12 մայիսի 2006 - 14:14 AMT
Հովհաննես Մարգարյան. Հայաստանի խորհրդարանի խոսնակը որոշել է հրաժարական տալ
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Բաղդասարյանը որոշել է հրաժարական տալ, իսկ իր գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցությունը դուրս կգա իշխող կոալիցիայի կազմից: Այդ մասին երեւանյան «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: Նա ասել է, որ հրաժարականի եւ իշխող կոալիցիայի կազմից «Օրինաց երկրի» դուրս գալու մասին որոշումը կայացվել է նախօրեի երեկոյան` «Օրինաց երկրի» քաղխորհրդի ընդլայնված նիստում եւ միաձայն է եղել: Այսօր Արթուր Բաղդասարյանը մամլո ասուլիս կանցկացնի եւ պաշտոնապես կհայտարարի իր հրաժարականի եւ իշխող կոալիցիայի կազմից «Օրինաց երկրի» դուրս գալու մասին: Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրվա ընթացքում «Օրինաց երկիր» խմբակցությունից դուրս եկան մի քանի պատգամավորներ: «Օրինաց երկիրը» մաս է կազմում իշխող կոալիցիայի Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Դաշնակցության հետ միասին` ըստ 2003 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա ստորագրված հուշագրի: