Ադրբեջանի ռուսական համայնքի ղեկավարը պատմություն չգիտի

Ադրբեջանի ռուսական համայնքի ղեկավարը պատմություն չգիտի

PanARMENIAN.Net - Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ազգային փոքրամասնություններն Ադրբեջանում մեծ ճնշման են ենթարկվում իշխանությունների կողմից: Նրանք ուղղակի կանգնում են ընտրության առջև՝ կամ ասել այն, ինչ հարկավոր է նախագահ Ալիևին, կամ իրենց ու ընտանիքի անդամների հետ կվարվեն ինչպես հատուկ է թուրքերին՝ ուղղակի կկոտորեն: Հիշում եմ, 1988 թվականին, երբ ղարաբաղյան շարժումը նոր էր սկսվել, ադրբեջանական թերթեըը տպագրում էին հայերի «ցասումնալից նամակները», որտեղ ասվում էր, որ Ղարաբաղը բուն ադրբեջանական հող է, իսկ «հայ անջատողականներն արժանին կստանան»:

Ամենահետաքրքիրն այդ պատմություններում այն էր, որ նամակը ստորագրած հայերն իմանում էին այդ մասին արդեն կատարված փաստից հետո: Ինչո՞ւ եմ այս ամենը հիշում: Ադրբեջանի ռուսական համայնքի ղեկավար, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Միխայիլ Զաբելինը նախօրեին հայտարարել է.

«Ղրիմը պատմական ռուսական հող է: Նիկիտա Խրուշչովի կողմից ԽՍՀՄ տարիներին Ղրիմն Ուկրաինային հանձնելն անարդարացի էր, ինչպես և Զանգեզուրը՝ Հայաստանին: Ուզում ենք վերադարձնել մեր հինավուրց հողերը՝ Զանգեզուրը, Ղարաբաղը: Ղարաբաղն էլ է միշտ եղել ադրբեջանական տարածք: Եթե Ռուսաստանն այդ կերպ դրեց հարցն ու լուծեց Ղրիմի խնդիրը, ապա ինչու չենք կարող նույն կերպ վարվել: Ուզում եմ ասել, որ այս իրադարձությունը համահունչ է մեր շահերին»:

Մնում է միայն գուշակել, թե ինչ նկատի ունի Զաբելինը «մեր հողերն» ասելով: Բաքվում ծնված ռուսն այնուամենայնիվ առաջին հերթին պետք է իրեն ընկալի որպես ռուս ժողովրդի ներկայացուցիչ, իսկ հետո արդեն՝ Ադրբեջանի:

Զաբելինի հայտարարությունն այնքան անհեթեթ է, որ նույնիսկ ցանկություն չկա այն մեկնաբանելու: Առավել ևս, որ սա այն նույն Զաբելինն է, որն անցյալ տարի, երբ ազերի Օրհան Զեյնալովը Մոսկվայում սպանեց Եգոր Շչերբակովին, մի քանի օր «կորած էր», հետո հայտնվեց ու սկսեց ասել, որ Զեյնալովն «ուղղակի պաշտպանվել է»:

Թեև, ի՞նչ կարելի է ակնկալել Ադրբեջանի ԿԿ Կենտրոնական կոմիտեի հրահանգչից, Հեյդար Ալիևի ռեֆերենտից, «Ենի Ազերբայջան» կուսակցության համահիմնադիրից ու կուսակցության վարչության անդամից: Զաբելինի ստորագրությունը կար Ադրբեջանի այն 91 հայտնի մարդկանց ցանկում, որոնք դիմեցին Հեյդար Ալիևին՝ խնդրելով «գալ ու փրկել» երկիրը:

Մի բան է անհասկանալի, մի՞թե ադրբեջանական քարոզչությունն այդքան կուրացել է հայերի հանդեպ ատելությունից, որ չի հասկանում իր մեթոդների անհեթեթությունն ու կոպտությունը: Ասենք Զաբելինը մի հիմարություն ասաց, ադրբեջանական լրատվամիջոցներն այն տարածեցին, ինչ-որ մեկը հավանություն տվեց… հետո՞ ինչ: Առանց հետագա քայլերի հայտարարությունները դատարկաբանություն են: Իսկ չէ՞ որ Զաբելինին կարելի է մեղադրել ուրիշի տարածքին հավակնելու մեջ ու պատասխանատվության ենթարկել այդ խոսքերի համար: Ամեն ինչ հնարավոր է:

Մեծ նորություն չի լինի, եթե վաղն Ադրբեջանի ժողովրդին, որն ինքն էլ չգիտի, թե կոնկրետ որտեղ են գտնվում Ղարաբաղն ու Զանգեզուրը, նմանատիպ ուղերձով դիմեն «Բաքվում իբր բնակվող 30 հազար հայերը», կամ էլ հրեական համայնքի ղեկավար Սեմյոն Իհիլովը: Նման հասարակությունում հնարավոր է ամեն ինչ, բացի սթափ դատողություններից: Ուղղակի Ադրբեջանում նման հայտարարություններ անողները պետք է ավելի ուշադիր ուսումնասիրեն պատմությունը, թե հատկապես ինչպես և ինչ հանգամանքներում է Ղարաբաղը փոխանցվել Ադրբեջանին, իսկ Զանգեզուրը, որը զավթել էին թուրքական զորքերը, ազատագրվել Նժդեհի գլխավորած հայկական բանակի կողմից:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---