Հերթական զոհերն ադրբեջանական բանակում. Ականի պայթյունից 3-ը զոհվել են, 6-ը՝ վիրավորվել

Հերթական զոհերն ադրբեջանական բանակում. Ականի պայթյունից 3-ը զոհվել են, 6-ը՝ վիրավորվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին ականի պայթյունից Ադրբեջանի ԶՈւ երեք զինծառայող զոհվել է, վեցը՝ վիրավորվել Ֆիզուլիի շրջանի ուղղությամբ ԼՂՀ ԶՈւ և ադրբեջանական զորքերի շփման գծում:

Պայթյունից զոհվել են Ադրբեջանի ԶՈւ կապիտան Ջեյհուն Օրուջալիևը, զինվորներ Սեյֆադդին Քերիմովն ու Նովրուզ Աբդուլլաևը: Վիրավորվել են զինվորներ Բահրուզ Մուսաևը, Ալի Միրզոևը, Ազեր Իսֆենդերզադեն, Մուրսալ Զուլֆուգարովը, Սադիգ Ջեբրաիլովը և Էմին Թալիբովը, հայտնում է «Կովկասյան հանգույցը» Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության վրա հղումով:

Վիրավորներին բարձրորակ բուժօգնություն ցույց տալու նպատակով Ֆիզուլիի շրջանի Ահմեդբեյլի գյուղ է գործուղվել երկրի զինված ուժերի գլխավոր վիրաբույժ վերակենդանացման մասնագետը: Ծանր վիրավորված զինվոր Էմին Թալիբովը ուղղաթիռով տեղափոխվել է Բաքու:

Միջադեպի քննության նպատակով այսօր՝ ապրիլի 8-ին, պատահարի վայր է մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Նախօրեին՝ ապրիլի 7-ին, ադրբեջանական բանակում միանգամից երկու միաջդեպ է գրանցվել: Մասնավորապես, ըստ ԱՊԱ գործակալության, շփման գծի մոտ տեղակայված ադրբեջանական զորամասերից մեկում «դժբախտ պատահար» է տեղի ունեցել: Զինվոր Գյարաքմյազլի Սեյմուր Ռուստամ օղլուն «անզգուշաբար» իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել իր ծառայակից Ինտիգամ Իլհամ օղլու Իսմաիլովի և զորամասի հրամանատարի տեղակալ Ռամին Ալիևի վրա: Զինվոր Իսմաիլովը մահացել է, Ալիևը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Փաստով հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն:

Ադրբեջանական բանակի ևս մեկ զինվոր ինքնասպան է եղել: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն Յասամալի շրջանային դատախազության վրա հղումով, պատահարը գրանցվել է զորամասի տարածքում: Ադրբեջանի ՌՕՈւ սպա, գնդապետ-լեյտենանտ Նաթիգ Մալիևը կախվել է իր տանը: Ինքնասպանության պատճառները պարզվում են:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ադրբեջանական «Դոկտրին» լրագրողական ռազմական հետազոտությունների կենտրոնը, 2014 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանի պաշտպանության ու անվտանգության ուժերի կորուստները հասել են 17-ի, 5 մարդ զոհվել է մարտական պայմաններում, 12-ը՝ ոչ մարտական: Ընդ որում 6 զինծառայող ինքնասպան է եղել, 3-ը մահացել են վթարների հետևանքով, ևս 3-ը՝ հիվանդություններից: Էլի 25 մարդ այդ ընթացքում վիրավորվել է կամ վնասվածքներ է ստացել: Նրանցից երկուսը վիրավորվել են մարտական պայմաններում, ևս երկուսը ՝ ականների պայթյունից: Մյուսները վիրավորվել են ոչ մարտական պայմաններում:

Այլ տվյալներով, տարեսկզբից ադրբեջանական բանակում «անզգուշության» պատճառով սեփական անձի ուղղությամբ կրակոցների թիվը գերազանցել է 20-ը: Եվս 10 զինվոր ինքնասպան է եղել: Զինվորներն օգտվում են իրենց ամրակցված զենքից, պարաններից և նույնիսկ մկնդեղից:

Ընդհանուր առմամբ Ադրբեջանի իշխանությունները չեն հրապարակում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրությունը: Սակայն ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների, 2014 թվականի հունվարին Ադրբեջանում ինքնասպան է եղել առնվազն 32 մարդ: Գրանցվել է նաև մինչև 18 տարեկան երեխաների շրջանում 4 ինքնասպանություն: Միայն մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանում ինքնահրկիզվել է ղարաբաղյան պատերազմի երեք վետերան՝ իրենց իրավունքների խախտման, դրամաշորթության ու այլ պատճառներով:

2013 թ. դեկտեմբերի 25-ից 2014 թ. հունվարի վերջն ընկած հատվածում Ադրբեջանում 5 ինքնահրկիզում է կատարվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---