Հայաստանը մտադիր չէ փոխել կամ ընդլայնել ՆԱՏՕ-ի հետ գործակցության ձևաչափը 2 ապրիլի 2014 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր չէ փոխել կամ ընդլայնել ՆԱՏՕ-ի հետ գործակցության գործող ձևաչափը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով արտասահմանյան ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, թե Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև գոյություն ունեն փոխգործակցության զարգացման պլաններ։ «Մենք ունենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության որոշակի ձևաչափեր։ Ընդլայնել դրանք, փոխել՝ մենք չենք պատրաստվում»,- ասել է Տիգրան Բալայանը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Russia Today-ը, Spiegel Online թերթը մի փաստաթուղթ է հրապարակել ՆԱՏՕ-ի կողմից Մոլդովայի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ: Nato Restricted վերտառությամբ 7-էջանի փաստաթղթում երեք երկրներից յուրաքանչյուրի համար նախատեսված է միջոցառումների անհատական համալիր: Օրինակ, Դաշինքը Քիշնև կգործուղի կապի մեկ սպայի, Ադրբեջանի հետ կզարգանա գործակցությունը էներգետիկ ու կիբերանվտանգության ոլորտներում, Հայաստանում ՆԱՏՕ-ն գերակա է համարում երկրի ԶՈւ անձնակազմի որակավորման բարձրացումը: Ըստ փաստաթղթի հեղինակների, բոլոր երեք երկրներում հարկավոր է զարգացնել տեղի զինված ուժերի գործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, իսկ դրա համար հարկավոր է անցկացնել համատեղ զորավարժություններ: Նախատեսվում է նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Մոլդովայի մասնակցությունը Smart Defence ծրագրի նախագծերին, ինչը ենթադրում է զինվորական սպառազինման առաքում ու ռազմական ներուժի սերտաճում՝ մասնագիտացումների բաշխման պարագայում, հայտնում է պարբերականը: Ինչպես հայտնում է ԻնոՊրեսան-ն, հոդվածի հեղինակ Քրիսթոֆ Շուլտի տեսակետից, այդ միջոցառումները «ակնհայտ ուղերձ են պարունակում Ռուսաստանի հասցեին. եթե Ուկրաինայից հետո Մոսկվան կասկածի տակ դնի ևս որևէ երկրի սահմանները, ՆԱՏՕ-ի համար դա անընդունելի կլինի»: Այդ թեզը տարաձայնություններ չի առաջացնում, իսկ նոր անդամներ դաշինքի կազմում ընդունելու հարցում միասնություն չկա: Ինչպես մարտի 31-ին հայտարարել էր ԳԴՀ կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, «այս պահի դրությամբ այդ հարցը գերակա խնդիրների մեր ցանկում բացակայում է»: Մինչդեռ, ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել կասեցնել գործակցությունը Ռուսատանի Դաշնության հետ ռազմական և քաղաքացիական ոլորտներում մինչև հունիսի 1-ը: Որոշումը կապված է Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Այդ մասին հայտնի դարձավ պաշտոնական հայտարարությունից, որը տարածվեց Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների գագաթաժողովի ավարտին: Գագաթաժողովի մասնակիցները խստորեն դատապարտեցին Ռուսաստանի «ռազմական ներխուժումն» Ուկրաինա և հայտարարեցին, որ Ղրիմում անցկացված հանրաքվեն անօրինական է: Նախարարները կոչ արեցին Ռուսաստանի Դաշնությանը շտապ կարգով միջոցներ ձեռնարկել վերականգնելու համար միջազգային իրավունքը, սակայն ՆԱՏՕ-ի անդամները պատրաստ են շարունակել երկխոսությունը ՌԴ հետ քաղաքական մակարդակով»: Մարտին Երևանում տեղի ունեցավ «Գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ Հարավային Կովկասում. ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» երկօրյա խորհրդաժողովը, որի կազմակերպիչն էր Ռազմավարական հետազոտությունների SPECTRUM կենտրոնը: Խորհրդաժողովում ելույթ ունեցավ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով պատասխանատու Ուիլյամ Լահյուն: Նա հայտարարեց, որ ցանկացած երկիր Կովկասի տարածաշրջանում կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: «ՆԱՏՕ-ն հետաքրքրվում է Կովկասի տարածաշրջանով և դիտարկում է այն որպես Եվրոպայի մաս: Վերջին իրադարձություններն Ուկրաինայում ստիպեցին ՆԱՏՕ-ին վերանայել հարաբերությունները գործընկերների հետ, վերագնահատել Դաշինքի ներուժը: Վերջին երկու տասնամյակում ՆԱՏՕ-ն կրճատել է իր զինված ուժերը ոչ թե տնտեսական խնդիրների պատճառով, այլ այն նկատառումով, որ սպառնալիքները պակասում են: Սակայն այժմ իրավիճակը փոխվել է»,-ասել է Լահյուն: Նա նշել է, որ Մոսկվայի հայտարարություններին հակառակ, ՆԱՏՕ-ն երբեք ոչ ոքի չի ստիպում անդամակցել կազմակերպությանը: «Գործընկերների հետ հարաբերությունները մենք կառուցում ենք ելնելով ընդհանուր արժեքներից՝ օրենքի ու ժողովրդավարության գերակայություն: Յուրաքանչյուր երկիր ՆԱՏՕ-ում պետք է ազատ լինի: Ստիպողաբար կառուցված հարաբերություններն ինքնին անկայուն են», -ասել է նա, հավելելով, որ Հայաստանը կարևոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար: «Հայաստանը ՀԱՊԿ միակ երկիրն է, որը մասնակցում է Դաշինքի գործողություններին: Դա կարևոր գործոն է, որը թույլ է տալիս համատեղել տարբեր մոտեցումները, քանի որ հայտնի է, որ տարաձայնություններ կան ՀԱՊԿ ու ՆԱՏՕ անդամ երկրների միջև»,-ասել է Լահյուն: Նա նշել է նաև, որ Հայաստանը հավատարիմ է պարտավորությունների կատարմանը և պատրաստ է հետագայում ևս զարգացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Համագործակցությունը Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև այժմ կառուցվում է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության (Individual Partnership Action Plan - IPAP) ծրագրի հիման վրա, որը ստորագրվել է 2005 թ. դեկտեմբերին: Հայաստանը ոչ միայն գործակցում է ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական ոլորտում, այլ նաև կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում Դաշինքի անդամ պետությունների հետ իրավական պետության, բարեփոխումների թափանցիկության, ահաբեկչության ու կաշառակերության դեմ պայքարի ոլորտներում: Հայաստանը նաև մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին Կոսովոյում ու Աֆղանստանում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |