատել Մուզիչկոյի սպանությունը, չեն էլ հերքել:

Ավելի վաղ Մուզիչկոն ինտերնետում տեսաուղերձ էր տեղադրել, որտեղ հայտարարում է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել նրա ֆիզիկական ոչնչացման կամ «առևանգման» ու Ռուսաստանին հանձնելու մասին, հետագայում ամեն ինչ ՌԴ հատուկ ծառայությունների վրա բարդելու համար, հայտնում է Lenta.ru-ն:

ՌԴ իրավապահ մարմինները կասկածում էին, որ Մուզիչկոն 1994-2000 թթ. Չեչնիայում մասնակցել է ռուս զինծառայողների խոշտանգումներին ու սպանություններին: Ռուսաստանը Մուզիչկոյի միջազգային հետախուզում էր հայտարարել, իսկ մարտի 12-ին Եսենտուկի քաղաքի դատարանը հեռակա կարգով նրան կալանավորելու թույլտվություն տվեց:

Ցանցում լայն տարածում են ստացել տեսահոլովակները, որտեղ Մուզիչկոն ինքնաձիգով է ներկայանում Ռովնոյի շրջանային խորհրդի նիստին, ծեծի է ենթարկում դատախազության աշխատակիցներին և սպառնում է ՆԳՆ ղեկավարին, որը փորձում է նրան կանգնեցնել: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը փետրվարի վերջում հայտնեց, որ իրավապահ մարմինները վարույթ են սկսել այդ միջադեպի վերաբերյալ:

Մինչդեռ «Աջ սեկտորը» մեղադրում է Մուզիչկոյի սպանությունը կազմակերպելու մեջ Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովին, հայտարարել է Ուկրաինայի ազգայիյն ասամբլեա-Ուկրաինայի ժողովրդական ինքնապաշտպանություն՝ ՈւԱԱ-ՈւԺԻ նախագահ Յարոսլավ Գրանիտնին: Ըստ նրա, հենց Արսեն Ավակովն է կազմակերպել այս սպանությունը:

Ըստ Գրանիտնու, այժմ սպանվածի դին զննում են իրավապահ մարմիններն ու հարազատները: Կրծքի շրջանում երկու հրազենային վերք կա: Գրպաններում հայտնաբերել են փող, բջջային հեռախոսներ: Մուզիչկոյի դին կտեղափոխեն դիահերձարան, գրում է «Աշխարհը և քաղաքականությունը»:

Ավելի վաղ Մուզիչկոն հրապարակել էր պաշտոնական դիմումը Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը, որտեղ նա մեղադրում է ուժայիններին նրան ոչնչացնելու կամ ՌԴ հատուկ ծառայություններին հանձնելու մտադրության մեջ: Իր հերթին ՆԳՆ ղեկավարի պաշտոնակատար Արսեն Ավակովը բազմիցս է խոստացել անձամբ «արձագանքել» անկառավարելի գրոհայինի արարքներին Ռովնոյում:

Ալեքսանդր Մուզիչկոն, նույն ինքը Սաշա Բելին կհանվի միջազգային հետախուզության ցուցակներից, եթե պաշտոնապես հաստատվի նրա մահվան փաստը:

«Հետախուզություն հայտարարելու կամ հետախուզությունից հանելու մասին որոշումը կայացնում է օպերատիվ ստորաբաժանումը, որն էլ իրականացնում է որոնումը: Հետախուզությունից անձը կարող է հանվել, եթե հաստատվում է նրա մահվան փաստը », հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ իրավապահ մարմիններում աղբյուրի վրա հղումով:

Մուզիչկոյի հանդեպ հետաքննություն էր ընթանում նաև Ուկրաինայում՝ Ռովնոյի դատախազությունում միջադեպից հետո: Մինչդեռ Ուկրաինային սատարելու միջոցների ու Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծը երկուշաբթի քվեարկության է դրվել ԱՄՆ սենատում և վերջնական քվեարկության կարող է դրվել արդեն այս շաբաթվա վերջում, հայտնում են ամերիկյան հեռուստաալիքները:

ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ հակաարդյունավետ կլինի խոսել Ռուսաստանի հետ պատժամիջոցների լեզվով, իսկ ռուս քաղաքական գործիչների դեմ պատժամիջոցներն արտացոլում են իրողությունը չճանաչելու ցանկություն ու միակողմանի չհավասարակշռված մոտեցումների պարտադրումը: ԱՄՆ նախագահ Օբաման պատժամիջոցներ է սահմանել մի շարք ռուսաստանցի քաղաքական գործիչների ու գործարարների, ինչպես նաև «Ռոսիա» բանկի դեմ:

Սենատորներն քվեարկեցին 78 ձայնով մի օրինագծի օգտին, որը 1 մլրդ դոլարի երաշխիքներ է տրամադրում Ուկրաինայի պարտքերի սպասարկման համար, ինչպես նաև 150-միլիոնանոց օգնության փաթեթ է տրամադրում Ուկրաինային: Դեմ են եղել 17 սենատորներ: Օրինագիծը նաև պատժամիջոցների կիրառում է ենթադրում ՌԴ ու Ուկրաինայի այն քաղաքացիների դեմ, որոնց Սենատը պատասխանատու կհամարի կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների ու կայունության խարխլման համար Ուկրաինայում:

