ԵԽԽՎ-ն ընթացք է տվել Ադրբեջանի՝ ԼՂ Սարսանգի ջրամբարի հետ կապված նախաձեռնությանը

ԵԽԽՎ-ն ընթացք է տվել Ադրբեջանի՝ ԼՂ Սարսանգի ջրամբարի հետ կապված նախաձեռնությանը

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն որոշում է կայացրել ընթացք տալ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ կապված նախաձեռնությանը։ Բյուրոյում բանաձևի նախաձեռնությունը հաստատվել է, նշանակվելու է զեկուցող, ով պետք է պատրաստի համապատասխան զեկույց Սարսանգի ջրամբարի վերաբերյալ։ Զեկույցը, հավանաբար, կքննարկվի ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանում, գրում է Panorama.am-ը:

Ապրիլի 7-ին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽ վեհաժողովում Ադրբեջանցի պարգամավորները հադես են եկել նախաձեռնությամբ, որը կապված է Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ։ Ադրբեջանցի պատգամավորներն իրենց առաջարկած տեքստում նշում են, թե Ադրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկված են ջրից։ Առաջարկության մեջ ասվում է, որ երկար տարիներ՝ հատկապես գարնանն ու ամռանը, Ադրբեջանի սահմանամերձ գոտիների ոռոգումը կատարվել է Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրամբարից, ինչը ներկայումս ամառվա ամիսներին դադարեցվում է։

Այս նախաձեռնությամբ առաջարկվում է ԵԽԽՎ-ին հետաքննություն անցկացնել և ընդունել համապատասխան բանաձև։ Նախաձեռնությությունը, որի տակ ստորագրել են ԵԽԽՎ 27 պատգամավորներ, ներկայացվել է ապրիլի 1-ին:

Սա առաջին անգամ չէ, որ ադբեջանցիները միջազգային ատյաններում ու նաև ԵԽԽՎ-ում բարձրացնում են Սարսանգի ջրամբարի հարցը։ 2013-ի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ևս բարձրացվել էր Սարսանգի ջրամբարի հարցը, սակայն Բյուրոն, որն իրավունք ունի առաջարկվող նախաձեռնություններին ընթացք տալ, կասեցնել կամ ընդունել որպես ի գիտություն, Ադրբեջանի՝ Սարսանգի վերաբերյալ բանաձևի նախաձեռություն ընդունել էր որպես «Ի գիտություն»։

Սակայն այս անգամ՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում, որտեղ բավական թեժ էին քննարկումները՝ Ղրիմի հանրաքվեի, ռուս պատվիրակների քվեարկության իրավունքի հարցերի հետ կապված, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության դիրքորոշումներն ամենևին չէին համապատասխանում ԵԽԽՎ մեծամասնության կարծիքին, որտեղ միանշանակորեն պաշտպանվում էր տարածքային ամբողջականությունն ու քննադատվում Ռուսաստանի կողմից Ղրիմի նկատմամբ ռազմական միջամտությունը։

Այս հանգամանքը, կարծես, ևս աննկատ չմնաց ԵԽԽՎ-ում, որն էլ ընթացք տվեց ադրբեջանցիների` մինչ այդ մի քանի անգամ մերժված նախաձեռնություններին՝ կապված Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ։

Սարսանգի ջրամբարը գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ Թարթառի միջին հոսանքում՝ Մարտակերտ քաղաքից մոտ 15 կմ հարավ-արևմուտք։ Շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Ջրատարողությունը՝ 560 մլն մ³, օգտակարը՝ 500 մլն մ³, ջրթողքը՝ 900 մ³/վ։ Պատվարը հողային է, բարձրությունը՝ 130 մ։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։ Ձմռանը չի սառցակալում։ Կա ձկնաբուծություն։ Շրջակայքն անտառածածկ է։

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---