Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքը «գոհունակություն է հայտնել» Թուրքիայի իշխանություններին

Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքը «գոհունակություն է հայտնել» Թուրքիայի իշխանություններին

PanARMENIAN.Net - ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքության ներկայացուցչը գտնվում է Անկարայում շնորհակալություն հայտնելու նպատակով: Շարունակվում են արձագանքները թուրք վարչապետ Էրդողանի ապրիլի 23-ի հայտարարությանը, որտեղ նա ցավակցություն հայտնեց Ցեղասպանության զոհերի ժառանգներին, և որը հրապարակվել է 9 լեզուներով, հայտնում է TRT Russian-ը:

Մայիսի 1-ին արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը ժամանել է Անկարա և հանդիպել է վարչապետ Էրդողանի հետ: Պատրիարքարանի ներկայացուցիչը հայտնել է Էրդողանին, որ հայերը գոհունակությամբ են ընդունել վարչապետի ուղերձը:

Վարչապետի նստավայրում տեղի ունեցած հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչն ու ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Ապրիլի 24-ին ՀԱԵ Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը «պատմական և ոգևորիչ» անվանեց վարչապետ Էրդողանի հայտարարությունը: «Մենք ասում ենք «ամեն» ի պատասխան հարգարժան վարչապետի զոհված հայերի հոգիներին խաղաղության մաղթանքին և սիրով ենք ընդունում նրա հայտնած ցավակցությունը: Թուրքիայի վարչապետի հայտարարությունը 1915 թվականի իրադարձությունների մասին կարելի է գնահատել որպես Թուրքիայի ու Հայաստանի ժողովրդների միջև «կամուրջի» հիմնաքար: Հայտարարությունը պատասխան եղավ նրանց, ով դեմ է Թուրքիային: Մեր պատրիարքության և անձամբ իմ անունից ես ուզում եմ գոհունակություն ու շնորհակալություն հայտնել»: Իր հերթին Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչ Բեդրոս Շիրինօղլուն հայտարարել է. «Մենք երախտապարտ ենք նրան,-ասել է Շիրինօղլուն:-Այս քայլից հետո Էրդողանը կարող է Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու դառնալ: Ըստ իս, դա այդպես պետք է լինի»: Ըստ Շիրինօղլուի, հայերը նույնպես պետք է ցավակցություն հայտնեն, քանի որ «երկու կողմերից էր մարդիկ են զոհվել պատերազմի ժամանակ»: «Մեր մահմեդական եղբայրները նույնպես սպանվել են: Դա եղել է երկու եղբայրների, երկու ընկերների միջև պայքար: Ըստ իս, արդարացի կլիներ, եթե երկու կողմերը ներողություն խնդրեին»,-ասել է նա:

Ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով: Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար:

Թուրքիայի Հանրապետությունը 1915 թ. իրադարձությունները գիտական առումով հետազոտելու համար մի միասնական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կոչ արեց: Այդ առաջարկը դեռ ուժի մեջ է: Թուրք, հայ և միջազգային պատմաբանների համատեղ հետազոտությունը մեծ դեր կունենա 1915 թվականի իրադարձությունների լուսաբանման ու պատմության ճիշտ մեկնաբանության գործում: Ուստի մենք բացել ենք մեր բոլոր արխիվները հետազոտողների համար: Մեր արխիվներում այսօր պահպանվող հարյուր հազարավոր փաստաթղթերը ներկայացված են պատմաբանների ուսումնասիրությանը: Թուրքիան, վստահորեն նայելով ապագային, միշտ աջակցել է գիտական ու համակողմանի հետազոտություններին՝ պատմության ճիշտ ընկալման համար: Հույսով և հավատով, որ նմանատիպ սովորություններ ու ավանդույթներ ունեցող հին ժողովուրդները, որոնք միևնույն, բարդ աշխարհագրական տարածքին են պատկանում, կարող են միասին ու արժանի կերպով հիշել իրենց անցյալն ու կորուստները: Մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին զոհված հայերի հոգիները խաղաղությամբ հանգչեն, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Մենք հիշում ենք Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ինչ կրոն էլ նրանք դավանեն և ինչ ազգության էլ պատկանեն, որոնք զոհվեցին այդ շրջանում նման պայմաններում: Թող հանգչեն խաղաղությամբ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---