25 մարտի 2014 - 18:40 AMT
ԱՄՆ-ն ԽՍՀՄ նախկին երկրները դեռ «ստրկացված» է համարում և վստահ է՝ կարող է միջամտել դրանց ներքին գործերին

ԱՄՆ-ում դեռ գործում է «Ստրկացված ժողովրդների մասին» օրենքը, համաձայնորինախկին ԽՍՀՄ ժողովրդները ստրկացված են համարվում:P.L.86-90 օրենքն ընդունվել է ԱՄՆ-ում 1959-ի հուլիսի 17-ին: Այն նաև անվանում են «Օրենք Ռուսաստանի մասնատման մասին»: Փաստաթղթից բխում է, որ կոմունիստական Ռուսաստանի քաղաքականության արդյունքում նվաճվեցին և զրկվեցին ազգային անկախությունից Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Ուկրաինան, Բելառուսը, Հայաստանը, Վրաստանը. Թուրքեստանը, Ադրբեջանը, Իդել-Ուրալը, Ղազախիան և այլն:

Ինչպես գրում է Haqqin.az-ը, օրենքի տեքստում ասվում է. «Քանի որ այդ ստրկացված ժողովրդներն ի դեմս ԱՄՆ-ի տեսնում են մարդկային ազատության պաշտպանի, նրա առանջնորդությունն են որոնում իրենց ազատագրման ու անկախացման գործում, քրիստոնեական, հուդայական, մահմեդական, բուդդայական և այլ դավանանքների կրոնական ազատությունների վերականգնման գործում, ինչպես նաև անձի ազատությունների հարցում, և քանի որ ԱՄՆ ազգային անվտանգության համար կենսականորեն անհրաժեշտ է այդ նվաճված ազգերի դեպի ազատություն և անկախություն ձգտման անդրդվելի աջակցությունը, …մենք պետք է պատշաճ կերպով պաշտոնապես ակնհայտորեն ցույց տանք այդ ժողովրդներին այն պատմական փաստը, որ Միացյալ Նահանգների ժողովուրդը կիսում է ազատություն ու անկախություն ստանալու նրանց մղումը»:

ԱՄՆ յուրաքանչյուր նախագահ երդվել է կատարել այդ օրենքը:

Ըստ մի շարք հետազոտողների, այդ օրենքի իրականացման և համապատասխան քաղաքական գործողություններ կատարելու համար ծախսվել է մոտ 4 մլրդ դոլար: Չնայած, որ Խորհրդային Միությունը փլուզվեց և քաղաքական-տնտեսական հասարակարգը նախկին ԽՍՀՄ տարածքում փոխվեց, այդ օրենքը գործում է մինչ օրս և իրավական բազա է ստեղծում, որպեսզի ԱՄՆ-ն միջամտի ինչպես ԱՊՀ առանձին պետությունների, այնպես էլ ընդհանուր առմամբ ամբողջ Համագործակցության ներքին գործերին: Օրինակ կարող է ծառայել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի կողմից 2002-ի հուլիսի 21-27-ը «Ստրկացված ազգերի շաբաթ» հայտարարելն ի կատարումն վերոնշյալ օրենքի: Այդ միջոցառմանը նվիրված իր ուղերձում Ջ. Բուշը Բելառուսը դասեց այն պետությունների շարքին, որտեղ «մարդիկ զրկված են իրենց կարծիքն ազատ արտահայտելու հիմնական իրավունքներից, իսկ նրանց առօրյա կյանքը մթագնում է վախը գաղտնի ոստիկանությունից»:

Դեռ 2011-ին ֆրանսիացի լրագրողները «ԿԱՊԱ»-ից «Կանալ+»-ի և «Պլանետա Տելե-Կվեբեկ»-ի հետ համատեղ փաստագրական ֆիլմ նկարահանեցին «գունավոր հեղափոխությունների» նախապատրաստման ու իրագործման մասին Սերբիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Ղրղզստանի օրինակով, արևմտյան ՈԿԿ դերի մասին ԱՊՀ երկրներում «թավշյա հեղափոխությունների» կազմակերպման հարցում: Հեղինակները կանխատեսումներ չէին անում, թե ԱՊՀ պետություններից որը նման «գունավոր» փորձարկումների ասպարեզ կդառնա:

