27 մարտի 2014 - 17:21 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ասադն ու ԱԺ պատգամավորները հանդիպել են․ Մանրամասները կներկայացվեն Երևանում

Դամասկոսում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորական պատվիրակությունն այսօր՝ մարտի 27-ին, Քեսաբի ու քեսաբահայության հարցով հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Պատվիրակության հանրապետական անդամ Սամվել Ֆարմանյանի խոսքով, հանդիպմանը քննարկել են ստեղծված իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել սիրիահայության շուրջ ստեղծված իրավիճակին:

«Երևան վերադառնալուց հետո մեր փաստահավաք առաքելության արդյունքները, տպավորությունները և մեր հայրենակիցներից ստացված առաջարկությունները ավելի մանրամասն կներկայացնենք հանրապետության նախագահին, վարչապետին ու Ազգային ժողովին»,- տեղեկացրել է պատգամավորը,գրում է Tert.am-ը։

Արդեն մի քանի օր է Քեսաբում ողբերգական իրադարձություններ են ծավալվում: Թուրքական կողմը, խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծել է հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ բացել ապստամբների համար, որպեսզի նրանք գրավեն հայաբնակ շրջանը: Քեսաբը Սիրիայի ու Թուրքիայի սահմանին է, այնտեղ հազարավոր հայեր են ապրում, կան հայաբնակ բնակավայրեր, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ ու հիվանդանոցներ: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 500 հայ ընտանիք Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում։

ՀՀ ԱԺ պատգամավորները խաղաղության և կայունության հաստատման հարցում իրենց զորակցությունն են հայտնել Սիրիայի կառավարությանը, որպեսզի ապահովվի գաղթականների վերադարձը Քեսաբից և այլ շրջաններից դեպի իրենց տներ։ Նրանք վստահություն են հայտնել, որ Սիրիան առաջվա պես օրինակ կհանդիսանա տարբեր մշակույթների համակեցության համար։

Խորհրդարանական պատվիրակության կազմում են հանրապետականներ Սամվել ֆարմանյանը, Լևոն Մարտիրոսյանը, Արման Սահակյանն ու Նաիրա Կարապետյանը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն ու անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Պատգամավորները պիտի տեղում ծանոթանան իրավիճակին, իսկ վերադառնալուն պես այն կներկայացնեն խորհրդարանին:

Քեսաբահայերի խնդրին են անդրադարձել նաև Հայաստանի կառավարությունում։ Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է` հավելելով, որ գործադիրը նույնպես քայլեր է ձեռնարկում սիրիահայերի հոգսերը թեթևացնելու համար: Կառավարության ղեկավարը նաև հերքել է մամուլում տարածված այն հրապարակումները, թե կառավարության ուշադրությունը կենտրոնացած չէ սիրիահայերի խնդիրների վրա: «Ցանկանում եմ մեր քաղաքացիներին հավաստիացնել, որ դա ամենևին այդպես չէ, հարցը մեր մշտական ուշադրության կենտրոնում է»,- նշել է կառավարության ղեկավարը:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վարչապետի հարցին ի պատասխան ասել է, որ Ազգային ժողովի պատգամավորներն այսօր Դամակոսում մի շարք հանդիպումներ ունեն, այդ թվում՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, իսկ շաբաթ օրն արդեն կվերադառնան Երևան:

Ավելի ուշ Էդվարդ Նալբանդյանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ հանդիպմանը վերջիններիս ուշադրությունը հրավիրել է Քեսաբի հայաբնակ շրջանի վրա հարձակումների հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի վրա և ընդգծել, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա մարդու իրավունքների նման կոպտագույն խախտումների նկատմամբ։

Իսկ մինչև այդ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, թե Սիրիայի ժողովրդական ժողովի նախագահ պարոն Ջիհադ ալ Լահամին հաստատել է տեղեկությունները, որ երկիր ներթափանցած վարձկան զինյալների շարքերում նաև ադրբեջանցիներ կան։ Սիրիական «Սուրիյա» հեռուստաընկերությանը հարցազրույցում Ֆարմանյանը նաև խոստովանել է, որ եթե ինչ-որ մեկը ներկա գտնվի այստեղ, ապա տեղի տեսարանները որպես իսկական ողբերգություն կբնութագրի, որը հարիր չէ 21-րդ դարին։

