Տարեսկզբից ադրբեջանական բանակում 12 զինծառայող է ինքնասպան եղել կամ մահացել «հիվանդություններից» ու «ՃՏՊ»-ներից 1 ապրիլի 2014 - 14:22 AMT PanARMENIAN.Net - 2014 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանի պաշտպանության ու անվտանգության ուժերի կորուստները հասել են 17-ի, հայտնում էադրբեջանական «Դոկտրին» լրագրողական ռազմական հետազոտությունների կենտրոնը: Ինչպես հայտնում է կենտրոնը, 5 մարդ զոհվել է մարտական պայմաններում, 12-ը՝ ոչ մարտական: Ընդ որում 6 զինծառայող ինքնասպան է եղել, 3-ը մահացել են վթարների հետևանքով, ևս 3-ը՝ հիվանդություններից: Էլի 25 մարդ այդ ընթացքում վիրավորվել է կամ վնասվածքներ է ստացել: Նրանցից երկուսը վիրավորվել են մարտական պայմաններում, ևս երկուսը ՝ ականների պայթյունից: Մյուսները վիրավորվել են ոչ մարտական պայմաններում, հայտնում է Contact.az-ը: Այլ տվյալներով, տարեսկզբից ադրբեջանական բանակում «անզգուշության» պատճառով սեփական անձի ուղղությամբ կրակոցների թիվը գերազանցել է 20-ը: Եվս 10 զինվոր ինքնասպան է եղել: Զինվորներն օգտվում են իրենց ամրակցված զենքից, պարաններից և նույնիսկ մկնդեղից: Ինքնասպանության փորձերը, հիմնականում հաջողված, կամ զոհերի հանգեցնող ոչ կանոնադրական հարաբերությունները ադրբեջանական բանակում մշտական բնույթ են կրում: Մարտի 29-ին N զորամասի զինվոր Ռախիդ Սատար օղլու Ասկերովը վիրավորել է իրեն ամրակցված զենքից: Նա տեղափոխվել է հոսպիտալ: Փաստը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Նշենք, որ Ռախիդ Սատար օղլու Ասկերովը զորակոչվել է Շամկիրի շրջանից: Հարուցվել է քրեական գործ, զինդատախազությունը քննություն է վարում: Մարտի 24-ին ինքնաձիգից ինքնասպան է եղել ադրբեջանական բանակի 20-ամյա շարքային Էյբաթօղլու Մահսուդ օղլու Ազիզովը: Նա զորակոչվել էր Ադրբեջանի Խաչմազի շրջանից: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է փաստը: Միջադեպի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, հետաքննությունը վարում է ռազմական դատախազությունը: Մարտի 22-ին ինքնասպան եղավ Զակատալայում տեղակայված զորամասերից մեկի զինծառայողը՝ 1992 թվականի ծնված Քերիմով Ալիսահիբ Ալիբակատ օղլուն: Զակատալայի շրջանի կենտրոնական հիվանդանոցում բժշկական փորձաքննության արդյունքում հաջողվել է պարզել, որ մահվան պատճառ է դարձել մկնդեղը, որն ընդունել էր Ա. Քերիմովը: Նույն օրը Բաքվում նախկին զինծառայող Ալի Մուհամմեդօղլու Ահմեդովը (1972 թվականի ծնված) վնասել էր իրեն: Միջադեպը տեղի էր ունեցել Ադրբեջանի ՊՆ շենքի առջև, որտեղ նախկին զինծառայողը, կանգնելով ՊՆ շենքի դիմաց, կտրել է ձախ ձեռքի երակները: Ահմեդովը ցանկանում էր ընդունելության հասնել ՊՆ-ում ոտքի ուռուցքի պատճառով: Նրան ոչ ոք չընդունեց, նա էլ կտրեց երակները: Զանգվածային ինքնասպանություններն Ադրբեջանում, այդ թվում բանակում, վերջին շրջանում չափազանց մտահոգում են ադրբեջանցի փորձագետներին: Ըստ նրանց, ինքնասպանությունների 80 տոկոսն Ադրբեջանում պայմանավորված է սոցիալական խնդիրներով, աղքատությամբ, հուսալքությամբ: Ըստ պաշտոնական վիճակագրության, 2008 թ. 138 ինքնասպանություն է գրանցվել, 2009-ին՝ 165, 2010-ին՝ 289, 2011-ին՝ 414, 2012-ին՝ 482: 2013 թ. եղել է ինքնասպանության 920 փորձ, սակայն մահացածների մասին հստակ տեղեկություն չկա, թեև մոտավորապես