ՀՀ այցից առաջ Օլանդը խոստացել է ամեն ինչ անել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման համար

ՀՀ այցից առաջ Օլանդը խոստացել է ամեն ինչ անել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիան իրենից կախված ամեն ինչ կանի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար, հայտարարել է Բաքվում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Ես Ադրբեջան եմ ժամանել տարածաշրջանային այցի շրջանակում: Ես նաև լինելու եմ Հայաստանում ու Վրաստանում»,-ասել է Օլանդը քաղաքացիների հետ հանդիպմանը: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ: Ըստ նրա, կան տասնյակ զոհեր, վերջին շրջանում նույնպես եղել են միջադեպեր:

«Ուստի Ֆրանսիան ամեն ինչ կանի որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ խաղաղ լուծում գտնելու համար, որը թույլ կտա Ադրբեջանին ու Հայաստանին կարգավորել հակամարտությունը»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:

«Ես կարծում եմ, որ դա բխում է երկու երկրների շահերից»,-ասել է Օլանդը:

«Մենք ջանում ենք լուծել հակամարտությունները բանակցությունների միջոցով: Միևնույն ժամանակ դա է Կովկաս այցելության գլխավոր նպատակը»,-ասել է նա:

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ այսօր երեկոյան լինելու է Հայաստանում «Այսօր արդեն 20-րդ տարին է լրանում այն օրվանից, երբ ստորագրվեց և ուժի մեջ մտավ հրադադարի ռեժիմը: Այս ընթացքում մեծ առաջընթաց այդպես էլ չեղավ: Ֆրանսիայի պատասխանատվությունը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի նույնպես մեծ է: Մենք ևս պետք է որոշակի ջանքեր գործադրենք վստահության վերականգնման, այդ հակամարտության հանգուցալուծման համար»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:

Ֆրանսուա Օլանդը հավելել է, որ կեսօրից հետո բանակցությունները շարունակելու է Հայաստանում, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Մայիսի 12-ին երկօրյա պետական այցով Ֆրանսուա Օլանդը կժամանի Հայաստան:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մասնակցելու են հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին: Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ Երևանում բացվելու է Ֆրանսիայի ազգային հերոս, անվանի բանաստեղծ Միսաք Մանուշյանի անվան պուրակը, նախագահներն այցելելու են առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետի շինհրապարակ, Ֆրանսուա Օլանդը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Երեկոյան մարզահամերգային համալիրում նախատեսված է Ազնավուրի մենահամերգը, որին ներկա են գտնվելու Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները:

Ֆրանսիայի նախագահի պատվին նախագահի նստավայրում կտրվի պետական ընթրիք:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---