ՀՀ ԱԳՆ․ Ուորլիքն իրավացի է՝ առաջարկների որոշ տարրեր բացառելու փորձն անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը

ՀՀ ԱԳՆ․ Ուորլիքն իրավացի է՝ առաջարկների որոշ տարրեր բացառելու փորձն անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է օրերս Վաշինգտոնի Կարնեգի հաստատությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ելույթը «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» թեմայով խորհրդաժողովում։ Ըստ նրա, դրանում Ջեյսմ Ուորլիքն ընդգծում է, որ «Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը Ֆրանսիայի հետ միասին ընդհանուր հանձնառություն են ստանձնել Լեռնային Ղարաբաղի խաղաղության ու անվտանգության մասով» և շարունակելու են համատեղ ջանքերը Մինսկի խմբի շրջանակում համախմբված լինելով խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակի շուրջ։

Նախարար Նալբանդյանը նշում է, որ ի տարբերություն Արդբեջանի, Հայաստանը բազմիցս է բարձր գնահատել և կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու նապատակով հակամարտության կողմերին աջակցելու Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների հետևողական ջանքերը։

«Ամերիկացի դիվանագետը իրավացի է, որ մի շարք առիթներով կողմերը գրեթե եկել են համաձայնության և որպես վերջին օրինակ բերում է Կազանում 2011-ի գագաթնաժողովը»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը։

Իր ելույթում ամերիկացի համանախագահը նշել էր, որ կողմերը հասել են այնպիսի կետի, երբ հետագա ընթացքի վերաբերյալ դիրքորոշումները շատ բևեռացված չեն: «Մի շարք առիթներով նրանք գրեթե եկել են համաձայնության, վերջին նման դրվագն արձանագրվել է 2011-ին: Եվ ամեն անգամ ձախողված հերթական փուլից հետո, երբ անխուսափելիորեն կրկին նստել են բանակցային սեղանի շուրջ, հաջորդ «մեծ գաղափարի» կառուցվածքային տարրերը նման են եղել նախորդին:

Կա սկզբունքների, ըմբռնումների ու փաստաթղթերի մի ամբողջություն, որն արդեն շրջանառվել է և ուրվագծում է համաձայնությունը. և ոչ ոք չի առաջարկել, որ մենք դրանք մի կողմ դնենք: Մարտահրավերն այն է, որ ճանապարհ գտնենք օգնելու կողմերին ձեռնարկել այդ վերջին, համարձակ քայլը մնացյալ տարաձայնությունները կամրջելու ու իրենց ժողովուրդներին ապահովելու խաղաղություն ու կայունություն, որին նրանք արժանի են»,- ասել էր Ուորլիքը։

Ըստ նախարար Նալբանդյանի, հայտնի է, որ Բաքվի «հետքայլերի, միակողմանի առավելություն կորզելու փորձերի պատճառով հնարավորություն չի ընձեռնվել առաջընթաց արձանագրել 2011-ի հունիսին` Կազանի, 2011թ. մարտին` Սոչիի, 2010-ի հոկտեմբերին` Աստրախանի, 2010-ի հունիսին` Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին, չնայած կողմերը մոտ են եղել համաձայնության»։ Նախարարը հիշեցրել է, Բաքուն նույն հետքայլերն է կատարել նաև նախկինում, օրինակ՝ Կազանից տասը տարի առաջ, 2001-ին։

«Ամերիկացի դեսպանն իրավամբ անընդունելի է համարում շփման գծի երկայնքով շարունակվող դիպուկահարների կրակոցները, մարդկային կորուտսները՝ նշելով, որ այդպես էլ ԵԱՀԿ դիտորդները չեն ստացել համապատասպան իրավասություն և ռեսուրսներ՝ բացահայտելու պատասխանատուներին, հնարավոր չի եղել նվազեցնել տարեկան հրադադարի հազարավոր խախտման դրսևորումները։

Մենք բազմիցս, ինչպես և եռանախագահ երկրները, կոչ ենք արել հարգել 1994-ի մայիսին ձեռք բերված հրադադարի համաձայնությունը: Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, մերժել և շարունակում է մերժել համանախագահ երկրների կողմից հրադարարի ռեժիմի ամրապնդման, շփման գծից դիպուկահարների դուրս բերման, հրադադարի խախտումների, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ բազմաթիվ առաջարկները»,- նշել է հայկական ատրաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Իր ելույթում ամերիկացի համանախագահը նշել էր․ «Հաջորդ շաբաթ նշում ենք հրադադարի համաձայնագրի ստորագրման 20 տարին: Թեպետ կարող ենք հպարտանալ, որ կարողացել ենք խուսափել բացահայտ պատերազմի վերսկսումից, սակայն պետք է նաև համաձայնենք, որ ներկայիս իրավիճակն անընդունելի է ու երերուն:

Անվերջ բանակցություններ, բռնության պարբերական պոռթկումներ, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում բնակվողների մեկուսացում, հուսահատություն Ադրբեջանում և վրդովմունք վերջինիս ներքին տեղահանվածների շրջանում. սա խաղաղության ու կայունության բաղադրատոմսը չէ, նաև բարգավաճման ուղին չէ: Տարածաշրջանի մարդիկ արժանի են ավելի լավին»:

