Սիրիական բանակը սկսել է Քեսաբի ազատագրման գործողությունը

Սիրիական բանակը սկսել է Քեսաբի ազատագրման գործողությունը

PanARMENIAN.Net - Սիրիական բանակն իր օդուժը մոտեցրել է թուրք-սիրիական սահմանին՝ Քեսաբի հանդեպ վերահսկողությունը վերականգնելու միտումով: Սիրիահայերը սիրիական աղբյուրների վրա հղումով հայտնել են «Գազետա.Ru»-ի թղթակցին, որ բանակը շարժվում է Քարադուրան հովտի ուղղությամբ, որը գտնվում է Քեսաբից 4 կմ հեռավորության վրա:

Հաղորդվում է, որ սիրիական բանակը որոշեց օդուժ կիրառել միայն ստանալով հայ համայնքի համաձայնությունը: Ավելի վաղ համարվում էր, որ քաղաքում կարող են որոշ բնակիչներ մնացած լինել, հիմնականում տարեցներ, և Քեսաբը վերադարձնելուն ուղղված գործողությունները զգուշավոր էին: Զինվորականներն արդեն կոչ են արել տեղաբնակներին ազատագրումից անմիջապես հետո վերադառնալ քաղաք:

Ինչպես հայտնում է սիրիական SANA գործակալությունը, Լաթակիա գավառի հյուսիսում բանակային ստորաբաժանումներն ազգային պաշտպանության ուժերի աջակցությամբ վերահսկողության տակ են առել թիվ 24 բարձունքը:

Քեսաբի ազատագրման գործողության մեկնարկը հաստատել է նաև լիբանանյան Aztag թերթը, որը գրում է, որ օդուժից բացի, գործողությանը մասնակցում են նաև ծովային հետևակի մարտիկները: Արդեն ազատագրվել է Քարադուրան բնակավայրը Քեսաբից ոչ հեռու:

Մինչդեռ, ապրիլի 24-ին Գլենդեյլում տեղի է ունեցել բարեգործական համերգ, որի հասույթը հատկացվել է քեսաբահայերին, որոնք մտադիր են վերադառնալ իրենց տները: Համերգը կազմակերպել է Սիրիահայերի օգնության հիմնադրամը, Հայ կաթողիկե և Հայ բողոքական եկեղեցիների ԱՄՆ թեմերը, Հայ ընդհանուր բարեգործական միությունը (AGBU) և այլ կազմակերպություններ: Համերգին մասնակցել են հայտնի հայ կատարողներ:

Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայից (FAON), ապրիլի 24-ին, Հոլանդիայի խորհրդարանում ներկայացվել է առաջարկ, որը կառավարությանը կոչ է անում հանդես գալ Սիրիայի պատերազմում Թուրքիայի հնարավոր ներգրավվածության հարցով միջազգային անկախ հետաքննության օգտին: Առաջարկի նախաբանում նշված են այն բազմաթիվ հաղորդագրությունները, որոնք արդեն բավական ժամանակ է, որ շրջանառության մեջ են և վկայում են Սիրիայի պատերազմում Թուրքիայի ուղղակի կամ անուղղակի հնարավոր ներգրավվածության մասին: Առաջարկը ներկայացրել է պատգամավոր Հարի Վան Բոմելը (Սոցիալիստական կուսակցություն – SP), պատգամավորներ Ջոել Ֆորդեվինդի (Քրիստոնեական միություն – CU) և Պիտեր Օմտզիգտի (Քրիստոնյա դեմոկրատական Կոչ – CDA) հետ միասին:

Իր պատասխանում Հոլանդիայի արտգործնախարար Ֆրանս Թիմերմանսը կրկնել է այն, ինչ նա ասել էր Քեսաբի մասին պատասխանելով նախորդ քննարկումների ժամանակ և նամակներում բարձրացված հարցերին: Նա պնդել է հատկապես, որ հոլանդական կառավարության համար ապացույց չկա, որ Թուրքիան ներգրավված է ջիհադիստների կամ ջիհադիստական խմբերի գործողություններում: Այնպես որ, նա դրա կարիքը չի տեսնում, անկախ հետազոտություններ կատարել: Բացի այդ նախարարն այն կարծիքին է, որ դա անպատեհ կլիներ Նիդերլանդների և Թուրքիայի դաշնակցային հարաբերություններում: Այնպես որ, նա խորհուրդ չտվեց ընդունել առաջարկը: Այս առաջարկին կողմ են քվեարկել գրեթե բոլոր ընդդիմությունը բացի (Դեմոկրատներ 66) D66-ից, որը իշխանական կուսակցությունների` (Ժողովրդական կուսակցության ազատության և ժողովրդավարության համար) VVD-ի և (Աշխատանքի կուսակցություն) PvDA-ի հետ միասին դեմ է քվեարկել և հետևաբար առաջարկը չի ընդունվել: Ակնկալվում է, որ սրանով քննարկումը դեռ չի փակվել:

Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթակիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Զոհեր Քեսաբի հայերի թվում չկան:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում զոհվել է մոտ 125 հազար մարդ, 2 միլիոնը փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն: Սիրիայում քաղաքացիական պատերազմի տարիներին մոտ 100 հայ է զոհվել: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը հայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ մոտ 20 հազար հայ հեռացել է Սիրիայից, հիմնականում մեկնելով Հայաստան, Լիբանան ու ԱՄՆ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---