Օրենքն ընդունված է. Ո՞վ կարող է հավակնել պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալուն

Օրենքն ընդունված է. Ո՞վ կարող է հավակնել պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալուն

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետդուման միանգամից երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծը, որով ռուսալեզու հայրենակիցների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգ է սահմանվում:

Ըստ փաստաթղթի, պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն կարող են ստանալ այն ռուսալեզու հայրենակիցները, որոնց հարազատներն ու նախնիները բնակվել են Ռուսաստանի, Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ տարածքներում՝ «Ռուսաստանի Դաշնության ներկայիս պետական սահմանների շրջանակում»: Քաղաքացիություն ստանալու համար պայման է վերաբնակեցումը և մշտական բնակություն հաստատելը Ռուսաստանում, ինչպես նաև այլ պետության քաղաքացիությունից հրաժարվելը:

Ինչպես պարզաբանել են պատգամավորները, օրենքի գործողությունը տարածվում է նաև Դաշնության նոր սուբյեկտների վրա՝ այսինքն Ղրիմի Հանրապետության ու դաշնային նշանակության Սիմֆերոպոլ քաղաքի վրա, հայտնում է Պոլիտ.ռու-ն: Մինչդեռ, ինչպես գրում է KM.RU-ն, քաղաքագետ և հրապարակախոս Եգոր Խոլմոգորովը պարզաբանել է, թե հատկապես ով է կարող հավակնել ՌԴ քաղաքացիության: Առաջինը, ըստ նրա, ընդունված օրինագիծը «հույս է տալիս, որ օրենքի հետ կապված ամենահոռետեսական սպասումները կյանքի չեն կոչվի: Չէ՞ որ սկզբում ենթադրվում էր, որ քաղաքացիություն ստանալու իրավունք կստանան բոլոր նրանք, ում նախնիներն ապրել են նախկին Ռուսական կայսրության, նախկին ԽՍՀՄ տարածքում և այլն: Փաստորեն, դա սպառնում էր միլիոնավոր աշխատանքային ներգաղթյալների օրինականացմամբ»:

«Սակայն արդյունքում այդ դրույթը շտկվեց և այժմ խոսքը գնում է միայն նրանց մասին, ում նախնիներն ապրել են ներկայիս Ռուսաստանի Դաշնության տարածքում: Եթե, օրինակ, նախնիներն եղել են Վլադիմիրի շրջանից, բայց հետո տեղափոխվել Միջին Ասիա, ապա մարդը ստանում է համապատասխան իրավունքներ, իսկ եթե տասը սերունդ ապրել է Բուխարայում կամ Սամարկանդում, ապա փաստը, որ այդ տարածքները ժամանակավորապես հայտնվել են Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ տարածքում, ոչ մի կերպ չի ազդում քաղաքացիություն ստանալու իրավունքի վրա»,- ասել է Խոլմոգորովը:

Իր հերթին ԱՊՀ երկրերի ինստիտուտը նշում է, որ «երկար սպասված ուղղումները չեն վերաբերում միլիոնավոր հայրենակիցների, առաջին հերթին ռուս մարդկանց, որոնց «բախտը չի բերել» նախնիների հարցում, քանի որ վերջիններս բնակվել են պատմական Ռուսաստանի այն տարածքներում, որոնք չմտան 1991-ին նմուշի Ռուսաստանի Դաշնության հանրապետության վարչական սահմանների մեջ: Նրանց մի մասը, որը Ռուսաստան կտեղափոխվի ՌԴ քաղաքացիություն ստանալու նպատակով, նույնիսկ հարցազրույցի չի կարողանա մասնակցել «ռուսալեզու» համարվելու համար: Այնպես որ մեր պաշտոնյաների համար մեծ գրող Գոգոլը, որը ծնվել է Դիկանկա խուտորի մերձակայքում, չէր համարվի «ռուսաց լեզվի կրող»:

«Հետխորհրդային պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանի Դաշնությունը օրենսդրորեն ամրապնդեց ռուս ժողովրդի բաժանումը երկու անհավասար մասերի՝ նրանց, ով սերում է ՌԴ ներկայիս տարածքից, և մյուսների (Ուկրաինայի հարավի ու արևելքի, Մերձբալթիայի, Հյուսիսային Ղազախստանի բնակիչների), որոնք արժանի չեն համարվել «ռուսաց լեզվի կրողներ»: Իսկ ում թույլ կտան մասնակցել ռուսալեզու ճանաչող հանձնաժողովին, միևնույն է՝ այդքան էլ հեշտ չի լինի ստանալ ՌԴ անձնագիր կամ բնակության թույլտվություն: Հարկ կլինի առաջին հերթին հրաժարվել գործող քաղաքացիությունից, ինչպես նաև «ներկայացնել օտարերկրյա պետության լիազոր մարմնի փաստաթուղթը, որը կհաստատի, որ քաղաքացին դիմել է իր քաղաքացիությունից հրաժարվելու մասին դիմումով»: Այսպիսով, ՌԴ-ն քաղաքացիության հարցում իր հայրենակիցների հետ հարաբերություններում որպես միջնորդ է ընդունում օտարերկրյա պետությունները՝ արդյո՞ք այս կամ այն պետությունը կբարեհաճի նման «փաստաթուղթ» տալ:

