ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Թուրքիայի քրիստոնյաների գույքը վերադարձնելու մասին օրինագիծը

ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Թուրքիայի քրիստոնյաների գույքը վերադարձնելու մասին օրինագիծը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը սատարում է կոնգրեսական Էլիոթ Էնգելի թիվ №HR4347 օրինագծին, որը պահանջում է Օբամայի վարչակազմից ամենամյա զեկույցներ ներկայացնել Թուրքիայում յուրացված քրիստոնեական եկեղեցիների ու քրիստոնյաների գույքի կարգավիճակի մասին: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), ԱՄՆ հայ համայնքը սատարում է օրինագծին:

«Ամերիկահայերը՝ աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովրդի որդիներն ու դուստրերը, կոչ են անում միանալ Ռոյսի օրինագծին Թուրքիայում քրիստոնյա եկեղեցիների վիճակի վերաբերյալ հաշվետվությունների մասին», -հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը:

Ամերիկյան հզոր աջակցության պահանջարկը փոքրամասնությունների և դավանանքի ազատության իրավունքների պաշտպանության ոլորտում կտրուկ աճեց անցած շաբաթ, երբ հայտնի դարձավ Քեսաբի դեմ հարձակումներում Թուրքիայի դերի մասին: Քեսաբը Հայոց ցեղասպանության միակ և վերջին վկան է Օսմանյան կայսրության տարածքում: Օրինագծի ընդունումն ազդակ կլինի Անկարայի համար, որ նա պետք է կասեցնի իր հակաքրիստոնեական գործողություններն ու հաշտեցման գործընթաց սկսի հայերի, սիրիացիների, կիպրոսցիների, Պոնտոսի հույների և ցեղասպանությունների այլ զոհերի հետ՝ ստանձնելով բարոյական, նյութական ու իրավաբանական պարտավորություններ:

Օրինագիծը ներկայացնելուց հետո հրապարակված հայտարարության մեջ Էդ Ռոյսը շարադրել է HR4347 բանաձևի ընդունման անհրաժեշտությունը: «Օրենքը պատասխանատվության կկանչի Թուրքիային մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները չկատարելու համար: Օրինագիծը նաև վեր կհանի եկեղեցական գույքն օրինական տերերին վերադարձնելու հարցում թուրք ղեկավարների չկատարված խոստումները: Տասնամյակներ շարունակ քրիստոնեական եկեղեցիները դաժանորեն քանդվել են, կամ ապօրինաբար առգրավվել են թուրքական իշխանությունների կողմից տարբեր պատրվակներով: Եկեղեցիները թալանվել են, վերածվել են մզկիթների, կազինոների: Նրանց անուղղելի վնաս է հասցվել: Խոցելի կրոնական փոքրամասնություններն ավելիին են արժանի, քան ուղղակի թալանված գույքի մասնակի վերադարձն է: Կարևոր է, որպեսզի ԱՄՆ-ն առաջիկայում ևս ստիպի թուրք առաջնորդներին կատարել ստանձնած պարտավորությունները և անհապաղ վերադարձնել ամբողջ եկեղեցական գույքը: Թուրքիայում կրոնական հանդուրժողականության ու դավանանքի ազատության պաշտպանության օրինագիծը դիվանագիտական առավելություն կդառնա ԱՄՆ համար», -ասել է նախագահ Ռոյսը:

Իր հերթին Էլիոթ Էնգելը համամիտ էր նախագահ Ռոյսի հայտարարության հետ՝ նշելով, որ «Թուրքիայի Հանրապետությունը պետք է վերադարձնի ապօրինաբար ազգային համայնքներից առգրավված եկեղեցիներն ու գույքը օրինական տերերին: Թուրքիայի հայկական, սիրիական և հունական ուղղափառ համայնքները տարիներ շարունակ պայքարում են առգրավված գույքը վերադարձնելու համար: Այդ համայնքների պահանջները պետք է հարգանքի ու համալիր լուծման արժանանան: Մեր օրինագիծը կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը կատարել միջազգային պարտավորությունները, իսկ ԱՄՆ-ին հորդորում է եկեղեցիների վերադարձի հարցը դարձնել քաղաքականության գերակայություններից մեկը», -ասել է Էնգելը:

Photo: ANCA
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---