Դամասկոսի ականակոծման հետևանքով 14 մարդ է զոհվել, 86-ը՝ վիրավորվել

Դամասկոսի ականակոծման հետևանքով 14 մարդ է զոհվել, 86-ը՝ վիրավորվել

PanARMENIAN.Net - Ահաբեկիչներն ականանետային գրոհ են ձեռնարկել Դամասկոսի Աշ Շարուր թաղամասի վրա: Գրոհի հետևանքով 14 մարդ է զոհվել, 86-ը՝ վիրավորվել, որոնց մեծ մասը դպրոցականներ են:

Աղբյուրը Դամասկոսի ոստիկանության վարչությունում SANA գործակալությանն է հայտնել, որ ահաբեկիչները 4 արկ են արձակել Աշ Շուղուր թաղամասի ուղղությամբ, որից երկուսը պայթել են «Բալդրուդդին աշ Հուսայնի» դպրոցի բակում՝ խլելով 14 մարդու կյանք, 86 խաղաղ բնակիչ վիրավորվել է:

Գնդակոծության հետևանքով Աբբասեին թաղամասում 8 մարդ է վիրավորվել: Առողջապահության նախարար Սաադ ան Նաիֆն այցելել է վիրավորներին հիվանդանոցներում: Նա հաստատել է, որ բուժանձնակազմը պետական ու մասնավոր հիվանդանոցներում անհրաժեշտ օգնություն է ցույց տալիս տուժածների կյանքը փրկելու ու նրանց տառապանքները մեղմացնելու համար:

Հոմս քաղաքում Ալ Աբասիա հրապարակի մոտ ահաբեկիչներն ականապատ մեքենա են պայթեցրել, հինգ րոպե անց ևս մեկն է պայթել: Կրկնակի ահաբեկչության նպատակն է առավելագույն զոհեր ունենալ խաղաղ բնակչության շրջանում, արդյունքում պայթյունների հետևանքով 40 մարդ է զոհվել, հիմնականում կանայք ու երեխաներ, ևս 116 մարդ տարբեր աստիճանի ծանրության վիրավորումներ է ստացել:

Հալեպի Ար-Ռամուս, Ամերիա, Առ Ռաշիդին թաղամասերում և Հին քաղաքում զինծառայողները հետապնդել են ավազակախմբերի անդամներին, ոչնչացվել են մեծ թվով գրոհայիններ, նրանց տեխնիկան ջախջախվել է: Հալեպի գավառում Հրեյթան շրջանում բանակը զենքով 10 մեքենա է ոչնչացրել: Եվս 2 ավտոմեքենա է ոչնչացվել Դահրետ Աբեդ Ռաբո գյուղում: Դարաթ Ազատ, Հանդաարատ, Ադ Ջբեյլի, Անադանի, Քվերիսի, Ալ Մանսուրի, Ռասմ էլ Աբբուդի և Ջդեյդի թաղմասերում, ինչպես նաև Աս Սուքքարի, Բուստան Ալ Քասր և Հանաու թաղամասերում զինված ուժերը մեծ թվով ահաբեկիչների են ոչնչացրել զենքով ու զինամթերքով:

Ալ Լերմոն թաղամասում բանակային ստորաբաժանումները գրոհայիններով ու զենքով ավտոմեքենաներ են ոչնչացրել: Քունեյթրա գավառում բանակը ոչնչացրել է ահաբեկչական խմբավորման անդամներին ու առգրավել է նրանց զենքը:

Հոմսում բանակային ստորաբաժանումները տասնյակ ահաբեկիչների են ոչնչացրել, ինչպես նաև նրանց զենքն ու զինամթերքը: Հոմս գավառի Դար Ալ Քաբիրա, Ալ Ամերիա ու Աս Սահան բնակավայրերում զինվորականներն ահաբեկիչների մի քանի թաքստոց են ոչնչացրել՝ մեծ վնաս հասցնելով նրանց:

Մինչդեռ Բեյրութի «Ազդակ» թերթը, սիրիական «Վաթանի» վրա հղումով գրում է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը ղեկավարում է Հալեպում ու Քեսաբում կռվող գրոհայիններին: Հալեպում Թուրքիայի գաղտնի ղեկավարությամբ ստեղծվել է իսլամիստների գործողությունները համակարգող կենտրոն, որը ղեկավարում է Թուրքիայի ազգային հետախուզությունը: Սիրիայի հայ բնակչության շրջանում զոհերի մասին տվյալներ չկան:

Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթակիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Զոհեր Քեսաբի հայերի թվում չկան:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում զոհվել է մոտ 125 հազար մարդ, 2 միլիոնը փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն: Սիրիայում քաղաքացիական պատերազմի տարիներին մոտ 100 հայ է զոհվել:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը հայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ մոտ 20 հազար հայ հեռացել է Սիրիայից, հիմնականում մեկնելով Հայաստան, Լիբանան ու ԱՄՆ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---