Օրինագիծը ենթադրում է նաև ԱՄՀ կանոնադրական կապիտալի ավելացում, ինչը կբարձրացնի նաև Ուկրաինայի քվոտան: ԱՄՀ բարեփոխման մասին հարցը քննարկվում է ԱՄՆ Կոնգրեսում արդեն տարիներ շարունակ: Ի տարբերություն սենատորների, Ներկայացուցիչների պալատի անդամները, որոնք պատժամիջոցների իրենց նախագիծն են պատրաստում, մտադիր չեն բարեփոխելու ԱՄՀ-ն Ուկրաինայում իրավիճակի փոփոխման պատրվակով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ըստ 66.ru-ի, երկուշաբթի՝ մարտի 24-ին Հաագայում տեղի ունեցավ յոթնյակի երկրների ղեկավարների հանդիպումը: Ավարտին G7 երկրները սպառնացին նաև տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ճգնաժամն Ուկրաինայում խորանա:

Իր հերթին, ըստ Times-ի, այդպիսի պատժամիջոցները կարող են անդրադառնալ այն եվրոպական երկրների վրա, որոնք սերտ առևտրային ու ներդրումային կապեր ունեն Ռուսաստանի հետ: G7-ի կոմյունիկեում նաև ասվում է Ղրիմի շուրջ հակամարտությունը խաղաղ կարգավորելու անհրաժեշտության մասին: Յոթնյակի երկրները հայտարարեցին, որ դադարեցնում են հանդիումները Ռուսաստանի հետ ութնյակի ձևաչափով: Չի կայանա նաև Սոչիում կայանալիք G-8-ի գագաթաժողովը և G7 հանդիպումը Բրյուսելում: Ռուսաստանին այդ հանդիպմանը չեն հրավիրի: Բացի այդ, ԱԳ նախարարներին խորհուրդ է տրվել չմասնակցել 2014-ի ապրիլին Մոսկվայում կայանալիք խորհրդակցությանը:

Ընդ որում յոթնյակի երկրները նշել են, որ Ռուսաստանը կկարողանա վերադառնալ ութնյակի կազմ, եթե «երկիրը փոխի քաղաքական գիծը»:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ չի կարելի Ռուսաստանի հետ խոսել պատժամիջոցների լեզվով և հույս է հայտնել, որ Արևմուտքը կկարողանա դա հասկանալ:

Մինչդեռ Ճապոնիայի կառավարությունը Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ մտադիր է սերտ կապ հաստատել յոթնյակի հետ, շարունակել երկխոսությունը ՌԴ հետ ու ձգտել առկա խնդիրների խաղաղ լուծմանը: Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել վարչապետ Յոսիհիդե Սուգան:

«Հաագայի որոշումները չեն նշանակում, թե Ռուսաստանը հավերժ հեռացվում է ութնյակից: Հակառակը, յոթնյակը դրդում է Ռուսաստանին խնդիրների լուծման դիվանագիտական ուղիներ որոնել և պատասխանատու որոշումներ կայացնել: Ճապոնիան հուսով է, որ կվերադառնա այն մթնոլորտը, երբ իմաստ ունի բանավեճ վարել ութնյակի շրջանակում»,-ասել է նա: Պատասխանելով լրացուցիչ պատժամիջոցների մասին հարցին՝ նա նշել է, որ հարցը կլուծվի յոթնյակի հետ համագործակցությամբ: «Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ մենք ոչ մի պարագայում չենք կարող հաշտվել ստատուս քվոն ուժով փոխելու հետ»,-ասել է Սուգան:

Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ դեռ մշակված չէ Ճապոնիայի ԱԳ նախարար ֆումիո Կիսիդայի Մոսկվա այցելության ժամանակացույցը, որը նախկինում ծրագրված էր 2014 թ. ապրիլին:

Ավելի վաղ Ճապոնիայի էկոնոմիկայի վերականգնման հարցերի նախարար Ակիրա Ամարին Տոկիոյում հայտարարել էր, որ Ճապոնիայի կառավարությունը կողմ է, որ Ռուսաստանը կրկին մասնակցի ութնյակի աշխատանքին՝ Ուկրաինայի շուրջ խնդիրների լուծումից հետո:

«Ռուսաստանը կարևոր դերակատար է, որը առնչվում է նաև համաշխարհային կարգի պահպանմանը: Ցանկալի կլիներ, որ նա վերսկսեր մասնակցությունը ութնյակի աշխատանքին, լուծելով միջազգային հանրության մատնանշած խնդիրները», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Իսկ Հաագայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Դեշչիցան առաջին բանակցություններն են անցկացրել Ուկրաինայում իշխանափոխությունից հետո: Դեշչիցան բողոք է հայտնել ՌԴ կողմից Ղրիմի անեկսիայի դեմ և հայտարարել է, որ Կիևը շարունակում է համարել թերակղզին Ուկրաինայի անբաժան մասը: Ռուսաստանի դիրքորոշումը Ղրիմի հարցում մնաց անփոփոխ:

Կողմերը պայմանավորվեցին թույլ չտալ իրավիճակի սրում Ուկրաինայում, ինչպես նաև արտահերթ խորհրդակցություններ անցկացնել ԱԳ և ՊՆ ղեկավարների մակարդակով: ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ Ռուսաստանը մտադիր չէ ռազմական ուժ կիրառել Ուկրաինայի արևելյան ու հարավային շրջաններում: Լավրովը նաև պնդել է, որ Ուկրաինայում պետք է սահմանադրական բարեփոխում անցկացնել ֆեդերալիզացման ու ռուսաց լեզվի կարգավիճակի հարցերում, հայտնում է Deutsche Welle-ն:

Photo: gazeta.ua