2 ապրիլի 2014 - 13:39 AMT
ԿԱՐԾԻՔ
Պոզներ. Ինձ նյարդայնացնում են պնդումները ԽՍՀՄ-ում ժողովրդների բարեկամության մասին

Խորհրդային տարիներին ազգային հարցի մասին շատ էր խոսվում և դա արվում էր «ժողովրդների բարեկամության» մասին բարձրագոչ հայտարարությունների մակարդակով, ասվում էր, որ բացառվում է հետապնդումը ռասայական հողի վրա և այլն:

Ինչպես ցույց տվեց ժամանակը, այդ բառերն, ինչպես և շատ այլ բաներ ԽՍՀՄ-ում, սին էին ու կեղծավոր, դրա վառ օրինակն են հայերի ջարդերն Ադրբեջանում 1988-1991 թթ.: Սակայն «բնիկ բաքվեցիները» ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իրենց «բազմազգ ու հանդուրժող» քաղաքը խայտառակ եղավ աշխարհով մեկ իր վանդալիզմով: Մարտի 30-ին ռուսական «Առաջին ալիքի» եթերում այդ թեմային է անդրադարձել Վլադիմիր Պոզները: Նրա զրուցակիցը հայտնի կինոռեժիսոր Յուլի Գուսմանն էր, որը ծնունդով Բաքվից է:

Ստորև մի հատված ենք մեջբերում հեռուստահաղորդումից. Պոզներ. Երբ ինձ սկսում են պատմել ժողովրդների բարեկամության մասին ԽՍՀՄ-ում (ես շատ լավ եմ հիշում այդ տարիները), ապա ինձ այդ ամենը շատ է նյարդայնացնում, որովհետև ես սկսում եմ մտածել, որ կամ ինձ են հիմարի տեղ դնում, կամ էլ, որ ես ոչինչ չգիտեմ, իսկ ես գիտեմ, որ դա այդպես չէ: Իսկ ինչպե՞ս էին այդ դեպքում քո հրաշալի Բաքվում կոտորում հայերին: Էն էլ ինչպես:

Գուսման. Մի րոպե, դա մի պատմություն է, որի մասին ես չեմ կարող խոսել, քանի որ այդ շրջանում այնտեղ չեմ ապրել, երբ դարասկզբին ազգամիջյան պառակտում է եղել…Ես այսօր չեմ կարող ասել թե ով է ում կոտորել: Կա Խոջալուն, որտեղ ադրբեջանցիներին են կոտորել: Այդ պատմությունն այսօրվա խոսակցության համար չէ: Ես կարող եմ ասել, որ այն շրջանում, երբ ես ապրել եմ Բաքվում, իսկ ես այնտեղ եմ անցկացրել կյանքիս մեծ մասը, այնտեղ ոչ միայն ոչ ոքի չեն կոտորել, նման բան ուղղակի պատկերացնել հնարավոր չէր: Եվ հայերը հասարակության հարգված անդամներ էին, նրանց քանակը շատ մեծ էր Բաքվում:

Եվս մեկ մեջբերում Գուսմանից. «Եթե երկար խաղարկես ազգայնամոլության խաղաքարտը, եթե շատ երկար զոմբիացնես ու բացատրես, որ մեղավոր են սևերը, մեղավոր չեն սևերը, բավական է Կովկասը կերակրել…նման բան ընդհանրապես հնարավոր չէր պատկերացնել խորհրդային տարիներին: Ինչքան էլ քննադատենք ԽՍՀՄ-ը, ինչքան էլ խոսենք, բայց ուղղությունը, որը մեզ տալիս էր ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեն, ճիշտ էր՝ ժողովրդների բարեկամություն, ինտերնացիոնալ դաստիարակություն, մարդը մարդու բարեկամն է, ընկերն ու եղբայրը: Նախկինում սկզբից մտածում էին Հայրենիքի մասին, հետո արդեն ընտանիքի»:

Գուսման եղբայրները՝ Միխայիլն ու Յուլին գերազանց են կատարում Ադրբեջանի իմիջի ազնվացման իրենց դերերը: Հազիվ թե նրանք չգիտեն, թե ինչ էր իրականում կատարվում Ադրբեջանում, մասնավորապես, Խոջալուում: Բայց ասում են այն, ինչ նրանցից ցանկանում է լսել Իլհամ Ալիևը, որին նրանք երախտապարտ են…ոչ ոք չգիտի, թե ինչի համար, բայց կռահելը դժվար չէ: Դե իսկ Վլադիմիր Պոզները մեկ անգամ ևս հաստատեց ազնիվ լրագրողի իր բարձր հեղինակությունը, որն ասում է այն, ինչ մտածում է ու զգում է, ոչ թե այն, ինչի համար նրան վճարել են:

Ինչ վերաբերում է մերօրյա Բաքվին, ապա այն շատ լավ է բնութագրել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էթիբար Հուսեյնովը: «Երբ հայերը, ռուսներն ու հրեաները հեռացան Բաքվից, ազերի փախստականները վերջնականապես փչացրեցին Բաքվի քաղաքային միջավայրը», -հայտարարել է պատգամավորը: Սա ի գիտություն Յուլի Գուսմանի:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net