26 ապրիլի 2014 - 13:42 AMT
Ոգեկոչելով Ցեղասպանության զոհերի հիշատակը. Մոմավառություններ, ցույցեր, հոգեհանգստյան կարգեր

Ամեն տարի Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայ ազգը հիշատակում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության զոհերին։

Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքը հիշատակը հավերժացնող միջոցառումների շարքը սկսել է սգո երթով դեպի Շտայնհալդենֆելդի (Steinhaldenfeld) գերեզմանոցում գտնվող հայկական խաչքարը, ուր ծաղկեպսակներ են դրվել, ապա տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ։ Համայնքի հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Տիրատուր քհն. Սարդարեանը բնութագրել է Թուրքիայի վարչապետի ցավակցության խոսքը որպես ցինիկ և անբավարար։ Հայոց Ցեղասպանության թեման մոռանալու, «ավլելով գորգի տակ գցելու» նոր մեթոդներ են ի հայտ գալիս։ Հայոց Ցեղասպանությունը ժամանակակից թուրքերի նախնիները իրականացրել են լավ կազմակերպված սիստեմատիկ ծրագրով։ «Նախքան մեզ ցավակցելը, դուք պետք է ընդունեք Ցեղասպանությունը` իր բոլոր հետագա քայլերով։ Միայն դրանից հետո մենք կարող ենք ընդունենլ ձեր ցավակցությունները», - ասել է քահանան։

Ապրիլի 24-ին Փարիզի Հաղթանակի կամարի տակ տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հանդիսավոր արարողություն: Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի և Ֆրանսիացի բազմաթիվ քաղաքապետերի և պետական պաշտոնյաների գլխավորությամբ հազարավոր ֆրանսիացիների և ֆրանսահայերի՝ դեպի Հաղթանակի կամար կատարած հանդիսավոր քայլերթին հաջորդել է ծաղկեպսակների խոնարհման արարողությունը:

Ապրիլի 24-ին Ցեղասպանության 99-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել նաևԿանադայի մայրաքաղաք Օտտավայում, որին մասնակցելու համար մայրաքաղաք էին ժամանել հայ համայնքի ներկայացուցիչներ Տորոնտոյից, Մոնրեալից, Քեմբրիջից և այլ հայաշատ քաղաքներից: Ոգեկոչման արարողությունը սկսվել է Կանադայում ՀՀ դեսպանության մոտ, որտեղ ծաղկեպսակներ են տեղադրվել «Անմահ Հայաստան» հուշարձանին, իսկ հոգևորականները` Կանադայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ մատուցել են ցեղասպանության անմեղ զոհերի հոգեհանգստի պատարագ:

Հայոց ցեղասպանության ոգեկոչումը շարունակվել է Կանադայի խորհրդարանի դիմաց, որտեղ ցուցարարների հոծ բազմությանն են միացել խորհրդարանի անդամներ և այլ պաշտոնյաներ:

Ապրիլի 24-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Հռոմի Սուրբ Նիկողայոս հայկական կաթողիկե եկեղեցում Հռոմի Քահանայապետական Լևոնյան վարժարանի Մեծավոր հայր Գևորգ Նորատունկյանի մատուցած պատարագին: Պատարագի ավարտին Սուրբ Աթոռի անունից ելույթ է ունեցել Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչել են նաև Նեապոլի Սուրբ Կատերինա Կիայա եկեղեցում: Ներկաներին ընթեցվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի ուղերձը, որում, մասնավորապես, ասվում էր, որ եթե միջազգային հանրության կողմից ժամանակին տրվեր Հայոց ցեղասպանության գնահատականը, մարդկությունը կարող էր խուսափել պատմության որոշ ողբերգական էջերից, ինպիսիք էին Հոլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը, ինչպես նաև` անպատժելիության հետևանք հանդիսացող մարդկային վայրենության այլ դրսևորումները:

Տեղափոխվենք Հունաստան. Ապրիլի 24-ին Աթենքի նահանգապետարանի և Նեա Զմիրնիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնաժողովի և ՌԱԿ Հունաստանի հայ իրավանց խորհրդի համակազմակերպմամբ Աթենքի Նեա Զմիրնի թաղամասի Էսթիա հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:

Միջոցառումն ուղեկցել է Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտների պատվո պահակախումբը: Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանի գլխավորությամբ` Հայ առաքելական, ավետարանական և կաթոլիկ եկեղեցիները ներկայացնող հոգևոր հայրերը հոգեհանգստյան կարգ են մատուցել Ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:

Ավելի վաղ Աթենքի, Ալեքսանդրուպոլսի, Սալոնիկի հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվել են հոգեհանգստի կարգեր: Ապրիլի 10-ին կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը Ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ելույթ է ունեցել Կիպրոսի խորհրդարանում` խորհրդարանի բոլոր անդամների ներկայությամբ: Ելույթից առաջ կիպրական խորհրդարանի անդամները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Հայոց Ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Կիպրոսի` Հայոց Ցեղասպանության ոգեկոչման հանձնախմբի կազմակերպությամբ` ապրիլյան միջոցառումների մեկնարկը տրվել է ապրիլի 23-ին երիտասարդական քայլերթով: Եղեռնի նահատակների հուշահամալիրի առջև տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն` Կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տ. Վարուժան Արքեպիսկոպոս Հերկելյանի գլխավորությամբ:

