Եվրախորհրդարանի պատգամավոր. Թուրքիայի վարչապետի հայտարարությունը ֆարս է

Եվրախորհրդարանի պատգամավոր. Թուրքիայի վարչապետի հայտարարությունը ֆարս է

PanARMENIAN.Net - Կիպրոսից Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Տեոխարոուսը կոչ է արել զգոն լինել միջազգային հանրության ու Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանի ապրիլի 23-ի հայտարարությունը ֆարս անվանելով, հայտնում է Cyprus Mail-ը:

Տեոխարոուսը աշխատել է «Աշխարհի բժիշկներ» կազմակերպությունում որպես բժիշկ և եղել նաև ղարաբաղյան հակամարտության գոտում: Նա նաև գլխավորում է ԵԽ-ում Հայաստանի բարեկամների խումբը և հանդես է եկել Նիկոսիայում կայացած հանրահավաքում, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին:

«Աշխարհը երբեք չպետք է մոռանա, թե ինչ կատարվեց հայերի հետ իրենց իսկ պատմական հայրենիքում: Թուրքիան շարունակում է սատարել իսլամիստ ծայրահեղականներին Սիրիայում՝ օգնելով նրանց քանդել քրիստոնյաների քաղաքները, հուշարձանները, եկեղեցիները: Եվ այդ ամենն արվում է սիրիացիներին, մասնավորապես, Քեսաբի հայերին, օգնելու պատրվակով», -ասել է ԵԽ պատգամավորը: Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը նույնպես հայտարարությամբ է հանդես եկել, իսկ թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Վարուժան Հերգելյանը հոգեհանգստյան կարգ է կատարել անմեղ զոհերի հիշատակին:

Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցին նվիրված գրավոր հայտարարության մեջ Կիպրոսի կառավարության մամուլի քարտուղար Նիկոս Խրիստոդուլիդեսը նշել է, որ այդ հանցագործությունը խարան է մարդկության պատմության համար և Կիպրոսի Հանրապետությունը առաջիններից էր, որ ճանաչեց Ցեղասպանությունը: «Նախագահ Նիկոս Անաստասիադիսը և կառավարությունը համերաշխություն հայտնեցին հայ ժողովրդի հետ և շարունակում են սատարել Ցեղասպանության միջազգային ճանաչմանը», - ասվում է հայտարարության մեջ:

Ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով:

Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար:

Թուրքիայի Հանրապետությունը 1915 թ. իրադարձությունները գիտական առումով հետազոտելու համար մի միասնական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կոչ արեց: Այդ առաջարկը դեռ ուժի մեջ է: Թուրք, հայ և միջազգային պատմաբանների համատեղ հետազոտությունը մեծ դեր կունենա 1915 թվականի իրադարձությունների լուսաբանման ու պատմության ճիշտ մեկնաբանության գործում: Ուստի մենք բացել ենք մեր բոլոր արխիվները հետազոտողների համար: Մեր արխիվներում այսօր պահպանվող հարյուր հազարավոր փաստաթղթերը ներկայացված են պատմաբանների ուսումնասիրությանը: Թուրքիան, վստահորեն նայելով ապագային, միշտ աջակցել է գիտական ու համակողմանի հետազոտություններին՝ պատմության ճիշտ ընկալման համար: Հույսով և հավատով, որ նմանատիպ սովորություններ ու ավանդույթներ ունեցող հին ժողովուրդները, որոնք միևնույն, բարդ աշխարհագրական տարածքին են պատկանում, կարող են միասին ու արժանի կերպով հիշել իրենց անցյալն ու կորուստները: Մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին զոհված հայերի հոգիները խաղաղությամբ հանգչեն, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Մենք հիշում ենք Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ինչ կրոն էլ նրանք դավանեն և ինչ ազգության էլ պատկանեն, որոնք զոհվեցին այդ շրջանում նման պայմաններում: Թող հանգչեն խաղաղությամբ»:

Աշխարհահռչակ շանսոնյե, հայ գաղթականների զավակ Շառլ Ազնավուրը հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայ ժողովրդից «ներողություն» խնդրելու իրավունք չունի, նա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ի պատասխան Էրդողանի հայտարարության «1915 թվականի իրադարձությունների մասին», նշել է. «Ժամանակի հետ ավելի հաճախ հայտնվելով միջազգային մեկուսացման մեջ՝ Անկարան փորձում է նենգափոխել ժխտողականության էությունը: Վարչապետ Էրդողանն իր ելույթում ապարդյուն փորձ է անում խուսափելու Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունից՝ ներկայացնելով կոտորածը որպես չլուծված հակամարտություն հայերի ու թուրքերի միջև: Բայց ոչ փաստերը, ոչ որևէ օրենք աշխարհում չի հաստատում նրա այդ գաղափարը: Փաստը մնում է փաստ՝ Էրդողանի հայտարարությունը դաժան ու ցինիկ հնարք է և ցույց է տալիս, թե ինչպես է Թուրքիան խոչընդոտում արդարադատության իրացմանը Հայոց ցեղասպանության հարցում»:

Իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, թե Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը «1915 թվականի ողբերգական իրադարձությունների մասին, որոնք հանգեցրին Անատոլիայի հայերի տեղահանմանը Օսմանյան Թուրքիայում Առաջին համաշխարհայինի տարիներին», հասավ նպատակին: Նախարարը նշել է, որ հայտարարությունն առաջին հերթին հասցեագրված էր հայերին, ոչ թե այլ ժողովրդներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---