ԱԳ նախարարը պաշտոնական այցով Թեհրանում է. Պաշտոնական հանդիպումներ

ԱԳ նախարարը պաշտոնական այցով Թեհրանում է. Պաշտոնական հանդիպումներ

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ ՆալբանդյաննԻրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Թեհրան: Նախարարին ընդունել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրանի նախագահն ասալ է, որ երկու երկրները 20 տարվա ընթացքում իրենց հարաբերություններում լավ ձեռքբերումներ են ունեցել, բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացրել և կա երկուստեք ցանկություն առավել ընդլայնելու գործակցությունը, հայտնում են ԱԳՆ-ից։

Էդվարդ Նալբանդյանը Հասան Ռոհանիին փոխանցել է նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և Երևան այցելելու հրավերը: ԻԻՀ նախագահը խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները հաղորդել Հայաստանի ղեկավարին: Իրանի նախագահն ու ՀՀ արտգործնախարարը գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև զարգացող գործակցությունը, քննարկել բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը։

Թեհրանում կայացել են նաև Էդվարդ Նալբանդյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի բանակցությունները, որոնք մեկնարկել են առանձնազրույցով, ապա շարունակվել պատվիրակությունների մանսակցությամբ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ուրախ է իր գործընկերոջն ընդունել Թեհրանում և քննարկել բարեկամական հարաբերությունների առավել զարգացման ուղիները: Էդվարդ Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ վերջին տարիներին արդեն իններորդ անգամ է Թեհրանում, նույն ժամանակահատվածում ԱԳ նախարարների մակարդակով Երևանում, Թեհրանում և տարբեր միջազգային հարթակներում կայացել է մոտ երեք տասնյակ հանդիպում, ինչը հնարավորություն է ստեղծել առաջ մղելու երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ քաղաքական երկխոսությունը։

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական գործակցության խթանման, տարբեր համատեղ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Նախարարներն անդրադրաձել են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Մեղրիի հիդրոէլեկտրակայանի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծերին: Բանակցություններին հանգամանալից քննարկման առարկա են դարձել միջազգային օրակարգի հարցեր:

Նախարար Զարիֆը ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները: Այս առումով նախարար Նալբանդյանը, ողջունելով անցյալ նոյեմբերին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները, հույս է հայտնել, որ բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ նախատեսված ժամկետներում հնարավոր կլինի ձեռք բերել խնդրի համապարփակ կարգավորում, ինչը կարևոր ձեռքբերում կհանդիսանա Իրանի, տարածաշրջանի և ամբողջ միջազգային հանրության համար:

Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի և դրա կարգավորման հնարավոր ուղիների շուրջ։ Զրուցակիցները անդրադարձել են Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին։ Հայաստանի արտգործնախարարն Իրանի իր գործընկերոջն է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը` ընդգծելով այդ հարցում Իրանի հավասարակշռված դիրքորշման կարևորոությունը: Բանակցությունների ավարտին Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։ Ի պատիվ ՀՀ արտգործնախարարի` նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պաշտոնական ճաշ է տվել արտաքին գործերի նախարարությունում:

Նույն օրը Թեհրանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Հանդիպմանը նախարար Նալբանդյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը: Ալի Լարիջանին խնդրել է իր շնորհավորանքները փոխանցել ՀՀ վարչապետ նշանակված իր նախկին գործընկերոջը` Հովիկ Աբրահամյանին և ԱԺ նախագահ ընտրված հայ-իրանական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գալուստ Սահակյանին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձել մի շարք տարածաշրջանային խնդիրների: Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանն այցելել է նաև «Արարատ» մարզամշակութային համալիր, հանդիպել իրանահայ կառույցների ղեկավարներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---