4 մայիսի 2006 - 16:35 AMT
Ֆրանսիայի խորհրդարան օրինագիծ է ներկայացվել` Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանելու վերաբերյալ
Մայիսի 18-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովում նախատեսվում է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանելու վերաբերյալ օրինագծի քննարկում: «Հայերի ընտրական շանտաժը» հոդվածում թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդը գրում է, թե ֆրանսահայերը հայկական լոբբիի ամենահզոր բաղադրիչներից են եւ ունեն 400 հազար ընտրող: «Եթե հիշենք, որ վերջին անգամ Ժակ Շիրակը հաղթեց 120 հազար ձայների տարբերությամբ, կհասկանանք, որ հայերի ձայները շատ կարեւոր են: Իսկ Թուրքիայի դեմ արշավը սկիզբ առավ Ֆրանսիայից: Այժմ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների շրջան է, եւ այդ երկիրը հանուն 400 հազար քվեի հռչակեց Հայաստանի տարի եւ օրակարգում ընդգրկեց Ցեղասպանությունը ժխտողների համար պատիժ սահմանելու մասին օրինագիծը»,-գրում է Բիրանդը:

Թուրք լրագրողը Ֆրանսիայի խորհրդարան ներկայացված օրինագիծը կապում է ընտրողների քվեների համար մտահոգության հետ: «Ֆրանսիացիները գիտեն, թե ինչ հակազդեցություն կունենա այդ օրինագծի ընդունումը թուրք հասարակության շրջանում: Ֆրանսիան յոթերորդ տեղն է զբաղեցնում Թուրքիայում ներդրումներ կատարող երկրների թվում: 220 ֆրանսիական ընկերություններ միլիարդավոր եվրոներ են ներդրել Թուրքիայում: Արժե՞ այս պայմաններում, որ Ֆրանսիան կորցնի Թուրքիան մի օրենքի պատճառով, որի կիրառումը անտեղի խնդիրներ կստեղծի»,-նշում է Մեհմեդ Ալի Բիրանդը, հաղորդում է «Թըրքիշ Դեյլի նյուսը»: