Հետաքննությունն ավարտվել է. Հրաչյա Հարությունյանին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում

Հետաքննությունն ավարտվել է. Հրաչյա Հարությունյանին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում

PanARMENIAN.Net - ՌԴ ոստիկանությունն ավարտել է «ԿամաԱԶ-ի» վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով հետաքննությունը: Համարվում է, որ նրա մեղքով է տեղի ունեցել 18 մարդու կյանք խլած մեծ ավտովթարը Նոր Մոսկվայում: ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը 2013 թ. հուլիսի 13-ին բախվել է Պոդոլսկից Կուրիլովո 64 ուղևորի տեղափոխող ավտոբուսի հետ:

Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ քրեական գործի հետաքննությունն ավարտված է և ուղարկվել է դատախազություն:

Քննության ընթացքում պարզվել է, որ բեռնատարը պատշաճ սպասարկում չի անցել, արգելակները վատ էին աշխատում: Ինչպես կարծում է քննությունը, Հարությունյանը պետք է իմանար այդ մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Այժմ բեռնատարի վարորդին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում՝ Ռուսաստանում սա երկու կամ ավելի զոհերով ՃՏՊ-ի համար գործող առավելագույն ժամկետն է, եթե վարորդը սթափ է եղել:

Մարտի 14-ին Մոսկվայի քաղաքային դատարանը երկարացրեց ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը մինչև ապրիլի 14-ը: Այսպիսով դատարանը բավարարեց ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գծով Գլխավոր քննչական վարչության միջնորդությունը կես տարին գերազանցող խափանման միջոցը մեղադրյալի համար երկարացնելու վերաբերյալ:

Դատական նիստում ասվեց, որ գործի նույթերը 10 հատոր են կազմում, որոնց Հարությունյանն արդեն ծանոթացել է: Այժմ պետք է ուսումնասիրեն 47 տուժածները: Քննության ընթացքում կատարվել է մոտ 70 փորձաքննություն: Երբ տուժածները կծանոթանան գործի նյութերին, մեղադրական եզրակացությունը կթարգմանվի հայերեն, այն կհաստատի դատախազը, իսկ հետո քրեական գործը կուղարկվի դատարան, հայտնում է BFM.ru-ն:

Նոյեմբերի 28-ին Հրաչյա Հարությունյանին ևս մեկ մեղադրանք ներկայացվեց՝ կեղծ փաստաթուղթ օգտագործելու վերաբերյալ: Նույն օրը նրան կրկին անգամ մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 264 հոդվածի 5 մասով այս անգամ արդեն փորձագետների եզրակացություններով՝ երկու կամ ավելի զոհերով ՃՏՊ:

«Բացի այդ, քննիչը լրացուցիչ մեղադրանք ներկայացրեց նրան ՌԴ ՔՕ 327 հոդվածի 3 մասով՝ կեղծ փաստաթղթի օգտագործում)», -հայտարարեց այն ժամանակ մեղադրյալի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

Հարությունյանն, ինչպես և նախկինում, ճանաչում է իր մեղքը վթարի պատճառ հանդիսացած ճանապարհային երթևեկության օրենքների խախտման մասով, սակայն ժխտում է կեղծ փաստաթղթի կիրառումը: Ըստ նրա, նա չի իմացել, որ փաստաթուղթն իսկական չէ, ոչ ոք այդ թուղթը չի ստուգել: Մեղադրյալը նաև միջնորդություն է ներկայացրել լրացուցիչ ավտոտեխնիկական փորձաքննություն անցկացնելու համար:

«Մասնավորապես, փորձագետները չեն պարզել, թե ինչ արագությամբ է ընթացել մեքենան, չեն պարզել, արդյոք վարորդը տեխնիկական հնարավորություն ունեցել է կասեցնելու ՃՏՊ-ն»,-ասել է փաստաբանը:

2013 թ. հուլիսի 13-ին Պոդոլսկի մերձակայքում շինանյութ տեղափոխող «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար մեքենան բախվել էր երթուղային ավտոբուսին: Հարվածի հետևանքով 18 մարդ էր զոհվել, 60-ը՝ վիրավորվել: Հուլիսի 15-ին Մոսկվայի Տվերի շրջանի դատարանը ձերբակալեկլ էր Հարությունյանին: Սեպտեմբերի 12-ին նույն դատարանը երկարացրել էր ձերբակալության ժամկետը մինչև դեկտեմբերի 14-ը:

Հրաչյա Հարությունյանին դեպքից հետո դատարանի դահլիճ են տարել կանացի խալաթով և հողաթափերով: Հրաչյա Հարությունյանի փաստաբանը դիմել է Մոսկվայի Տվերի շրջանի դատարան քննիչի դեմ բողոքով: Բողոքը ներկայացվել է այն փաստով, որ քննիչը մեղադրյալին ձերբակալել և տեղափոխել է մեկուսարան կանացի խալաթով: «Ըստ իս, մեղադրյալին դատարան բերելը կանացի խալաթով և լողափի հողաթափերով, ձերբակալված անձանց պահման մասին օրենքի խախտում է»,-ասել է վարորդի փաստաբան Ռուբեն Մարգարյանը Life News-ին:

Նա պարզաբանել է, որ Հարությունյանը խնդրել է քննիչին կապվել իր հարազատների հետ և խնդրել է հագուստ բերել իր համար, ինչը չի արվել: «Ստացվում է, որ քննիչը ոչ մի բանի համար պատասխանատո՞ւ չէ, եթե մերկ ձերբակալեր, մե՞րկ պիտի տաներ մեկուսարան»,-վրդովված ասել է փաստաբանը՝ հավելելով, որ իրենք խնդրում են դատարանին ապօրինի ճանաչել քննիչի գործողությունները»: Մարգարյանը հուսով է, որ դատարանը վերջակետ կդնի Հարությունյանի խալաթի հետ այս պատմությունում՝ նմանատիպ բողոքներն, ուղղված դատախազությանն ու քննչական մարմիններին, արդյունք չտվեցին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---