Հյուսիսային պողոտայի ստորգետնյա մասում առևտրահասարակական գոտի է կառուցվում

Հյուսիսային պողոտայի ստորգետնյա մասում առևտրահասարակական գոտի է կառուցվում

PanARMENIAN.Net - 2013-ի հոկտեմբերի վերջին սկսված և եղանակային պայմանների վատթարացման պատճառով ժամանակավորապես ընդհատված Հյուսիսային պողոտայի վերակառուցման աշխատանքները կրկին վերսկսվել են: PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան քաղաքապետարանից հայտնել են, որ ընդհանուր առմամբ, որպես վերակառուցման վերջնաժամկետ նախանշվում է օգոստոս ամիսը:

Վերակառուցման համատեքստում Հյուսիսային պողոտայի վերգետնյա հատվածում համալիր փոփոխություններ կիրականացվեն` բետոնե ծածկը կփոխարինվի գրանիտե բազմագույն սալաքարերով: Գեղարվեստական սալիկապատման 3 տարբերակից ընտրվել է մեկը: Քաղաքապետարանում վստահեցնում են, որ նոր նյութերի և տեխնոլոգիաների շնորհիվ պողոտան հնարավոր կլինի առանց հավելյալ վերանորոգման շահագործել 40-50 տարի:

Վերակառուցման նպատակը պողոտայի արտաքին տեսքն ավարտին հասցնելն է: 2006-7 թթ., որպես ժամանակավոր լուծում, այն պատվել էր գունավոր բետոնով, իսկ սալիկապատումը հետաձգվել էր մինչև դրա ամբողջական շահագործումը: Մինչև օրս պողոտայի, շենքերի գեղարվեստական լուսավորության, կանաչապատ և ծաղկապատ հատվածների, ջրային լուծումների հարցը լուծված չէ, և դրանք նույնպես ներկա փուլում պիտի իրականացվեն: Ընդհանուր առմամբ սալիկապատման է ենթակա 10 000 քմ տարածք:

Քաղաքապետարանից հայտնում են, որ վերակառուցման ընթացքում ավելի քան 4 անգամ կավելանան Հյուսիսային պողոտայի կանաչ հատվածները: Սակայն, միևնույն է, դրանք կլինեն ոչ թե ծառերի ու խոտածածկի, այլ մեծ բետոնե «ծաղկամանների» մեջ դրված թփերի տեսքով: Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը մարտի 14-ին հայտարարել էր, թե քանի որ պողոտայի ներքևում դատարկ է` ավտոկայանատեղի է գործում, այնտեղ չկա հողածածկ, և, բնականաբար, խոտածածկ լինել չի կարող:

«Կանաչ գոտիները կմեծացնենք հատուկ տեխնոլոգիաներով»,- ասել է նա :

Փոփոխություններ կլինեն նաև Հյուսիսային պողոտայի ստորգետնյա մասում: Շինարարական աշխատանքների մեկնարկին զուգահեռ պողոտային կից փակցվել էր ցուցանակ, համաձայն որի ստորգետնյա հատվածում առևտրահասարակական գոտի է գործելու: Այսօր այդ ցուցանակն այլևս այնտեղ չէ, թեև Նարեկ Սարգսյանը հաստատել է, որ ստորգետնյա հարկերից մեկը ծառայելու է որպես ավտոկայանատեղի, իսկ երկրորդ հարկի մի մասում լինելու են առևտրային, սպասարկման տարածքներ:

Երևանի քաղաքապետարանի բյուջեից վերակառուցմանը ֆինանսական միջոցներ չեն ուղղվելու: Հյուսիսային պողոտայի սալահատակի վերակառուցմամբ զբաղվում է «Դալմա Շին» ՍՊ ընկերությունը, ներդնող ընկերությունն է «Տաշիր Գրուպ»-ը: Վերակառուցման աշխատանքների համար ներդրվել է 5 մլն դոլար:

Հյուսիսային պողոտան իրար է կապում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը և Հանրապետության հրապարակը։ Երկարությունն ավելի քան 1,5 կմ է։ Պողոտայի կազմի մեջենմտնում բազմաբնակարան շենքեր, ռեստորաններ, խանութներ և գրասենյակներ։ Պողոտայի շինարարությունը սկսվել է 2001-ին: Այն շահագործամն է հանձնվել 2007-ին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---