Մի կողմից, ըստ օրենքի, այժմ իրավունք է տրվում բնակության թույլտվություն ստանալ առանց ժամանակավոր թույլտվություն նախապես ստանալու, սակայն մյուս կողմից՝ բաց է մնում «ռուսալեզու» ճանաչված անձանց աշխատանքի տեղավորման հարցը: Ժամանակավոր բնակության թույլտվություն նրանք չեն ունենա, իսկ բնակության թույլտվություն կկարողանան ստանալ միայն կես տարի անց, լավագույն դեպքում: Եվ այդ ընթացքում «ռուսալեզու» հայրենակիցը ստիպված է լինելու աշխատանքի թույլտվություն ստանալ ինչպես բոլոր ներգաղթյալները:

Երբ այդ բոլոր դժվարությունները հաղթահարվեն, «հաջողակ ռուսալեզու հավակնորդը» կկարողանա քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնել: Եվ ահա այստեղ է ի հայտ գալիս «պարզեցումը», անձնագրի հարկ կլինի սպասել ընդամենը 3 ամիս, ոչ թե 6, ինչպես պարզեցված քաղաքացիություն ստանալու մյուս բոլոր հայցորդներին: Թեև, վերաբնակեցման ծրագրի մասնակիցների համար ևս ՌԴ անձնագիր ստանալու ժամկետը վեց ամսից կրճատել են մինչև երեք ամիս: Այդքան սպասված օրենքն ափսոսանք ու հիասթափություն է առաջացնում: Եվ ոչ միայն մեր, այլև միլիոնավոր հայրենակիցների շրջանում»,- ասվում է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայտարարության մեջ:

Մարտի վերջում ամփոփվեցին մեկ այլ նախաձեռնության՝ հայրենակիցների վերաբնակեցման ծրագրի արդյունքները: Անցյալ տարվա ընթացքում Ռուսաստան է տեղափոխվել 36,8 հազար մարդ: 2012-ին այդ թիվը գրեթե երկու անգամ ավելի էր՝ 63 հազար: Ըստ ռեգիոնների նախարարության, ամենից շատ ձգտում են Ռուսաստան տեղափոխվել Ուզբեկստանի, Ղազախստանի ու Մոլդովայի քաղաքացիները: Հայաստանից և Ուկրաինայից ցանկանում է տեղափոխվել հայտ ներկայացնողների միայն 8 տոկոսը:

Ընդհանուր առմամբ, ծրագրի մեկնարկից ի վեր 2006 թվականից Ռուսաստան է ներգաղթել 162 հազար մարդ, թեև, սկզբում նախատեսվում էր մոտ 300 հազար մարդու ընդունել առաջին երեք տարում: Միևնույն ժամանակ, ինչպես անցյալ տարվա ավարտին հայտարարեց Ռուսաստանի ԴՄԾ ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին, Ռուսաստանը մինչև 2025 թվականը տարեկան մոտ 300 հազար ներգաղթյալի կարիք ունի:

Ավելի վաղ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է մեղմացնել միգրացիոն քաղաքականությունը ՀՀ քաղաքացիների համար: «Այս պահի դրությամբ կողմերը պայմանավորվածության են հասել միջգերատեսչական աշխատանքային խմբեր ստեղծելու մասին, այդ խնդրին սեղմ ժամկետում լուծում տալու համար»,- ասել էր Բաղդասարյանը Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի նիստի ավարտին:

Հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ էին մտել միգրանտների մասին օրենքի ուղղումները: Համաձայն դրանց, մուտքի արտոնագիր չունեցող քաղաքացիները կկարողանան ՌԴ տարածքում մնալ 90 օրից ոչ ավելի: Ընդ որում, նրանք կարող են կրկին երկիր այցելել 180 օրից: Մինչ այս օտարերկրյա քաղաքացիներն 90 օր անցկացնելով Ռուսաստանում, կարող էին մեկնել հայրենիք, և մի քանի օրից կրկին մուտք գործել ՌԴ: Դաշնային միգրացիոն ծառայությունը հայտարարել է, որ այս քայլը թույլ կտա կրճատել ապօրինի միգրանտների հոսքը երկիր, որոնց քանակն արդեն հասնում է 3,5 մլն:

Փետրվարի սկզբին ՀՀ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նամակ էր հղել իր ռուսաստանցի գործընկեր Նիկոլայ Պատրուշևին, որտեղ հույս էր հայտնում, թե Ռուսաստանը կվերանայի Հայաստանի համար վիզային ռեժիմը: Այսօրվա դրությամբ Երևանը ոչ մի արգելք չի սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար:

Հայաստանն ու Ռուսաստանը վերանայում են առանց մուտքի արտոնագրերի մասին 2000 թվականի երկկողմ համաձայնագիրը։ Ինչպես գրել է ռուսական REX գործակալությունը, համաձայնագրում փոփոխությունները ենթադրում են, որ մուտք գործելուց 5 ամիս անց լքելով Ռուսաստանը, վերադառնալ կթույլատրվի արդեն մեկ ամսից։ Այդ փոփոխությունները կատարելու մասին արձանագրությունն այժմ հաստատվում է ՀՀ ու ՌԴ համապատասխան մարմիններում։

ՌԴ Պետդումա էր ներկայացվել նաև օրինագիծ, որի համաձայն միգրանտներին չի տրվի աշխատանքի թույլտվություն, եթե նրանք չնշեն, որ հենց աշխատանքային գործունեությունն է ՌԴ այցելության պատճառը: Մասնավորապես, առաջարկվում է օրենքում արձանագրել, որ աշխատանքի թույլտվություն ստանալու համար ներգաղթյալը պետք է նաև միգրացիոն քարտ ներկայացնի, որտեղ որպես այցի նպատակ նշված է աշխատանքը:

2013-ին առաջին կիսամյակում ՌԴ ԴՄԾ մարմիններում հաշվառման վերցված ՀՀ քաղաքացիների քանակը հասել է 275 169:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---