Սերժ Թանկյանն ու ԱՄՆ կոնգրեսականները` Քեսաբի դեպքերի ու դրանցում Թուրքիայի դերի մասին (թարմացված)

Սերժ Թանկյանն ու ԱՄՆ կոնգրեսականները` Քեսաբի դեպքերի ու դրանցում Թուրքիայի դերի մասին (թարմացված)

PanARMENIAN.Net - Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 3-ին Կառավարության նիստում տեղեկացրել է, որ նախորդ օրը Քեսաբի հարցով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ են անցկացրել. «Բոլոր գերատեսչությունները, նախարարությունները Սիրիա այցելած պատգամավորներից տեղեկացան ստեղծված իրավիճակի մասին: Այնպես որ, մեր բոլոր կառույցները, կազմակերպությունները պատրաստ են ինչպես Սիրիայի մյուս քաղաքացիների, այնպես էլ քեասաբահայերի համար օգնություն կազմակերպել»:

«Քեսաբի հայերը պետք է վստահ լինեն, որ մեր ամենօրյա հսկողության տակ գտնվող խնդիր է և կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի մեր հայրենակիցների ուսերին ընկած հոգսերը թեթևանան»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Սփյուռքի նախարարը տեղեկացրել է, որ քեսաբահայերի առաջին խնդրանքը ճնշումն ավելացնելն է: «Երեկ արտաքին գործերի նախարարը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտողար Բան կի Մունին, կրթության նախարարը` Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը: Հիմնական խնդրանքը մեկն է, որ հետաքննություն սկսվի, թե ինչպես են տեղի ունեցել իրադարձությունները, դեպքերը, և երկրորդ՝ հնարավորություն ստեղծել, որ քեսաբահայերը վերադառնան»,- մանրամասնել է Հրանուշ Հակոբյանն ու հավելել, որ այս պահի դրությամբ Քեսաբից Հայաստան որևէ մեկը դեռ չի եկել, չնայած խոսակցություններ կան, որ կարող է եկեղեցու տարածքում բնակվողները տեղափոխվեն Բեյրութ, այնտեղից էլ Հայաստան:

Մարտի 29-ին ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում Սիրիայում գտնվող «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հայտնել էր, որ Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերը հաստատապես ցանկանում եմ վերադառնալ Քեսաբ: Եթե իրենց բնակավայր վերադարձի գործընթացը ձգձգվի, «միտք կա, որ դպրոցը բաց չթողնելու համար երեխաները գան Հայաստան»: Խորհրդարանական պատվիրակությունը Սիրիա էր մեկնել մարտի 25-ին։ Դրա կազմում էին Էդմոն Մարուքյանը, Սամվել ֆարմանյանը, Լևոն Մարտիրոսյանը, Արման Սահակյանը, Նաիրա Կարապետյանը և Թևան Պողոսյանը: Պատգամավորները տեղում ծանոթացել են իրավիճակին, մի շարք հանդիպումներ ունեցել, այդ թվում՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Նրանք վերադրձել են Երևան մարտի 29-ին:

Ամերիկացի կոնգրեսական Ջեքի Սփիերը հայտարարություն է արել` անդրադառնալով Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի վրա հարձակմանը: Կոնգրեսականը նկատել է, որ Թուրքիան միջամտում է պատերազմից բզկտված Սիրիայի զարգացումներին, իսկ հայերն այդ կոնֆլիկտի արդյունքում նորից ստիպված են լքել իրենց տները, գրում է Asbarez-ը:

«Հակահայ բռնություններն իրողություն են, սակայն աշխարհը դեռ մերժում է դրանք»,- ասել է Սփիերը` իր երկրի իշխանություններին կոչ անելով հարցում ուղարկել Թուրքիային՝ հարձակմանն ու «Ալ Քաիդա» խմբավորմանն ունեցած առնչության վերաբերյալ:

Հարցին անդրադարձել է նաև ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը` ֆեյսբուքյան իր էջում կոչ անելով սոցկայքի օգտատերերին միանալ իրեն, խնդրել ԱՄՆ-ի կոնգրեսականներին՝ Սենատի ու Ներկայացուցիչների պալատի հետաքննչական հանձնաժողովներից պահանջել պաշտոնական հետաքննություն սկսել Սիրիայի հայաշատ Քեսաբ ավանի վրա հարձակման առնչությամբ։ Մասնավորապես՝ պարզել Թուրքիայի դերակատարումը Քեսաբ ավանի վրա «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակումների իրականացման հարցում, գրում է Tert.am-ը։

ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասն արդեն հարց է բարձրացրել Սիրիայում պատմական հայկական Քեսաբ քաղաքի զավթման մասին և կոչ է արել միջազգային հանրությանը օգնել մարտերի հետևանքով տուժած մարդկանց: Այդ մասին հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը` դիմելով ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերին ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հատկացումների հանձնախմբում լսումների ժամանակ, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

«Մենք միանում ենք Կալիֆորնիայի և ամբողջ Ամերիկայի հայերին և երախտագիտություն են հայտնում կոնգրեսական Շիֆին Քեսաբի հայերի ծանր վիճակի մասին հարցի համար, ուղղված ԱՄՆ դեսպան Փաուերին: Մենք նաև բարձր ենք գնահատում նրա հայտարարությունն այն մասին, որ Քեսաբում ստեղծված վիճակը խորը մտահոգություն է առաջացնում և գնահատում ենք ծայրահեղական գրոհայինների կողմից իրենց տներից վտարված հայերին օգնելու նրա դիրքորոշումը: Մենք կշարունակենք աշխատանքը Կոնգրեսի մեր բարեկամների հետ՝ ԱՄՆ կառավարության ուշադրությունը հրավիրելու համար Քեսաբի իրավիճակի անմիջական պատճառի վրա՝ Թուրքիայի մասնակցությանն ու Ալ Քայիդայի հարձակմանը հայկական բնակավայրի վրա», -ասել է Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Լսումների ընթացքում Ադամ Շիֆը հարցրել է դեսպան Փաուերին թե ինչ է անում ՄԱԿ-ը Քեսաբի ճգնաժամը մեղմելու համար, հաշվի առնելով, որ այնտեղ բնակվում են 1915 թ. Ցեղասպանությունից փրկված հայերը: Սամանտա Փաուերը նշել է, որ ՄԱԿ-ը կփորձի անել ամեն հնարավորը, մեղմելու համար մարտերի ընթացքում տուժածների վիճակը և , որ ԱՄՆ-ն շատ լծակներ ունի ազդելու համար Քեսաբը գրաված գրոհայինների վրա: «Ես կցանկանյի նշել, որ, ցավոք, ծայրահեղական խմբավորումը, որը հարձակվել է քաղաքի վրա, միակը չէ, ուստի ԱՄՆ-ն սատարում է Սիրիայի չափավոր ընդդիմությանը: Մենք պետք է համոզվենք, որ հարևան երկրներից որևէ մեկը չի աջակցում ահաբեկչական խմբավորմանը, հստակեցնելու համար ՄԱԿ օգնությունը Սիրիայում բոլոր տուժածներին, այդ թվում նաև հայերին», -ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը:

Մարտի 21-ին «Ալ-Քաիդայի» հետ կապեր ունեցող ծայրահեղական «Ջաբհաթ ան Նուսրա» և «Ահրար աշ Շամ» մի քանի հազար հոգանոց խմբավորումները հարձակում են ձեռնարկել Քեսաբի շրջանի վրա՝ Թուրքիայի սահմանի մոտ, որտեղ բնակչության մեծ մասը հայեր են: Անօրինական զինված խմբավորումների հարձակումը, որն ըստ Դամասկողի հավաստման, կատարվել է հրետանային աջակցությամբ, այդ թվում՝ Թուրքիայի տարածքից տանկային համազարկերով, հանգեցրել է մի շարք բնակավայրերի, այդ թվում Քեսաբի ժամանակավոր կորստին: Ահաբեկիչների բարբարոսություններից խուսափելու համար Քեսաբի, Սամրայի, Նաբու ալ Մուրի հայ բնակչությունը լքել է տները և սիրիացի զինվորականների պաշտպանությամբ տեղափոխվել Լաթակիա: Այժմ այնտեղ ապաստան է գտել մոտ 1800 հայ: Հայկական եկեղեցու խաչի փոխարեն կանգնեցվել է իսլամիստների սև դրոշը:

Այժմ գրեթե բոլոր քեսաբահայերը տեղափոխվել են Լաթակիա: Քաղաքում մնացած 38 հայերից 20-ն արդեն Լաթակիայում են, մյուսներին կտեղափոխեն առաջիկայում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---