«Միջազգային հանրությունը պիտի իր ձայնը բարձրացնի ու դատապարտի այն, ինչ կատարվեց քեսաբահայության հետ։ ՄԱԿ-ում ու միջազգային ատյաններում բարձրաձայնելու այս խնդիրը։ Որպես Հայաստանի Հանրապետություն ու աշխարհով մեկ սփռված հայություն անելու ենք հնարավորը՝ նրանց ոչ միայն մեր ջերմություն փոխանցելու համար, այլև հնարավոր բոլոր միջոցներով կանգնելու ենք մեր հայրենակիցների կողքին»,- նշել է պատգամավորը։

Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, ինչպես և նախօրեին, բայց այսօր արդեն ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ, կրկին երիտասարդներ են հավաքվել։ Պահանջը նույնն էր, ինչը և երեկ՝ որ միջազգային հանրությունը համապատասխան գնահատական տա և ստիպի Թուրքիային զերծ մնալ պատերազմի հրահրումից ու հակահայկական գործողություններից։

«ՄԱԿ-ը պարտավոր է ստեղծել պայմաններ, որ քեսաբահայությունը վերադառնա իր բնակավայր»,- հայտարարել է ակցիայի կազմակերպիչներից Գերասիմ Վարդանյանը։

Այսօրվա ցույցին մասնակցել են նաև մի քանի տասնյակ քեսաբահայեր։Այս ակցիայի ընթացքում ևս ցուցարարները նամակ են հանձնեցին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներին, կազմակերպությունից նրանց պատասխանեցին, թե նամակում արծարծված անհանգստությունները կփոխանցվեն նաև ՄԱԿ-ի ղեկավարությանը, գրում է «Ա1+»-ը։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն խոսելով Քեսաբի դեպքերի մասին նշել է, որ պատահածին հետևելով՝ տեսնում ենք նույն «արյունարբու թշնամուն»:

«Երրորդ անգամն է՝ ցեղասպան թուրքը գաղթական են դարձնում Քեսաբի մեր ժողովրդի զավակներին: Այս իրավիճակի մասին մեր ժողովուրդը չի կարող լռել: Քեսաբահայությունը պետք է շուտով վերադառնա Քեսաբ և տեր կանգնի իր տներին, գործատեղիներին, ազգային կառույցներին»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը:

Սիրիայում և Մերձավոր Արևելքում հայ համայնքի վրա հարձակումները դատապարտել է նաև Ամերիկայի հայկական համագումարը` մտահոգություն հայտնելով ծայրահեղականների` Սիրիայի սահմանը Թուրքիայից հատելու և Քեսաբի վրա հարձակվելու կապակցությամբ: Մարտի 24-ին Բարաք Օբամային ուղղված նամակում Համագումարը կոչ է անում Միացյալ Նահանգների վարչակազմին պաշտպանել քրիստոնյա հայերին ոչ միայն Քեսաբում, այլև ամբողջ Սիրիայում և Մերձավոր Արևելքում, տեղեկացնում են լրատվական ծառայությունից: Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Կոչ ենք անում նախագահ Օբամային ձեռնարկել անհրաժեշտ քայլեր ոչ միայն Քեսաբի քրիստոնյա հայ համայնքը պաշտպանելու, այլև բոլոր փոքրամասնությունների համայնքներին ՄԱԿ-ի հետ համատեղ պաշտպանելու ուղղությամբ: Կոչ ենք անում նախագահ Օբամային հրապարակավ հայտարարել, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի ՆԱՏՕ-ում իր դաշնակցի` ծայրահեղական խմբերին աջակցելու քաղաքականությունը»: Համագումարը շարունակում և շարունակելու է անմիջականորեն դիմել Կոնգրեսի անդամներին և Օբամայի վարչակազմին` կոչ անելով, որ Քեսաբում քրիստոնյա հայ համայնքը լինի պաշտպանված, ինչպես նաև Միացյալ Նահանգների վարչակազմին կրկնապատկել իր համընդհանուր մարդասիրական ջանքերը Սիրիայի քրիստոնյաների և կրոնական փոքրամասնության ներկայացուցիչ այլ փախստականների և տեղահանվածների նկատմամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 24-ին Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում մամուլի համար հայտարարություն էր արել։ Նախագահն իր մտահոգությունն էր հայտնել վերջին իրադարձությունների կապակցությամբ` հիշelwv Քեսաբի պատմությունը, «որը վերջին հարյուրամյակի ընթացքում հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով»:

Երկրի ղեկավարը հանձնարարել է ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին։

ՖՈՏՈՇԱՐՔ