25 մարտի 2014 - 19:01 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Gallup. Երևանցիների 88,7%-ը դեմ է պարտադիր կուտակայինին, 60%-ը՝ տեղեկացված էլ չէ

Փետրվարի 13-ից՝ 28-ը Երևանում 1066 մարդկանց շրջանում պարտադիր կուտակայինի վերաբերյալ «Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա» (Gallup International Association) միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը հարցում է անցկացրել։ Ըստ արդյունքների, հարցման մասնակիցների 93%-ը լսել է համակարգի մասին, 7%-ը՝ ոչ։ Հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցի խոսքով, երբ փորձել են հասկանալ, թե որքանով է բնակչությունը տեղեկացված ներդրված համակարգի մասին, մտահոգիչ ցուցանիշ է արձանագրվել։ Հարցվածների մոտ 60%–ը նշել է, որ տեղեկացված չեն կամ քիչ են տեղեկացված։

Չնայած դրան, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ արտահայտվել է հարցվածների 88,7%–ը։ Ի դեպ, նրանցից 34,3%-ը դեմ է, քանի որ կարծում են, որ կուտակած գումարները հետ ստանալու երաշխիք չկա․ 32,9%-ը չի վստահում Կառավարությանը, 27,3%-ը կարծում է, որ աշխատավարձից 5%-ի պահումը բավական մեծ գումար է, 18,8%-ը չի վստահում ֆոնդերին, 18%-ը՝ կուտակային կենսաթոշակային համակարգին, 18,4%-ը դեմ է համակարգի պարտադիր լինելուն, իսկ 5,5%-ը դեմ է, որովհետև կուտակված գումարներն ուղարկվելու են արտերկիր, գրում է Tert.am-ը։

Գայանե Դաջունցը նաև նշել է, որ օրենքին կողմ արտահայտվողների 46,2%-ը նշել են, որ կողմն են համակարգին, որովհետև պետությունն իր ներդրումն է ունենալու իր քաղաքացիների բարեկեցիկ ապագայի գործում, 44,6%-ը՝ նշել է, որ հետագայում այս օրենքի շնորհիվ իրենք բարձր թոշակներ կստան, իսկ 21,2%-ի կարծիքով համակարգը զարգացած երկրներում ընդունված համակարգ է, գրում է Panorama.am-ը:

Հայաստանյան գրասենյակի ղեկավար Արամ Նավասարդյանն ասել է, թե հարցումն անցկացվել է առանց պատվիրատուի։

«Այս ցուցանիշներն ապացուցում են, որ հասարակությունը պատշաճ կերպով և բավարար չափով տեղեկացված չէ կիրառվող համակարգի մասին»,- ընդգծել է նա։

Ըստ Նավասարդյանի, հակառակ իրենց սպասումների, որ մինչև 40 տարեկանների շրջանում պետք է ավելի քիչ դեմ արտահայտվեն օրենքին, քանի որ այն նրանց չի վերաբերում, պատկերը բոլորովին այլ է եղել. 40 տարեկանից բարձր տարիքային խմբում դեմ արտահայտվողներն ավելի շատ էին։

Իմիջիայլոց, ըստ հետազոտության արդյունքների, հարցվածների 85%-ը չի մասնակցում «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կազմակերպած ակցիաներին։

Այսօր՝ մարտի 25-ին, խորհրդարանում կուտակային կենսաթոշակային համակարգի թերություններին ու խնդիրներին է անդրադարձել նաև ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Պատասխանելով համակարգի ներդրման մեջ կառավարությանն ուղղված մեղադրանքների համար պատասխանատվության մասին հարցին նախարարը նշել է, կառավարությունն իր առջև դրված խնդիրները լիարժեք կարողանում է լուծել, բայց միևնույն ժամանակ ընդունում է՝ ոչ միայն նա, այլև Կառավարությունը, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը դեռևս չի հաջողվել գտնել։

Հարցին, թե արդյոք հասարակությունն այսօր պատրաստ էր նման օրենքի, նախարարը պատասխանել է․ «Եթե մեր հասարակությունը լիարժեք պատրաստ լիներ, չէինք ունենա այն, ինչ ունենք, և օրենքը Սահմանադրական դատարանում չէր վիճարկվի, բայց նաև պետք է ձգտենք իրականացնել ամեն ինչ, որպեսզի կարողանանք մարդկանց հասցնել, թե ինչ ենք ուզում անել, եւ ինչքանով է այն, ինչ ուզում ենք անել, ճիշտ»։

Դավիթ Սարգսյանի վստահեցմամբ, այս օրենքի մշակման ուղղությամբ վերջին երեք տարիներին ծախսվել են այնքան ռեսուրսներ, որքան չի ծախսվել որևէ այլ օրենքի վրա, փոխանցում է «ԳԱԼԱ»-ն։ Իսկ թե ինչու նման իրավիճակ ստեղծվեց, որպես պատճառ նախարարը նշել է․ «Որովհետև այն արդեն չի գտնվում մասնագիտական քննարկումների դաշտում, հարցը տեղափոխվել է քաղաքական դաշտ»։

Նախօրեին ԱԺ-ում անդրադառնալով պարտադիր կուտակայինին, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ օրենքում փոփոխություններ կլինեն, քանի որ գտնում են, որ օրենքում թերություններ կան:

«Բայց դա չի լինի ճնշման, այլ՝ քննարկումների ներքո: Եթե հասկանանք, որ օրենքի մեջ ինչ-որ տեղ բացթողումներ կան, անպայման կշտկենք»,- ասել էր խորհրդարանի նախագահը՝ հավելելով, որ այդ փոփոխությունները ճնշումների հետ կապ չունեն:

Հարցին, թե պատրաստ են օրենքից հանել պարտադիր բաղադրիչը, Աբրահամյանն արձագանքել էր․ «Պատրաստ ենք քննարկել»:

Իր հերթին մեկնաբանելով ԱԺ նախագահի խոսքերը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել էր, թե Հովիկ Աբրահամյանը նկատի է ունեցել այն, որ այստեղ էլ, ինչպես և ցանկացած այլ օրենքում, անհարթություններ կան:

Հարցին, թե իր մատնշած «անհարթությունները» կարո՞ղ են հանգեցնել նրան, որ օրենքից հանվի «պարտադիր» բառը, Սահակյանն ասել էր. «Ո´չ: Մեզ մոտ նման խնդիր դեռ չի քննարկվել, բայց ես դրան կողմ չեմ լինի, որովհետև եթե պարտադիր բաղադրիչն օրենքիցհանեն, ապա այն կկորցնի իր նշանակությունը»։

ՖՈՏՈՇԱՐՔ