1 զոհ, 57 վիրավոր. Ռմբակոծվել է Դամասկոսի հայ կաթողիկե դպրոցը (թարմացված)

1 զոհ, 57 վիրավոր. Ռմբակոծվել է Դամասկոսի հայ կաթողիկե դպրոցը (թարմացված)

PanARMENIAN.Net - «Փարոս» հայկական դպրոցի հրթիռակոծումը տեղի է ունեցել առավոտյան 7։44-ին, ինչի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 57 մարդ, նշվում է Դամասկոսի Հայ կաթողիկե պատրիարքարանի հաղորդագրության մեջ։

Դամասկոսի Հայ կաթողիկե համայնքի ժողովրդապետ հայր Գևորգ վարդապետ Պահեն տեղեկացրել է, որ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից 6-ի վիճակը ծանր է։ Զոհվածն ու վիրավորների մեծ մասն աշակերտներ են։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկատվություն էր տարածել, ըստ որի նախնական տվյալով, Դամասկոսի հայ կաթողիկե դպրոցի ռմբակոծության հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել մոտ 60 անձ։

Սիրիայի մայրաքաղաքի Հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Հովսեփ եպիսկոպոս Առնաուտյանը հայտնել է, որ վիրավորներից 4-ը հայ են, մեկը` ուսուցչուհի, մյուսները` աշակերտներ, գրում է «Նովոստի Արմենիան»:

«Զոհված երեխան հայ չէ: Նա մոտ 8-9 տարեկան էր»,- ասել է Առնաուտյանը:

Ավելի ուշ Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը հրապարակել է այսօր Դամասկոսի Հայ Կաթողիկե «Փարոս» վարժարանի հրթիռակոծման հետևանքով վիրավորված հայերի անունները։Վիրավոր աշակերտներն են Նարեկ Մարաշլյանն ու Հակոբ Խտըրլարյանը, իսկ ուսուցչուհիները՝ Սիլվա Լյուլեճյանն ու Ֆրասու Տեշօղլանյանը:

Վարժարան այցելու պահին վիրավորվել է նաև Ռուպա Արիսյանը, գրում է Tert.am-ը։

Միևնույն ժամանակ Asbarez-ը հայտնում է, որ Հալեպում իրավիճակը կրկին վատացել է: Սիրիայի կանոնավոր բանակի և զինյալ ընդդիմադիրների միջև բուռն բախումներ են տեղի ունեցել Զահրաա (քաղաքի արևմտյան կողմը), Լերամուն (հյուսիս-արևմուտք), Ռամուսե (հարավ-արևմուտք), Համդանիե (արևմուտք) և Շեյխ Մակսուտ (հյուսիս) շրջաններում:

Ռամուսեի բախումների հետևանքով ժամանակավորապես վտանգված է Հալեպից դուրս գալու միակ ճանապարհը՝ Խանասերը: Զինյալները շարունակում են հրթիռներ արձակել Հալեպի զանազան թաղամասերի վրա:

Հանգստյան օրերին տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ հրթիռներ և արկեր են արձակվել Հալեպի զանազան շրջանների և հատկապես հայաշատ Նոր Գյուղ շրջանի վրա՝ հասցնելով մարդկային և նյութական մեծ վնասներ: Զոհերի և վիրավորների թվում կան հայեր: Զոհվածների անուններն են Սաքո Աշնալքյան և Լևոն Գևորգյան, վիրավորների` Վրեժ Եագուպյան, Ժագ Տեկիրմենճյան, Հարութ Աբիկյան, Արաքսի Օրուլյան, Հասմիկ Մանուել-Թույթույնճյան, Կարո Քարակույլիյան:

Ապրիլի 14-ին հրթիռակոծությունը շարունակվել է Նոր Գյուղ շրջանի տարբեր թաղամասերում: Նույն օրը Լաթաքիայի Ճապլե շրջանի մերձակայքում մի քանի հրթիռ է ընկել` պատճառելով նյութական վնասներ:

Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովում հաստատված Հայ Եկեղեցու սոցիալական հիմնադրամի կողմից ապրիլի 15-ին 100.000 ԱՄՆ դոլար է փոխանցվել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հաշվեհամարին` ի զորակցություն քեսաբահայության: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Իրանի Սպահան քաղաքում հայ երիտասարդներն ապրիլի 15-ին բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանում տեղի ունեցող դեպքերի և դրանում Թուրքիայի ունեցած դերակատարության, գրում է Tert.am-ը։

Ակցիայի ընթացքում հայերեն և պարսկերեն կոչեր են հնչել և հիշեցվել է 1915թ.-ին Թուրքիայի իրականացրած ոճրագործությունների մասին։«Դատապարտելի է Թուրքիայի ոճրագործությունը»՝ գրված է եղել իրանահայ երիտասարդների պարզած պաստառի վրա։Միջոցառման ավարտին հավաքվածները ծաղիկներ են դրել տեղի սբ Ամենափրկիչ վանքում գտնվող Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։

Ավստրալիայի հայ համայնքը քեսաբահայերին օգնության նպատակով մի շարք բարեգործական միջոցառումներ է կազմակերպել` «Ավստրալահայ գաղութն այստեղ է` սիրիահայերի կողքին» ընդհանուր նշանաբանով, որոնց ընդացքում հավաքագրվել է և քեսաբահայերի օժանդակության ֆոնդին թփոխանցվել մոտ 40.000 ավստրալիական դոլար:

Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Քեսաբի հայերի թվում զոհեր չկան: Շաբաթվա սկզբին ինտերնետում զետեղվել է Թուրքիայի պաշտոնյաների մասնակցությամբ գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը, որի ընթացքում քննարկվում են Թուրքիայի գաղտնի ծրագրերը Սիրիայի վերաբերյալ:

Ըստ սիրիացի զինվորականների, մոտ 2,5 հազար գրոհայինները ներխուժել են Սիրիա ոչ միայն Քեսաբի վրա հարձակվելու նպատակով: Նրանք մտադիր էին զավթել ռազմավարական նշանակության թիվ 45 բարձունքը: Դա նրանց հաջողվեց ընդամենը 48 ժամով: Սիրիացիները պնդում են, որ այժմ բարձունքը վերահսկում են բանակայինները: Զինվորականները մտադիր են տարածաշրջանն ազատել գրոհայիններից արդեն մոտ օրերին: Լաթաքիայի հյուսիսում բանակային ստորաբաժանումները վերահսկում են Ջեբալ ալ Հարամիա շրջանը, որը գտնվում է Ջեբալ ան Նեսր շրջանից դեպի հարավ:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում զոհվել է մոտ 125 հազար մարդ, 2 միլիոնը փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն:

 Ուշագրավ
ԱԺ-ին կհատկացվի ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքը, որի շինաշխատանքները շուտով կվերսկսվեն
Աբու Դաբիում կլուսավորվի ազգային նավթային ընկերության երկնաքերը
Այդ մասին հայտարարել է Լիբանանի ազգային առաջնորդարանը
Գեյվին Նյուսոմի խոսքով՝ ատելության նմանատիպ դրսևորումը նահանգում տեղ չունի