Ըստ նրանց, «հեղափոխության հերթում են» նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետություններն ու Չինաստանը: Մի քանի ամիս շարունակ ֆիլմի հեղինակները հետևել են այդ հեղափոխությունների առաջնորդներին, որոնց Բուշն անվանում էր հանուն ազատության մարտնչողներ: Հեղինակները նաև հայտնաբերել էին նրանց, ովքեր մնում են թավշյա հեղափոխությունների ստվերում:

ԱՄՆ-ն տոննայով փողեր է ծախսել գունավոր հեղափոխությունների վրա, պնդում էին լրագրողները: Մասնավորապես, Ուկրաինայում ու Ղրղզստանում ԱՄՆ-ն ծախսել է շուրջ 110 մլն դոլար:

Վավերագիրներն եկան այն եզրակացության, որ «գունավոր» հեղաշրջումների՝ Սերբիայի թավշյա հեղափոխության, Վրաստանի վարդերի հեղափոխության, Ուկրաինայում նարնջագույն հեղափոխության և Ղրղզստանում կակաչների հեղափոխության ետևում ԱՄՆ է կանգնած, որը վստահ է, որ հարկավոր ռեժիմն իշխանության բերելու համար պատերազմը պարտադիր չէ:

Ըստ ֆիլմի հեղինակների, սկզբում այդ մեթոդը փորձարկվեց Սերբիայում: «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն» գրքի հեղինակ, ամերիկացի Ջին Շարփը հայտարարեց, որ նրանք, ով 2000 թվականին Սերբիայում փորձում էին տապալել Միլոշևիչին, հետևել են իր խորհուրդներին: Միլոշևիչի պաշտոնանկությունից հետո հենց սերբերը դարձան այդ մեթոդների տարածողը և օգնեցին վրացիներին տապալել Շևարդնաձեին: Նրանք աջակցեցին նաև Ուկրաինայում նարնջագույն հեղափոխության նախապատրաստմանը:

Ըստ վավերագիրների, Միլոշևիչի ռեժիմի տապալումը 2000 թվականին, Շևարդնաձեի տապալումը 2003-ին, Յուշչենկոյի իշխանության գալը Ուկրաինայում 2004 թ. դեկտեմբերին, ինչպես նաև ղրղզական կակաչների հեղափոխության հաղթանակը մի շղթայի օղակներ են: «Եվ ամեն անգամ օգտագործվել է նույն սցենարը՝ կեղծված ընտրություններ, ջղաձիգ դիմադրող իշխանություններ, որոնք, ի վերջո, զիջում են բողոքողներին»,-նշում են հեղինակները:

Նրանք վստահ են, որ «գունավոր» հեղափությունների տեխնոլոգիան տարբեր հիմնադրամների քողարկման տակ մշակվում ու ֆինանսավորվում են ԱՄՆ կողմից: Սակայն, եթե նախկինում տարբեր երկրներում քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների օղակների ստեղծմամբ գաղտնի զբաղվում էր ԿՀՎ-ն, ապա այժմ այդ տեսակի գործունեությունն ԱՄՆ-ում հրապարակային է դարձել: Հենց դրանով են զբաղվում ամերիկյան կազմակերպությունները, այդ թվում նաև Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամը, որը մասնակցել է վրացական հեղափոխությանը, «Freedom House» ասոցիացիան, որը Ղրղզստատնում հեղափոխությունից առաջ 6 ընդդիմադիր թերթ է հրատարակել և նպաստել է Ասկար Ակաևի տապալմանը, ինչպես նաև Միջազգային հանրապետական ինստիտուտը, որը զբաղվում է ժողովրդավարության տարածմամբ աշխարհում, հայտնում է mirpolitiki.net կայքը: