11 ապրիլի 2014 - 15:25 AMT
Վալերի Բուայեն Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել օգնել քեսաբահայերին

Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն Քեսաբի վրա հարձակման կապակցությամբ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարին խնդրել է պարզաբանել, թե ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել երկրի կառավարությունըհարձակումներըկասեցնելու ու հայերին պաշտպանելու համար, գրում է «Nouvelles d՝Arménie»-ին:

Ըստ Բուայեի, Քեսաբի հայությունը, որոնք հիմնականում 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն են, տարածաշրջանի վերջին հայ համայնքներից է: Նա նշել է նաև, որ Քեսաբը գրոհել են ծայրահեղական իսլամիստները Թուրքիայի կառավարության աջակցությամբ: Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին Թուրքիայի մասնակցությանը նման ահաբեկչական գրոհներին պետք է արժանի պատասխան տրվի:

Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Զոհեր Քեսաբի հայերի թվում չկան:

Իր հերթին Ամերիկայի Հայկական համագումարն ԱՄՆ Կոնգրեսին Հայաստանին և Արցախին օգնություն տրամադրելու և քեսաբահայերինպաշտպանելու վերաբերյալ զեկույց է ներկայացրել:

Միևնույն ժամանակ Կոնգրեսի հանձնաժողովը, որը զբաղվում է հայկական հարցերով և որի ղեկավարներն են համանախագահներ ֆրենկ Փալոուն կրտսերն ու Մայքլ Գրիմը, նամակ են հղել հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Քեյ Գրանգերին և հանձնաժողովի բարձրաստիճան անդամ Նիտե Լովին՝ նշելով ԱՄՆ կողմից Հայաստանին ու Արցախին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:

Ամերիկայի Հայկական hամագումարի զեկույցում, մասնավորապես, ասվում է. «Ամերիկայի Հայկական համագումարը կոչ է անում Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովին առնվազն 40 մլն դոլարի չափով օգնություն տրամադրել Հայաստանին՝ ներառյալ առնվազն 1,7 մլն դոլար արտաքին ռազմական ֆինանսավորման համար ու 600 հազար դոլար միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման համար:

Բացի այդ, Վեհաժողովը պահանջում է առնվազն 5 մլն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաև նպատակային միջոցներ Վրաստանի հայաբնակ Ջավախքի տարածաշրջանի համար, միևնույն ժամանակ անհրաժեշտ աջակցութուն ապահովելով Մերձավոր Արևելքում վտանգված քրիստոնյաների ու այլ փոքրամասնությունների համար՝ հաշվի առնելով իրադարձությունները Քեսաբում»:

Կարևորելով Քեսաբի ճգնաժամը՝ ԱՀՀ-ն, նախագահ Օբամային հասցեագրված նամակից և ԱՄՆ Պետքարտուղարությունում հանդիպումներից հետո, Կոնգրեսին է ներկայացրել զեկույցը. «Հաշվի առնելով մտահոգություն հարուցած զեկույցները, որոնց համաձայն Ալ Քայիդայի հետ կապ ունեցող գրոհայինները ներխուժել են Թուրքիայի տարածքից, որի հետևանքով հայաբնակ Քեսաբի բնակչությունը ստիպված է եղել հեռանալ տներից, մենք կոչ ենք անում Կոնգրեսին անհապաղ քայլեր ձեռնարկել հայ համայնքի պաշտպանության համար»:

Ամերիկայի Հայկական համագումարի զեկույցում արծարծվում են այն 9 կարևոր ոլորտները, որտեղ, ըստ կազմակերպության, ԱՄՆ-ն առանցքային դերակատարություն կարող է և պետք է ունենա՝ պաշտպանելով ամերիկացիների ու ամերիկահայերի շահերը տարածաշրջանում: Դրանք են՝ օգնությունը Հայաստանին, օգնությունը Լեռնային Ղարաբաղին, Վրաստանի հայաբնակ Ջավախքին, քրիստոնյա փոքրամասնություններին, որոնք վտանգված են Մերձավոր Արևելքում, Ազատության մասին ակտի 907-րդ ուղղումը, խաղաղ բանակցությունները Ղարաբաղի հարցի շուրջ, ռազմական օգնությունն ԱՄՆ-ին, էներգետիկ անվտանգությունը, ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը:

«Համագումարը հուսով է աշխատել Կոնգրեսի անդամների հետ բոլոր այդ հարցերի շուրջ և կրկին կոչ է անում կոնկրետ միջոցներ ձեռնարկել քեսաբահայերին և Մերձավոր Արևելքի բոլոր համայնքներին պաշտպանելու համար, հայտնում է Armenia Today-ը: Մինչդեռ, ինչպես հայտնում է LifeNews-ը, Քեսաբը զավթած գրոհայինները սկսել են նահանջի ուղիներ որոնել: Ապրիլի 10-ին սիրիական բանակը սկսել է Քեսաբը գրոհայիններից ազատելու գործողությունը:

«Սկզբում խմբավորումները բազմաթիվ էին, սակայն ներխուժումից արդեն 15 օր անց նրանց քանակը զգալիորեն նվազեց: Թուրքերն արջի ծառայություն մատուցեցին նրանց: Նրանք այստեղ իրենց գերեզմանը կգտնեն», -պատմել է սիրիական բանակի զինծառայող Վիլյամ Իբրահիմը:

Լեռներում՝ Սիրիայի ու Թուրքիայի սահմանին, խոշորածավալ կառավարական գործողություն է իրականացվում: Երկրի տարբեր անկյուններից այստեղ են բերվում զորքեր գրոհայիններին ջախջախելու նպատակով:

Իսլամիստների շարքերում ներխուժման պահին մոտ 9 հազար մարդ կար: Գրոհայինների դեմ մշատական հրետակոծություն է իրականացվում: Ըստ սիրիացիների, գրոհայինների թիվը այժմ մոտ 400 է:

Photo: marashgirl.blogspot.com