Ապրիլյան ոգեկոչման միջոցառումների շարքը կեզրափակվի ապրիլի 26-ին. Նիկոսիայի Նարեկ վարժարանում կկազմակերպվի արյունատվություն:

Սերբիայի hայ hամայնքն այս տարի ևս իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Բելգրադի հայությունը հավաքվել էր սբ Գաբրիել Հրեշտակապետի եկեղեցում, որտեղ պատարագ է մատուցվել` ի խաղաղություն Մեծ Եղեռնի զոհերի հոգիների։

Ապրիլի 24-ին Վարշավայի Սադիբա թաղամասում գտնվող հայկական պուրակում տեղադրված խաչքարի առջև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանի ձեռամբ մատուցվել է Հոգեհանգստյան կարգ` Հայոց Ցեղասպանությանը զոհ դարձած հայորդիների հոգիների խաղաղության համար: Այնուհետև տեղի է ունեցել մոմավառություն, դրվել են ծաղկեպսակներ:

Հայոց Մեծ Եղեռնի 99-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ կազմակերպվել էին նաև Վիեննայում: Ավստրիայում ՀՀ դեսպանության նախաձեռնած Հիշատակի կենտրոնական միջոցառումը տեղի է ունեցաել Վիեննայի կենտրոնում գտնվող Հին քաղաքապետարանի հանդիսությունների դահլիճում:

Հայոց ցեղասպանության մասին հիմնական զեկույցով հանդես է եկել Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի նախկին երկրորդ նախագահ, ներկայումս Իննսբրուկի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի պրոֆեսոր, դոկտոր, Մարդու իրավունքների լիգայի անդամ Հայնրիխ Նայսերը: Նա մասնավորապես նշել է, որ «Եվրոպական Միության համար, որը հանդես է գալիս հանուն մարդու իրավունքների պաշտպանության, Հայոց ցեղասպանության ճանաչումը լավագույն փորձաքարը կարող է հանդիսանալ: Դա այլ բան չէ, քան փաստական իրականության պարզ ճանաչում: Հատկապես սփյուռքում ապրող հայերի համար ինքնության հարցը կարևորագույն խնդիր է: Մշտապես արծարծվող եվրոպական ինքնությունը միայն այն ժամանակ կարող է հնարավոր դառնալ, երբ համաձայնություն է առկա Եվրոպայի պատմության հարցում: Այլապես ճակատագրական սխալ կլինի կարծել, թե այլևս չեն կարող ցեղասպանություններ տեղի ունենալ: Վերջին ժամանակների ցեղասպանությունները, մասնավորապես Աֆրիկայում, ասվածի ապացույցն են»:

Ապրիլի 23-ի երեկոյան Վիեննայի 6-րդ՝ Մարիահիլֆ շրջանի թաղապետարանի հանդիսությունների սրահում կազմակերպվել էր դասախոսություն «Անատոլիա և հայ մշայութային հետքեր» խորագրով (բանախոս` Թուրքիայում լույս տեսնող ԱԿՈՍ օրաթերթի խմբագրակազմի անդամ Զաքարիա Միլտանօղլու): Դասախոսությունը ուղեկցվում էր երաժշտական կատարումներով և Թուրքիայում հայկական բնակավայրերի լուսանկարների ցուցադրությամբ:

Ապրիլի 24-ի ցերեկը Վիեննայի 3-րդ թաղամասում գտնվող հայ առաքելական Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվել է հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի: Պատարագը մատուցել է Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը: Պատարագի ավարտին Ավստրիայում Հայաստանի դեսպանության և Վիեննայի հայկական կազմակերպությունների կողմից ծաղկեպսակներ են դրվել եկեղեցու բակում վեր խոյացող Հայոց Մեծ Եղեռնի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Ապրիլի 24-ին հարևան Վրաստանում` Բաթումի սբ Փրկիչ եկեղեցում աջարահայ համայնքի հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը մատուցել է պատարագ և կատարել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման կարգ, որին հետևել է մոմավառությունը եկեղեցու բակում:

Նույն օրը Գերմանիայի Ենա քաղաքի քաղաքապետարանի հրապարակում առաջին անգամ տեղադրվել է Հայաստանի դրոշը, որը խոնարհվել է՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ուղերձում Ենայի քաղաքապետ դոկտոր Ալբրեխտ Շրյոթերը նշել է, որ Հայաստանի դրոշի խոնարհումը նախ և առաջ Գերմանիայի մեղսակցությունը հիշեցնելու համար է: Բացի դրանից, այն պետք է ուշադրություն հրավիրի փաստի վրա, որ ցեղասպանության ճանաչումը մինչ օրս մերժվում է Թուրքիայի կողմից:

Բեյրութում Թուրքիայի դեսպանատան առջև նույնպես բողոքի ցույց է կազմակերպվել, որին մասնակցել են հարյուրավոր լիբանանահայ երիտասարդներ։ Ցույցը կազմակերպել էին ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական Միությունն ու ՀՅԴ Զաւարեան Ուսանողական Միությունը։ Ցուցարարները պահանջում էին ոչ միայն ցեղասպանության ճանաչում Թուրքիայի կողմից, այլև` հողերի հատուցում։