նրանց թիվը հասնում է 500-ի: Ինքնասպանությունները չեն շրջանցում նաև ադրբեջանական բանակը: 2011 թ. բանակում 12 ինքնասպանություն է եղել, 2012-ին՝ 19, 2013-ին՝ 16, 2014 թ. հունվարին՝ 4: «Դա բավական է, որպեսզի հասարակությունը ահազանգի: Կառավարությունը պետք է արթնանա և ինչ-որ բան անի, հակառակ դեպքում ինչ խոսք կարող է լինել մարդու իրավունքների մասին»,- ասել է Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլին: Ադրբեջանցի հոգեբան Ազադ Իսազադեն նշել է, որ որպես կանոն, ինքնասպանության 10 փորձից 1-2-ն ավարտվում են մահով: «Եթե 36 մարդ է մահացել, նշանակում է՝ եղել է 350-400 փորձ: Ինքնասպանությունները երկու դրդապատճառներ են ունենում՝ «չեմ կարող ապրել», «էլ չեմ դիմանում»: Ադրբեջանում ռիսկի խմբում են հայտնվել նույնիսկ երեխաները: Օրերս երրորդ դասարանի աշակերտն ինքնասպան էր եղել, քանի որ հոգնել էր խնամել տատիկին»,- ասել է Իսազադեն: Ըստ նրա, ինքնասպան եղողների միայն 10-15 տոկոսն է հոգեպես աննորմալ: Ինքնասպանություններ են կատարում նրանք, ովքեր ունեն սոցիալական խնդիրներ, առաջին հերթին կանայք: Խնդիրների պատասխաններ չգտնելով, մարդիկ սկսել են ցուցադրաբար ինքնահրկիզվել, քանի որ հանրությունն անտարբեր է այլոց խնդիրների հանդեպ, ասել է Իսազադեն: Ադրբեջանցի փորձագետները նշում են, որ իշխանությունները թաքցնում են ինքնասպանությունների փաստերը, ավելի հաճախ բանակում ու բանտերում: 90 տոկոսի դեպքում հետաքննություն չի անցկացվում: «Ընտանիքում և բանակում հաճախ ինքնասպանությունները տեղի են ունենում սեռական շահագործման հողի վրա, սակայն դա թաքցվում է: Ամեն դեպքում պետք է քրեական գործ հարուցվի», -ասել է «Իսլամ, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ» ադրբեջանական ՈԿԿ ղեկավար Այտեկին Իմրանովան: Ըստ փորձագետների, ամեն տարի ինքնասպանություն են կատարել 80-90 երեխաներ: Ադրբեջանում ինքնասպանությունների պատճառներից մեկը բողոքն է ժողովրդավարական ազատությունների խախտման, դատարաններում արդարության բացակայության դեմ: «Քանի որ թույլ չեն տալիս բողոքել ժողովրդավարական ճանապարհով, մարդիկ դիմում են հուսահատ ու ցուցադրական քայլերի», -ասել է իրավաբան Նամիզադ Սաֆարովը: «Կառավարության պահվածքը ղարաբաղյան պատերազմի վետերան Զաուր Հասանովի ինքնահրկիզման ժամանակ նպաստեց նման դեպքերի աճին: Մարդիկ մտածեցին, որ այդպիսով կհասնեն իրենց խնդիրների լուծմանը: ԶԼՄ-ները չպետք է ռոմանտիկ լույսի ներքո ներկայացնեն ինքնասպանությունները և ներկայացնեն որպես միակ ելք», -ասել է ադրբեջանցի փորձագետ Ուլվիա Ասազադեն: Ընդհանուր առմամբ Ադրբեջանի իշխանությունները չեն հրապարակում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրությունը: Սակայն ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների, 2014 թվականի հունվարին Ադրբեջանում ինքնասպան է եղել առնվազն 32 մարդ: Գրանցվել է նաև մինչև 18 տարեկան երեխաների շրջանում 4 ինքնասպանություն: Միայն մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանում ինքնահրկիզվել է ղարաբաղյան պատերազմի երեք վետերան՝ իրենց իրավունքների խախտման, դրամաշորթության ու այլ պատճառներով: 2013 թ. դեկտեմբերի 25-ից 2014 թ. հունվարի վերջն ընկած հատվածում Ադրբեջանում 5 ինքնահրկիզում է կատարվել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |