Sueddeutsche Zeitung. Կառավարությունը Կիևում խոստովանել է, որ անզոր է

Sueddeutsche Zeitung. Կառավարությունը Կիևում խոստովանել է, որ անզոր է

PanARMENIAN.Net - Կառավարությունը Կիևում խոստովանել է այն, ինչ բոլորն արդեն վաղուց գիտեին՝ որ անզոր է, այլևս չունի ոչ իշխանություն, ոչ երկրի արևելքում մարդկանց հասու լինելու հնարավորություն, և, որ մարդիկ անտեսում են այն: Դա հայտարարություն է աղետի մասին, վստահ է գերմանական Sueddeutsche Zeitung-ի մեկնաբանը: Failed state՝ չկայացած պետության սցենարը իրական է դարձել Ուկրաինայի համար առանձին վերցրած տարածաշրջաններում:

«Մի քանի շաբաթ շարունակ, որ անցան երկրի արևելքում վարչական շենքերի գրավումից հետո, «ժամանակավոր նախագահ Տուրչինովի ու վարչապետ Յացենյուկի թիմը» երդվում էր, որ վերահսկողության տակ կառնի իրավիճակը: Սակայն ոչ այսօր, կամ վաղը, այլ շուտով»,-պատմում է հեղինակը: Սակայն այդ ամենը զուտ խոսքեր էին: Սկզբում, ինչպես ասվում է հոդվածում, ներկայիս ուկրաինական կառավարությունը մտադիր էր կասեցնել իշխանության մոտալուտ կոլապսը ուժի միջոցով, սակայն հետո արդեն ուղղակի չկարողացավ դա անել: Կիևում հուսով էին, որ ամեն ինչ ինքն իրեն կհանդարտվի, աղմուկը կմարի բնակչության մեծ մասի շրջանում հետաքրքրության բացակայության պատճառով: Այդպես, Ուկրաինայի արևելքում բնակչությունը մինչ օրս ոչ անջատողականների կողմից է, ոչ էլ դեմ է: Փոխարենը այնտեղ հուսալքության, հիասթափության, ապագայի համար վախի մթնոլորտ է տիրում:

Այս ամենի արդյունքում Դոնբասի բնակիչները ցանկանում են վերջ տալ քաոսին ու վերադարձնել հանդարտությունն ու կարգապահությունը: Սակայն միևնույն ժամանակ եզրափակում է լրագրողը, «աճում է հավանականությունը, որ տեղի բնակչությունը ոչ միայն կհաշտվի նրա հետ, որ Ուկրաինայի արևելյան մասը կանջատվի Կիևից, այլ նաև կողջունի այդ պառակտումը»: Այսպիսով, հավելում է Sueddeutsche Zeitung-ը, կարող է կրկնվել Ղրիմի բռնակցման հոգեբանությունը: Սլավյանսկի ինքնապաշտպանությունը հայտնել է ուկրաինական բանակի գործողության հետևանքով առաջին զոհի մասին: Ինչպես մայիսի 2-ին ՌԻԱ Նովոստի գործակալությանն է հայտնել աշխարհազորայինների առաջնորդ Վյաչեսլավ Պոնոմարյովը, ըստ նախնական տվյալների, մեկ մարդ է զոհվել և ևս մեկը վիրավորվել է: Ըստ նրա, մի քանի տասնյակ բնակիչներ հավաքվել են քաղաքի մուտքի մոտ, թույլ չտալու համար, որ զորքերը առաջ շարժվեն:

ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը Սլավյանսկի պաշտպանների վրա հղումով հաղորդում է, որ աշխարհազորայինները ուկրաինական ՌՕՈւ երկու ուղղաթիռ են խփել: Օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը տեղափոխվել է հիվանդանոց: «Երկու ուղղաթիռ ենք խփել, մեկը՝ Մի-24, մյուսը՝ Մի-8, հավանաբար: Օդաչուներից մեկը մահացել է, մյուսը վիրավորվել և տեղափոխվել է կենտրոնական հիվանդանոց»,-պատմել է նա:

ՌԻԱ Նովոստին, «Ռոսիա 24» հեռուստաալիքի վրա հղումով հայտնել է, որ հարված է հասցվել նաև երրորդ ուղղաթիռին, որը պայթել է օդում: Որևէ պաշտոնական հաղորդագրություն Կիևի իշխանություններից դեռ չի ստացվել:

Մինչդեռ «Ինտերֆաքսը» հայտնում է, որ քաղաքի գրոհը դադարեցվել է: «Կրակն առայժմ ժամանակավորապես կասեցվել է,-պատմել են Սլավյանսկի ինքնապաշտպանության շտաբում՝ հավելելով, որ, հավանաբար, ուժերը վերախմբավորվում են: Ինչպես հայտնել է ինքնապաշտպանության առաջնորդ Իգոր Ստրելկովը, աշխարհազորայինների դեմ գործարկվել է մոտ 20 ուղղաթիռ: «Բոլոր ճանապարհները փակ են, բոլոր կողմերում հակառակորդի զրահատեխնիկան է ու հետևակը, այդ թվում ժամկետային զինծառայողներ, պայմանագրայիններ: Մեր դեմ են հանել բոլոր առկա ուժերը: Օդում մեր մոտ 20 ուղղաթիռ է գործարկվել, մարտական ու տրանսպորտա-մարտական: Հակառակորդն ամբողջությամբ շրջափակել է քաղաքը, բոլոր մուտքերն ու ելքերը: Ծայրամասերում կանգնած է հակառակորդի հետևակը»,-ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---