Սարգսյանն ու Ալիևը Հաագայում զրուցել են, սովորության համաձայն Twitter-ում գրել է Ուորլիքը

Սարգսյանն ու Ալիևը Հաագայում զրուցել են, սովորության համաձայն Twitter-ում գրել է Ուորլիքը

PanARMENIAN.Net - Հաագայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները զրուցել են Հաագայում: Արդյո՞ք նրանք իրականում որոնում են ղարաբաղյան կարգավորման ուղիներ»,- գրել է նա:

Հաագայում կայացել է Միջուկային անվտանգության երրորդ գագաթնաժողովը, որին մասնակցել է մոտ 5000 պատվիրակ, այդ թվում նաև աշխարհի 58 երկրի առաջնորդներ:

Ավելի վաղ Ուորլիքը նույնպես միկրոբլոգում հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին: «Մենք հանդիպեցինք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նախագահների մակարդակով հանդիպում անցկացնելու վերաբերյալ ղարաբաղյան կարգավորման շուրջ: Ժամկետները կհստակեցվեն»,- գրել էր նա:

Մարտի 23-ին, աշխատանքային այցով Հաագայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Իգոր Պոպովի, ԱՄՆ ներկայացնող Ջեյմս Ուորլիքի, ֆրանսիացի Ժակ Ֆորի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել է իրավիճակը ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում և հետագա քայլերը:

Իսկ դրանից առաջ Ուորլիքը գրել էր, որ Նիդերլանդներում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ: «Դրական հանդիպում ունեցանք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Աշխատում ենք միասին, հաստատուն խաղաղությունը հնարավոր է»:

Նա ևս մեկ գրառում էր կատարել Twitter-ում. «Ինձ այսօր ուղղեցին՝ դա հակամարտություն է Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև: Մենք խաղաղ գոյակցություն ենք ցանկանում ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի համար»:

Համանախագահները փետրվարի 22-ից մարտի 11-ը մի շարք հանդիպումներ էին ունեցել Փարիզում ու Մոսկվայում, այդ թվում ՌԴ պաշտոնատար անձանց հետ: Ըստ դրանց տարածած հաղորդագրության, համանախագահները երկու երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպումներում շարունակել են աշխատանքը 2013-ի նոյեմբերին տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ: Նախարարները հաստատել են պատրաստակամությունը լուծելու գոյություն ունեցող հարցերն ու գործընթացն առաջ մղելու:

Միջնորդները նաև նշել էին, որ հարկավոր է շարունակել համագործակցությունն ու խաղաղ բանակցությունները բարձր մակարդակով: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են կրկին այցելել տարածաշրջան ապրիլին:

Ավելի ուշ Twitter-ի իր միկրոբլոգում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը բարձր էր գնահատել Մոսկվայում կայացած բանակցությունները: «ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան կրկին միասին կաշխատեն խաղաղության հասնելու համար»,- գրել էր նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---