1 ապրիլի 2014 - 12:06 AMT
ԵՄ-ն խոստովանել է, որ թերագնահատել է Մոսկվայի արձագանքն Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի հարցում

Ուկրաինայում ծավալված ճգնաժամի կապակցությամբ «Վեյմարի եռանկյունու» մասնակից երկրներ Գերմանիան, Ֆրանսիան ու Լեհաստանը պնդում են, որ Եվրամիությունը նոր մոտեցում պետք է որդեգրի Եվրոպայի արևելքի հարևանների հարցում: Ըստ երեք երկրների ԱԳ նախարարների միասնական կարծիքի, Արևելյան Եվրոպայի երկրները չպետք է կանգնեն ԵՄ ու Ռուսաստանի միջև կոշտ ընտրության առջև: Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի, Լորան Ֆաբիուսի ու Ռադոսլավ Սիկորսկու մարտի 31-ի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Ուկրաինան, Մոլդովան, Բելառուսն ու Ադրբեջանը պետք է հնարավորություն ունենան սերտորեն գործակցելու ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան գործընկերների հետ, հայտնում է DPA գործակալությունը:

«Վեյմարի եռանկյունու» մասնակից երկրները խոստովանել են, որ թերագնահատել են Մոսկվայի արձագանքը Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Բացի այդ, ԱԳ նախարարները կոչ են արել ԵՄ-ին գործի դնել բոլոր լծակները, մեղմելու համար ուկրաինական ճգնաժամը:

ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների ղեկավարների այսօր՝ ապրիլի 1-ին, տեղի ունեցած հանդիպմանը Գերմանիան, Ֆրանսիան ու Լեհաստանը հայտարարել են, որ մտադիր են բազմակողմանի մոտեցում ցուցաբերել Ուկրաինայում ճգնաժամի հաղթահարման հարցում: Նրանք հանդես են գալիս դաշնակիցների հետ համերաշխության, գործընկերների հետ գործակցության ամրապնդման ու Ռուսաստանի հարցում սեփական գործողությունների վերաիմաստավորման օգտին:

Մինչդեռ, այն հարցին, թե կարելի է արդյոք համեմատել Ղրիմի գրավումը Ռուսաստանի կողմից հիտլերյան Գերմանիայի գործողությունների հետ, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը բացասաբար է պատասխանել: «Ղրիմի անեքսիան ես որպես առանձին դեպք եմ դիտարկում», -հայտարարել է նա Բեռլինում: Սակայն, ըստ նրա, խոսքը գնում է միջազգային իրավունքի խախտման մասին:

Բազմաթիվ գերմանացի քաղաքական գործիչներ քննադատել են ԳԴՀ ֆինանսների նախարարի մարտի 31-ի հայտարարությունը Բեռլինում աշակերտների հետ հանդիպմանը: Խոսելով Ռուսաստանի կողմից Ղրիմի գրավման մասին՝ Վոլֆգանգ Շոյբլեն հայտարարել է. «Ժամանակին նման միջոցներ էր կիրառում Հիտլերը Սուդետներում»:

ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարները հավաքվում են Բրյուսելում երկօրյա հանդիպման, որի ընթացքում կքննարկվեն Ուկրաինային օգնության ցուցաբերման հարցերը:

Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի, խոսքը գնում է գործընկերության ընդլայնման, քաղաքական երկխոսության ակտիվացման և բարեփոխումներին աջակցելու մասին, այդ թվում նաև երկրի զինված ուժերում: Հայտնի է, որ նախարարները մտադիր են հանդիպել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Դեշչիցայի հետ, քննարկելու համար Ուկրաինայի ԶՈւ բարեփոխման ծրագիրը: Ակնկալվում է, որ հանդիպմանը խոսք կգնա նաև Ռուսաստանի հետ դաշինքի գործակցության դադարեցման մասին:

ՆԱՏՕ-ն մտադիր է սատարել դաշնակիցներին Արևելյան Եվրոպայում: Մասնավորապես, չի բացառվում, որ Բալթիայի երկրներում հայտնվեն դաշինքի մշտական ռազմակայանները: Նախատեսվում է, որ ավելի ուշ այս տարի տեղի կունենան ավիացիայի զորավարժանքներ Լատվիայի, Լիտվայի ու Էստոնիայի զինվորականների մասնակցությամբ: Այժմ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները պարեկում են Բալթիայի երկրների օդային տարածքն ուժեղացված կարգով: Եթե մինչ այժմ Բալթիայի օդային տարածքը պարեկում էր չորս F-15 կործանիչ, որոնք տեղակայված են Էստոնիայի Զոկնյայ ավիաբազայում, ապա մարտի սկզբից ԱՄՆ այնտեղ վեց լրացուցիչ ինքնաթիռ ուղարկեց: Օրերս Դանիան առաջարկեց Բալթիա ուղարկել ևս վեց կործանիչ: Նմանատիպ առաջարկներ են արել նաև Բրիտանիան ու Ֆրանսիան, հայտնում է ВВС-ին:

Մինչդեռ ՌԴ նախագահ Պուտինը կարգադրել է մասնակիորեն հեռացնել ռուսական զորքերը Ուկրաինայի հետ սահմանից, հայտնել է Գերմանիայի կառավարությունը: Դա հայտնի է դարձել Պուտինի և Գերմանիայի կանցլեր Մերկելի հեռախոսազրույցի ընթացքում:

Photo: DPA