Նախարար Նալբանդյանն այդ առթիվ նշել է․ «Ադրբեջանը ոչ միայն մերժում է դրանք, այլև շարունակաբար կոպտորեն խախտում հրադադարը և սադրանքներ կազմակերպում, չի հարգում իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները` հրադադարի պահպանման և ամրապնդման վերաբերյալ` ոչ միայն 1994-ի մայիսի 12-ին Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի միջև հաստատված հրադադարի պայմանները, այլև 1995-ի փետրվարի 4-ին հրադադարի ամրապնդման վերաբերյալ նույն եռակողմ ձևաչափով համաձայնությունը, որով այդ երկիրը պարտավորվել էր ձեռնպահ մնալ հակամարտության սրմանը նպաստող հայտարարություններից, խախտումների մասին անմիջապես տեղյակ պահել հայկական կողմերին ու միջնորդներին, և ոչ թե շինծու մեղադրանքներով սաստկացնել հակահայկական քարոզչությունը: Բաքուն տասնյակ տարիներ խախտում է այդ պարտավորությունները:

Երկու օրից լրանում է հրադադարի հաստատման 20-ամյակը, և կարծում եմ, որ եռնախագահները կօգտահործեն այդ կարևորագուն առիթը՝ հանդես գալու վճռական ուղերձ պարունակող հատուկ հայտարարությամբ։ Կարևոր է բացառել ուժի կիրառումը՝ դրանով իսկ առավել բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցային գործընթացի հաջողության համար»։

Արտգործնախարարի խոսքով՝ միանգամայն համաձայն են, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի։ «Ցավոք` մինչ այսօր Ադրբեջանի ղեկավարությունը հակառակն է անում։ Չնայած սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից զերծ մնալու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերին` Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը, մարդասպանների հերոսացումն ու խաղաղության կոչ անողների հետապնդումները, այլատյացության, անհանդուրժողականության և թշնամանքի քարոզչությունը, ինչը հանգեցնում է տարածաշրջանում իրավիճակի սրմանը»։

Նրա խոսքով, Ջեյմս Ուորլիքի կողմից ներկայացված հիմնախնդրի հանգուցալուծման տարրերը, ընդհանուր առմամբ, արտացոլում են համանախագահ երկրների առաջարկությունները։ Ինչպես և եռանախագահները, Հայաստանը շարունակում է վստահ լինել, որ վերջին տարիներին եռանախագահ երկրների ղեկավարների՝ լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս-Կաբոսում և Էնիսկիլենում համատեղ հայտարարություններում ամրագրված դրույթները կարող են հիմք հանդիսանալ հիմնախնդրի տևական խաղաղ կարգավորման համար։

Ամերիկացի դիվանագետը նշում է, որ տևական խաղաղության ցանկացած համաձայնություն հաջողված համարվելու համար պետք է արտացոլի բոլոր կողմերի դիրքորոշումները:

«Մենք բազմիցս ենք ընդգծել, որ առանց բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհնարին է հասնել խնդրի հանգուցալուծմանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ճշմարտացի է, որ առաջարկությունների որոշ տարրեր պահելու, որոշ տարրեր դուրս թողնելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը:

Մենք կիսում ենք եռանախագահների կարծիքը, որ այդ դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևիցե մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հիմնախնդրի կարգավորումը»:

Ջեյս Ուորլիքն իր ելույթում վեց տարր էր նշել, «որոնք պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն, եթե ուզում ենք, որ այն տևական լինի»:

«Այս տարրերի հերթականությունը և դրանց հետ կապված մանրամասները, անշուշտ, բանակցությունների միջոցով պետք է որոշվեն, սակայն դրանք պետք է դիտարկվեն որպես անբաժանելի ամբողջականություն: Որոշ տարրեր պահելու, որոշները դուրս թողնելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը: Առանց որոշակի հերթականության ներկայացնեմ այդ տարրերը.

Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր:

Երկրորդ, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:

Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:

Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը Հայաստանըկկապի Լեռնային Ղարաբաղին։ Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ամբողջ շրջանը:

Հինգերորդ, տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:

Եվ վերջապես վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը խաղաղապահ գործողություն կներառի: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»,- ասել էր ամերիկացի դիվանագետը:

Նախարար Նալբանդյանի խոսքով, ի տարբերություն Ադրբեջանի, որն առիթ կամ անառիթ հղում է անում միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքի, Հայաստանը, արձագանքելով եռանախագահող երկրների ղեկավարների կոչերին, բազմիցս է արտահայտել և ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունն առ միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, և տարածքային ամբողջականության։

«Հայաստանը հետևողականորեն շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը` ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան համակարտության բացառապես խաղաղ կարգավորմանը»,- եզրափակել է Էդվարդ Նալբանդյանը։

Արցախի Հանրապետություն

1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:

65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:

1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջեբրաիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավասության տակ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---