12 մայիսի 2014 - 17:47 AMT
«Թանգարանները միավորում են մեզ». Մայիսի 17-ի գիշերը թանգարանները չեն փակվի

Մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակում մայիսի 17-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: 2014 թվականը հոբելյանական է. Հայաստանում թանգարանները չեն փակվի արդեն 10-րդ անգամ:

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ այս տարի անգամ մասնակից թանգարանների թիվն է խորհրդանշական` Հայաստանի և Արցախի 100 թանգարան իրենց դռները կբացեն թանգարանասեր հասարակության առջև: «Թանգարանների միջազգային օրվա» խորագիրն է` «Թանգարանները միավորում են մեզ», որն ամբողջապես համապատասխանում է իր խորհրդին և առաքելությանը` միավորելով մարդկանց միևնույն գաղափարի շուրջ, ինչի վկայությունն է յուրաքանչյուր տարի ավելացող այցելությունների թիվը:

Մայիսի 17-ին արտասահմանում հայտնված զբոսաշրջիկներն ակցիայի շրջանակում հնարավորություն կունենան միաժամանակ մի քանի թանգարան այցելել։ Խոշոր քաղաքներում այդ գիշեր գործում են հատուկ ավտոբուսներ, որոնք թանգարանից թանգարան են տեղափոխում մարդկանց։

«Թանգարանների գիշերն» առաջին անգամ անցկացվել է 1997-ին Բեռլինում: Տեղի քաղաքային իշխանություններն ամբողջ գիշերը բաց թողեցին քաղաքի թանգարանների դռները, ինչը ժողովուրդը մեծ ոգևորությամբ ընդունեց: Շուտով այս ակցիային միացավ գերմանական ևս 20 քաղաք:

1999-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով ֆրանսիական թանգարանները տարվա մեջ մեկ օր բաց էին և անվճար հասարակության համար: Այս ակցիան կոչվում էր «Թանգարանային գարուն»: Շուտով այս նախաձեռնությունը գրավում է Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող երկրների ուշադրությանը: 2001-ին նախաձեռնությունը վերանվանվում է «Թանգարանների գիշեր»-ի, որը վերջին տարիներին հովանավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, այս նախաձեռնությանն է միացել նաև Թանգարանների միջազգային խորհուրդը:Հայաստանը նախաձեռնությանը միացել է 2005թ-ից: