12 մայիսի 2014 - 15:51 AMT
Լիդինգթոն. Ղարաբաղյան կարգավորման հիմնական գործոնը ժողովրդական դիվանագիտությունն է

Մեծ Բրիտանիայի եվրոպական գործերի նախարար Դևիդ Լիդինգթոնը հանդես է եկել հայտարարությամբ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրի 20-ամյակի կապակցությամբ: Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Բիշքեկի արձանագրությունը ստորագրվել է 1994 թվականի մայիսի 5-ին, սակայն ուժի մեջ է մտել մայիսի 12-ին: Արձանագրությունը ստորագրել են բոլոր շահագրգիռ կողմերը, այն է՝ Հայաստանը, ԼՂՀ-ն, Ադրբեջանը, ՌԴ-ն ու Ղրղզստանը: Արձանագրությունով կոչ էր արվում դադարեցնել կրակը՝ 1994թ. մայիսի լույս 9-ի գիշերը: Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը մայիսի 9-ին ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը: 1994թ. մայիսի 10-ին Երևանում համաձայնագիրը ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին՝ ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Հրադադարն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախարարը կոչ է արել կողմերին ջանքեր գործադրել հակամարտության կարգավորման համար: Նա նշել է, որ թեև նշված համաձայնագիրը վերջ դրեց պատերազմին, կողմերը դեռ շատ անելիք ունեն իրական խաղաղության հասնելու համար:

Հայտարարության մեջ Լիդինգթոնն ասել է, որ լինում են հրադադարի խախտման դեպքեր: «Շարունակվում է նաև հումանիտար ճգնաժամը: Մասնավորապես, մինչ օրս լուծում չի գտնվել հարյուր հազարավոր տեղահանվածների համար: Խաղաղության հասնելու համար կողմերը պետք է փոխզիջման գնան»,-ասվում է հայտարարության մեջ:

Բրիտանացի նախարարը նաև ասել է, որ խաղաղության հաստաման հիմնական գործոնը ժողովրդական դիվանագիտությունն է:

«Մեծ Բրիտանիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք ակտիվորեն ձգտում են առաջընթացի հասնել խաղաղության հաստատման գործում»,-ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, Լիդինգթոնի հայտարարության մեջ ասվում է, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը մեկ անգամ ևս թվարկել է խաղաղ համաձայնության հիմքում ընկած տարրերը, այն է` հողերի փոխանցումը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին ազատ կամարտահայտումը:

Նախարարը հույս է հայտնել, որ երկու երկրների ղեկավարությունը «քաղաքական արիություն կդրսևորի հակամարտության կարգավորման հասնելու համար», հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» թեմայով ելույթ է ունեցել՝ ներկայացնելով կարգավորման 6 սկզբունքները: Նա նշել է, որ ներկայացնում է ոչ թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը, այլ ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը: Իր ելույթի սկզբում նա խոսել է կողմերի բևեռացված դիրքորոշումների ու դեռևս չհամաձայնեցված հարցերի մասին և նշել է, որ անհրաժեշտ է աջակցել կողմերին, որպեսզի նրանք, նույնիսկ վստահության բացակայությանն պայմաններում, վճռական քայլ կատարեն:

Ուորլիքն ասել է, որ խաղաղությունից բխող օգուտները շատ ավելին են, քան այն ինչ վճարում ենք շարունակաբար փակուղում գտնվելու դիմաց,և այն հնարավորություն կընձեռի խուսափել թշնամանքի վերականգնման աղետալի հետևանքներից: Հայաստանն անմիջապես կշահի բաց սահմաններից, ավելի մեծ անվտանգությունից, առևտրի, ուղևորությունների և իր բոլոր հարևանների հետ կապերի նոր հնարավորություններից: Ադրբեջանը կկարողանա վերացնել այն հիմնական խոչընդոտը, որ կանգնած է իր` որպես համաշխարհային խաղացող, տարածաշրջանային առևտրային կենտրոն և անվտանգության ոլորտի ամուր գործընկեր կայանալու ճանապարհին` միաժամանակ հաշտեցման ու վերադարձի հեռանկար բացելով հարյուր հազարավոր փախստականների ու ներքին տեղահանված անձանց համար:

Իսկ Լեռնային Ղարաբաղում բնակվող հազարավոր մարդիկ կկարողանան ազատվել մեկուսացման ու կախվածության կապանքներից, հավելել է նա:

Ոչ պակաս կարևոր է այն մեծ ֆինանսական բեռը, որը մարտական պատրաստականության ու սպառազինությունների մրցավազքի արդյունքում կրում են պետական բյուջեները.դա խաղաղության շահաբաժինն է, որը առավել արդյունավետ օգտագործման դեպքում ինքնին ի զորու է փոխել իրավիճակը թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար, ասել է ամերիկացի համանախագահը:

Ջեյմս Ուորլիքը տեղեկացրել է, որ եկող շաբաթ կրկին նախատեսում է այցելել տարածաշրջան՝ մյուս համանախագահների հետ միասին: Կասկածից վեր է, որ տևական խաղաղության ցանկացած համաձայնություն հաջողված համարվելու համար պետք է արտացոլի բոլոր կողմերի դիրքորոշումները: Միացյալ Նահանգները երկու ղեկավարներին համառորեն հորդորել է կրկին հանդիպում ունենալ առաջիկայում և օգտագործել այս հնարավորության պատուհանը, երբ խաղաղությունը հնարավոր է:

Ուորլիքը ներկայացրել է փոխզիջման հիմնական տարրերը, բաղկացած 6 կետից: «Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր:

Երկրորդ,նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:

Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:

Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը:

Հինգերորդ,տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:

Եվ վերջապես վեցերորդ,կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն»,-ասել է Ուորլիքը:

Նա հորդորել է կողմերին հանձնառություն ստանձնել ձեռնամուխ լինելու խաղաղության բանակցություններին: «Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել և անել այն ամենը, ինչ կարող է: Իհարկե, առաջին քայլը ձեռնարկելը Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների խնդիրն է: Նրանք պետք է դիտարկեն այն միջոցները, նույնիսկ միակողմանի միջոցները, որոնք ի ցույց կդնեն առաջընթացի իրենց մղումը, լարվածությունը թուլացնելու ու բանակցային մթնոլորտը բարելավելու հանձնառությունները: Նրանք պետք է կրճատեն թշնամական հռետորաբանությունը և բնակչությանը նախապատրաստեն խաղաղության և ոչ պատերազմի»,-ասել է Ջեյմս Ուորլիքը: