Շիրազի 100-ամյակը նշելով. Հոբելյանական հուշադրամի հատում, ֆիլմի նկարահանում ու ցուցահանդեսներ

Շիրազի 100-ամյակը նշելով. Հոբելյանական հուշադրամի հատում, ֆիլմի նկարահանում ու ցուցահանդեսներ

PanARMENIAN.Net - «Շիրազ մեծ տաղանդ մըն է։ Անիկա մեծ, մեծ անուն ունի և մենք շատ կգնահատենք անոր գոյություն... Շիրազ թանկագին հոգի մըն է, ես շատ կցանկանամ լուրեր առնել անոր գրություններե, լսել անոնք։ Ան տաղանդ է, մենք պետք է հպարտ զգանք և մեծ պատիվ համարենք անոր հետ ծանոթ ըլլալ», - ասում էր Վիլյամ Սարոյանը:

Ապրիլի 27-ին հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է: Լրանում է գրողի ծննդյան 100-ամյակը:

Այդ առթիվ Կենտրոնական բանկը թողարկել հուշադրամներ, որի դիմերեսին պատկերված են Մեծ Մասիսը, Հովհաննես Շիրազի ստորագրությունը և նրա «Կտակ» բանաստեղծությունից տողեր: Ներքևում` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ 2014» և «10․000 դրամ» մակագրություններն են:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հովհաննես Շիրազի դիմաքանդակը, ձախ կողմում եզրագծով «Շիրազ 1914-1984» մակագրություններն են:

Հուշադրամի տեխնիկական չափանիշներն են` անվանական արժեքը` 10 000 դրամ, մետաղը և հարգը` ոսկի, 9․000, տրամագիծը` 22,0 մմ, քաշը` 8,6 գ, որակը` պրուֆ, դրամաշուրթը` ատամնավոր, տպաքանակը` 500 հատ, էսքիզների հեղինակներ` Հարություն Սամուելյան (դիմերես), Էդուարդ Կուրղինյան (դարձերես): Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

«Ես ծնվել եմ ձորերում` Եղեռնի սև օրերում... …Հատուցումը եղեռնի` Երբ էլ լինի` կհառնի: Իրար գրկեն պիտի ողջ Այս ազգերն էլ մահագոչ: Աշխարհ, դու ինձ մի նայիր, Իմ ողջ ազգին փայփայիր: Վախենում եմ, թե նրան Դու պարտք մնաս... հավիտյան»:

Հովհաննես Շիրազը ծնվել է 1914թ.-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի)։ Շիրազը մեծացել է աղքատության մեջ։ Առաջին գործը՝ «Գարնանամուտ» անվանմամբ բանաստեղծությունն է, հրատարակվել է 1935թ.-ին։ Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է «Շիրազ» գրական անունը, որովհետև «Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն» (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով)։ Ուսանել է Երևանի պետական համալսարանում և Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտում։ 1958 թ. հրատարակում է «Քնար Հայաստանի» գրքի առաջին հատորը։ Երկրորդ և երրորդ հատորները հրատարակվում են 1965 թ. և 1974 թ. Այս ժողովածուները ներառում են Շիրազի պոեզիայի լավագույն նմուշները։

Շիրազի ստեղծագործությունները չափածո են։ Նա հեղինակ է հանրաճանաչ հայրենասիրական և լիրիկական պոեմների ու բանաստեղծությունների, որոնցից են՝ «Անի», «Սիամանթո և Խջեզարե», «Էքսպրոմտ», «Իմ սուրբ Հայրենիք», «Սերս գաղտնի թող մնա», «Հայերի ճակատագիր», «Անդրանիկին» և այլն։ Նա գրել է «Հայոց Դանթեական» մեծածավալ պոեմը, որը Հայոց ցեղասպանության մասին է, թեմա, որն արգելված էր Սովետական Միությունում. Գլուխգործոց համարվող այս ստեղծագործության առաջին տարբերակը գրվել է 1941 թ. Շիրազի կենդանության օրոք այդ գործից միայն կարճ հատվածներ հրատարակվեցին Սովետական Միությունում և մի քանի գլուխներ Բեյրութում և Թեհրանում։ Պոեմը ամբողջությամբ (ավելի քան 8000 տող) լույս տեսավ Երևանում 1990-ին։

Շիրազը հայտնի էր իր լավ հումորի զգացումով։ 1960-ականների սկզբներին Ջոն Ստեյնբեկը այցելում է Երևանում պոետի բնակարանը, ավելի ուշ Շիրազին ուղղված իր նամակում գրում է. «...մարդիկ հարազատ են զգում միասին, երբ նրանք միասին ծիծաղում են։ Եվ ես հիշում եմ, որ Երևանում մենք մի լավ ծիծաղեցինք»։ Եվգենի Եվտուշենկոն և Ալեքսանդր Գիտովիչը պոեմներ են նվիրել Շիրազին։

Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով։ Շիրազյան հորդաբուխ ու հայաշեն խոսքը երկար տարիներ հայրենասիրության ու ազգապահպանման պատգամն է վառում աշխարհասփյուռ հայության սրտում։

Կառավարությունում ապրիլի 26-ին տեղի է ունեցել Հովհաննես Շիրազի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է Շիրազի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը, որը հաստատվել է հանձնաժողովի կողմից: Միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 27-ին Գյումրիում՝ բանաստեղծին նվիրված հիշատակի երեկոյով, տուն-թանգարան այցելությամբ և կշարունակվեն ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարվա ընթացքում: Մասնավորապես, նախատեսվում է նաև 2 հոբելյանական հիշատակի երեկոյի անցկացում Գյումրիում և Երևանում, Շիրազի գրավոր ժառանգության հանրային շնորհանդեսների կազմակերպում, գրողի երկերի լիակատար ժողովածուի հրատարակում, փաստագրական ֆիլմի նկարահանում, Շիրազին նվիրված միջոցառումների, ցուցահանդեսների, գրական ցերեկույթների, դպրոցական շարադրությունների մրցույթի կազմակերպում և այլն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---