2 ապրիլի 2014 - 16:01 AMT
Սիրիայում կռվող ջիհադիստները Արևմուտքի նոր գլխացավանքն են

Մոտ երկու հազար ջիհադիստ կարող է վերադառնալ Եվրոպա Սիրիայից: Գրոհայիններն ունեն արևմտյան անձնագրեր, նրանք ուսուցում են անցել ռազմական գործողությունների պայմաններում: Հետախուզությունը խոստովանում է, որ նրանց դժվար է վերահսկել, գրում է իտալական La Stampa-ն:

«Մի քանի օր առաջ Ազգային գվարդիայի Կալիֆորնիայի ստորաբաժանման անդամ Նիկոլաս Միխաել Տոզանտը ձերբակալվեց Կանադայի հետ սահմանին: Նա փորձում էր լքել հայրենիքը, մեկնելու համար Սիրիա և Ասադի ռեժիմի դեմ պայքարող ջիհադիստների շարքերը համալրելու նպատակով: Եվ այդ երևույթը թափ է առնում: Եվրոպական երկրների ու ԱՄՆ բնակիչները դառնում են սիրիական ընդդիմության ամենածայրահեղական խմբավորումների անդամները, նրանց քանակն անընդհատ աճում է: Այդ հարցը քննարկվել է նախագահ Օբամայի Սաուդյան Արաբիա այցի ժամանակ: Սպիտակ տան ղեկավարը նույնիսկ խնդրել է թագավոր Աբդալլային դադարեցնել աջակցությունը ջիհադիստներին Սիրիայում, քանի որ նրանք սպառնալիք են ոչ միայն Սիրիայի ապագայի, այլ նաև Արևմուտքի անվտանգության համար», -ասվում է հոդվածում:

Ըստ ամերիկյան և եվրոպական հետախուզությունների տվյալների, այժմ Սիրիայում ահաբեկիչների շարքերում կռվում են ԱՄՆ մոտ 50 քաղաքացիներ, 2,3-2,4 հազար ջիհադիստներ Եվրոպայից: Այդ բանակը օրինական անձնագրեր ունի, որոնք թույլ են տալիս ազատ տեղաշարժվել Շենգենի գոտու բոլոր երկրներում: Դա ռումբ է, որը կարող է պայթել ցանկացած պահի, երբ նրանք վերադառնան Եվրոպա, եթե ողջ մնան այդ պատերազմում:

«Ջիհադիստներին անդամագրում են Եվրոպայում, ինտերնետի միջոցով կամ «Հիզբ ուտ Թահրիրի» պես կազմակերպությունների միջոցով և տեղափոխում են Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող բազաներ: Այստեղ նրանք հանձնում են իրենց եվրոպական անձնագրերը և ստանում են սիրիական փաստաթղթեր: Ուսուցման դասընթացից ու մարտ վարելու տեխնիկայում վարժվելուց հետո նրանք անցնում են սահմանն ու սկսում են կռվել: Ջիհադիստներն առաջին հերթին Ֆրանսիայից են, Գերմանիայից ու Մեծ Բրիտանիայից, բայց կան նաև Դանիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Ավստրիայից ու Իտալիայից: Վերջին հաշվով նրանք հայտնվում են ամենածայրահեղական խմբավորումների կազմում, ինչպիսիք են «Ջաբհաթ ան Նուսրան» և «Իրաքի ու Լևանտի իսլամական պետությունը»: Նրանց անձնագրերը փոխանցվում են մյուս ջիհադիստներին, որոնք նմանություն ունեն իրենց հետ, որպեսզի նրանք կարողանան ազատ մուտք ունենալ Եվրոպա և նոր օղակներ ստեղծեն այնտեղ: Սակայն հետախուզության համար իսկական մղձավանջ կդառնա ջիհադիստների վերադարձը: Դրանք Ասադի դեմ հարձակումից հիասթափված ծայրահեղականները կլինեն, որոնք հակված կլինեն իրենց ռազմական փորձն օգտագործել Եվրոպայում կամ ԱՄՆ-ում հարվածներ հասցնելու համար», -գրում է հոդվածի հեղինակը:

La Stampa-ն զգուշացնում է, որ կասկածից դուրս երիտասարդների անդամագրումը և վերջին ամիսներին գրոհայինների քանակի աճը գրեթե անհնար են դարձնում նրանց վերահսկումը: Վաղ թե ուշ նրանք կսկսեն գործել:

1953 թվականին Արևելյան Երուսաղեմում հիմնադրվեց Հիզբ ուլ-Թահրիր ալ-Իսլամի կուսակցությունը, որի հիմնադիրը Թակի ուդ-Դին ան-Նաբհանին է: Միջին Ասիայի պետություններում, Գերմանիայում ու Ռուսաստանում այն համարվում է ահաբեկչական կուսակցություն: Իսկ ԱՄՆ-ում, հակառակը, մինչ օրս այն չի դասվում ահաբեկիչներին սատարող կազմակերպությունների ցանկում:

Ան Նաբհանիի մահից հետո կազմակերպությունը գլխավորեց պաղեստինցի Աբդուլ Քադիմ Զալումը: Զալումի մահից հետո 2003 թվականին կազմակերությունը գլխավորեց Ատա Աբու Ռաշտը:

«Իրաքի ու Լևանտի իսլամական պետությունը» խմբավորումը ստեղծվել է 2006 թվականին «Ալ-Քաիդայի» օգնությամբ: Այն գործում էր Իրաքում, սակայն 2013 թվականի փետրվարին տեղափոխվեց Սիրիա և դաժան մարտեր սկսեց: Դա հանգեցրեց նրան, որ «Ալ-Քաիդան», որը Սիրիայում իր միակ ներկայացուցիչն էր հայտարարել «Ջաբհաթ Ալ-Նուսրա» խմբավորմանը, կոչ արեց «Իրաքի և Լևանտի իսլամական պետությանը» վերադառնալ Իրաք:

«Ջաբհաթ Ալ-Նուսրան» ահաբեկչական կազմակերպության նպատակն է իսլամական սկզբունքների վրա հիմնված պետության ստեղծումը: Այդ նպատակին հասնելու կազմակերպության գործելավոճում առանձնանում են ահաբեկչական ակցիաները և մահապարտ ահաբեկիչների կողմից գործողությունները: Այն համարում են Ալ Քայիդայի սիրիական ստորաբաժանումը: Սկզբնական շրջանում կազմակերպությունը համագործակցել է Սիրիայի ազատ բանակի հետ: