5 մայիսի 2006 - 16:23 AMT
Վալենտինա Մատվիենկո. Երբ զոհվում են երիտասարդ եւ առողջ մարդիկ, կրկնակի անգամ ցավալի է
Սանքտ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն այսօր այցելել է Հայաստանի գլխավոր հյուպատոսություն, որտեղ գրառում է արել ցավակցությունների մատյանում հայկական ավիաուղիների ինքնաթիռի վթարից ուղեւորների եւ անձնակազմի մահվան կապակցությամբ: «Անձնապես իմ եւ Սանքտ Պետերբուրգի բոլոր բնակիչների անունից խորին ցավակցություն եմ հայտնում եղբայրական Հայաստանի ժողովրդին Սոչիի մոտ ավիավթարի հետեւանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Կործանված ինքնաթիռում եղել են մեր երկու երկրների քաղաքացիներ: Այսօր` մայիսի 5-ը սգո օր է հայտարարված Հայաստանում եւ Ռուսաստանում: Այս վշտալի օրերին իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին եւ մերձավորներին»,-գրել է նահանգապետը: Նա նաեւ անձնապես ցավակցություն է հայտնել Հայաստանի գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանին: «Երբ զոհվում են երիտասարդ եւ առողջ մարդիկ կրկնակի անգամ ցավալի է: Հարազատներն ու մերձավորները կորցրել են ամենաթանկը»,-ասել է նահանգապետը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: