Բաքվում կրկին դժգոհ են ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահից

Բաքվում կրկին դժգոհ են ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահից

PanARMENIAN.Net - «Բաքվում աննկատ չեն մնացել պարոն Ուորլիքի արտահայտությունները: Մենք նաև տեղեկություն ենք ստանում այլ աղբյուրներից, այդ թվում Վաշինգտոնից: Մեզ հայտնի է, որ ամերիկացի համանախագահը սերտ կապեր ունի ԱՄՆ հայ համայնքի հետ, որն, ինչպես հայտնի է, կոշտ դիրքորոշում ունի հակամարտության կարգավորման հարցում: Սոցցանցերում գրառումների նույնիսկ հպանցիկ ընթերցումը ցույց է տալիս, որ ամերիկացի համանախագահը գերադասում է շփվել ԱՄՆ հայ համայնքի հետ, ոչ թե ադրբեջանական: Ընդ որում Ուորլիքը չգիտես ինչու հաճույքով զետեղում է հղումներն իր հարցազրույցներին, որ տալիս է հայկական ԶԼՄ-ներին՝ լռության մատնելով իր շփումն ադրբեջանցի լրագրողների հետ», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը:

Ըստ նրա, Ուորլիքի հայտարարություններում նկատելի է միակողմանի մոտեցում, որը դրսևորվում է ինչպես հակամարտության պատմության, այնպես էլ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների էության ու ընթացքի խեղաթյուրման մեջ: «Պարոն Ուորլիքը թույլ է տալիս իրեն կամայական ձևով մեկնաբանել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որոնք կարգավորման հիմքում են, և, ի դեպ, որոշում են միջնորդների մանդատն ու հստակ շրջանակները: Այս ամենը թույլ է տալիս մեզ որոշակի եզրակացություններ անել ամերիկացի համանախագահի դիրքորոշման ու նպատակների մասին: Չնայած Ուորլիքի այն հայտարարություններին, որ համանախագահները պետք է չեզոքություն պահպանեն, իր իսկ գործունեությունը հակառակն է փաստում: Ակնհայտ է, որ պարոն Ուորլիքի արտահայտությունները պատվիրված բնույթ են կրում», -գտնում է Ազիմովը:

Մայիսի 1-ին ամերիկացի համանախագահը մտադիր է հանդես գալ Կալիֆորնիայում «Առաջընթաց ճանապարհ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշումը» թեմայով միջոցառմանը, որի կազմակերպիչն է հայ համայնքը: Մասնակցությունը նման միջոցառմանն ինքնին անթույլատրելի է միջնորդի համար, գտնում է դիվանագետը:

«Մենք բազմիս ենք դժգոհություն հայտնել Մինսկի խմբի գործունեությամբ և ամերիկացի համանախագահի հայտարարությունների առնչությամբ: Մենք չպետք է աչք փակենք պարոն Ուորլիքի նման հայտարարությունների վրա, որոնք հակասում են համանախագահների մանդատին, խարխլում են վստահությունը Մինսկի խմբի հանդեպ ու ընդհանուր առմամբ վնասում են բանակցային գործընթացին: Այդ ամենը հիմք է տալիս ադրբեջանական կողմին անվստահություն հայտնել ամերիկացի համանախագահին, հրաժարվել նրա հետ աշխատանքից ու դիմել ԵԱՀԿ գործող նախագահին պարոն Ուորլիքին համանախագահի պաշտոնից հետ կանչելու խնդրանքով: Ջ. Ուորլիքը այլընտրանք չի թողնում ադրբեջանական կողմին: Մնում է մտածել միայն ԱՄՆ համանախագահի իրական նպատակների մասին, քանի որ ԱՄՆ-ն իրեն անվանում է Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, ասել է Արազ Ազիմովը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Ապրիլի 28-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրել էր Twitter-ի միկրոբլոգում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բանակցային հերթական փուլի համար կհանդիպեն Վարշավայում հակամարտության կողմերի հետ: Նա գրել է նաև, որ մայիսին կհանդիպի Լոս Անջելեսում հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ քննարկելու համար ղարաբաղյան խնդիրը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---