30 ապրիլի 2014 - 11:53 AMT
ԿԱՐԾԻՔ
Երազանքը՝ տուն արցախյան գյուղում, խաղողի վազի ստվերի տակ

«Ինչ-որ բան է հասունանում», «շուտով փոթորիկ է լինելու», «մենք մեծ ու փոքր փորձությունների շեմին ենք»՝ այսպիսի արտահայտություններ ես գրեթե ամեն օր եմ լսում շատ տարբեր մարդկանցից: Եվ ոչ միայն ռուսաստանցի, այլ նաև եվրոպացի, ընդ որում շատ իրազեկ մարդկանցից: Գործընկերների ու բարեկամների հետ մտերմիկ զրույցներում ժամանակակից աշխարհի ապագայի հարցը գնալով ավելի հաճախ է հանգում նման մի երկխոսության.

-Գիտես, շատ տագնապալի է դարձել կյանքը: Տագնապալի ոչ թե սեփական անձի համար, այլ մերաձովորներիդ: Ես նույնիսկ պատրաստ եմ մեկնել: -Ո՞ւր:-Բանն էլ հենց այն է, որ մեկնելու տեղ չկա: Եվրոպան շուտով շնչահեղձ կլինի միգրանտներից, Սիբիրը չինացիներինը կդառնա, Նահանգների վերջն էլ կարծես եկել է: Նույնիսկ մեկնելու տեղ չի մնացել…Իսկ հետո տիրում է տխուր լռություն:

Իրոք, միգրացիան, ագրեսիայի աճը, բնապահպանական խնդիրները, վատ սնունդը, համասեռականների շքերթները, ֆինանսական փուչիկները, որոնք ուր որ է պայթելու են ու փլատակների տակ թողնեն սպառողական հասարակությունը: Կարելի է երկար պտտել գլոբուսը մի երջանիկ անկյուն գտնելու պատրանքով, բայց չհասկանալ, թե որն է ի վերջո անդորրի այն վայրն այս մոլորակի վրա, որ որոնում ես, թեկուզ ծովում:

Եվ այնուամենայնիվ, այդպիսի կետ կա: Դա կետ էլ չի, այլ մի ամբողջ հանրապետություն՝ Արցախը: Որքան էլ տարօրինակ թվա փորձառու աշխարհաքաղաքագետներին, բայց ես միանգամայն վստահ եմ, որ առաջիկա տասնամյակներում մոլորակի ամենահանգիստ վայրը հենց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է լինելու: Փոքր, տնտեսապես ու բարոյապես առողջ երկրի համար բոլոր սարսափելի փորձություններն արդեն ետևում են: Նրանք ոչ միայն կոփել են իրենց բնավորությունը, այլ նաև հուսալի «պատվաստում» են ստացել կեցության անիմաստությունից, սին ձգտումներից ու դատարկաբանությունից: Խաղաղություն, առողջ երեխաներ, լավ բերք ու երախտիք Աստծուն ամեն մի ապրած օրվա համար՝ ահա այն արժեհամակարգը, որն ավելի հուսալի է պաշտպանում Արցախը, քան ՀՕՊ ցանկացած համակարգ:

Արցախի բնակիչների հետ ուզում ես հանդիպել նորից ու նորից: Ուզում ես դառնալ նրանց հարևանն ու համբերատար լսել նրանց խրատները, թե ինչպես պետք է խնամել ծիրանի ծառն ու ընդհանրապես ինչպես պետք է ապրել, ճիշտ ապրել՝ առանց վախի, ունայնության ու սեփական մանր խնդիրների վրա կենտրոնանալու: Տունն արցախյան գյուղում, խաղողի վազի ստվերի տակ, հյուրերի համար երկար նստարանով, պարուրված կենսուրախ գյուղական աղմուկով՝ շատ շուտով հենց սա կդառնա մայդաններից, բարեփոխումներից ու ճգնաժամերից հոգնած յուրաքանչյուր մտածող մարդու երազանքը: Հոգնած աշխարհից, որտեղ անձի համար գնալով ավելի պարտադրված է դառնում ընտրությունը՝ միասեռական ամուսնություններ կամ նույնքան անպտուղ քարանձավային ծայրահեղականություն:

Արցախում տուն ունենալու երազանքը փախուստ չէ իրականությունից: Դա վերադարձ է իսկական կյանք, բնական ու խտացած, ինչպես հասած նռան հյութը: Պարզ մի երազանք՝ մարդկային:

Դենիս Դվորնիկով՝ Արցախի բարեկամ