Վարչապետը գործարարներին 1,5 ամիս ժամանակ է տվել. Պետք է աշխատեն հավասար պայմաններում ու առանց ստվերի

Վարչապետը գործարարներին 1,5 ամիս ժամանակ է տվել. Պետք է աշխատեն հավասար պայմաններում ու առանց ստվերի

PanARMENIAN.Net - Բոլոր գործարարները պետք է աշխատեն հավասար դաշտում և ամեն անեն, որպեսզի ստվերից դուրս գան: Այս մասին մայիսի 15-ին Կառավարության հերթական նիստին հայտարարել է Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով գործարարների հետ իր նախօրեին կայացած հանդիպմանը:

«Երեկ հանդիպել ենք խոշոր գործարարների և բանկերի ղեկավարների հետ, քննարկել համագործակցության բազմաթիվ հարցեր, խաղի կանոններ ենք սահմանել: Պայմանավորվել ենք, որ բոլորը պետք է աշխատեն հավասար դաշտում, և բոլորն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ստվերից դուրս գան: Դա եղել է մեր պայմանը: Մինչև հուլիսի 1-ը մենք տալու ենք հնարավորություն, որպեսզի իրենք ինքնուրույն իրենց ցանկությամբ փորձեն աշխատել հավասար դաշտում: Ես տվել եմ հանձնարարական ֆինանսների նախարարին՝ բոլոր կառույցներով հետամուտ լինել այդ աշխատանքի գործընթացներին: Ես գտնում եմ և նաև ունեմ համոզմունք, որ իրենք խաղի կանոնները պետք է փորձեն պահպանել, և եթե չպահպանեն, մենք փորձելու ենք նաև մեր լծակներն օգտագործել, որպեսզի կարողանանք մեր առջև դրված խնդիրներին լուծում տալ»,- ասել է վարչապետը` հավելելով, որ աշխատել են առանց մամուլի, փորձել հարցերն ազատ պայմաններում քննարկել, որպեսզի հասկանան, որ այդ խնդիրն, իրոք, կառավարության կողմից շատ հստակ է դրված:

«Անպայման հետամուտ ենք լինելու, որպեսզի խաղի կանոնները բոլորը պահպանեն»,- շեշտել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 14-ին ընդունել է Հայաստանի գործարար աշխարհի ներկայացուցիչներին: «Հստակ պատկերացնում եմ ձեր դերը բնակչության զբաղվածության, եկամուտներ ապահովելու, տնտեսության մեջ ներդրումներ կատարելու և ժամանակակից տնտեսություն ստեղծելու գործում: Հատկապես կարևորում եմ ձեր ներդրումը պետական բյուջեի եկամուտների ապահովման հարցում»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: Վարչապետը գործարարների հետ քննարկել է երկրի տնտեսության ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործարարներից ակնկալում է անկեղծ գնահատականներ, առաջարկություններ և պատրաստ է համատեղ քննարկել ներկայացվող յուրաքանչյուր նախաձեռնություն:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում վարչապետը հայտարարել է, թե Հայաստանում բոլորը պետք է աշխատեն հավասար պայմաններում, այդ թվում նաևԳագիկ Ծառուկյանը:

«Բոլորը պետք է աշխատեն հավասար պայմաններում. սա է եղել մեր առաջարկած խաղի կանոնը: Իմ կարծիքով՝ բոլորը կաշխատեն այդպես, եթե չաշխատեն, ուրեմն գնդակն իրենց դաշտում է, դա կլինի այլ օպերայից»,- ասել է Հովիկ Աբրահամյանն ի պատասխան հարցի, թե ինչպես է պատկերացնում, որ իր խնամին՝ Գագիկ Ծառուկյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պետք է աշխատեն հավասար պայմաններում, գրում է Tert.am-ը:

Իսկ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանըճեպազրույցում, պատասխանելով հարցին՝ արդյոք մինչև հուլիսի 1-ը խոշոր գործարարները հավասար դաշտում կաշխատեն, թե հնարավոր է, որ նրանք չենթարկվեն խաղի նոր կանոններին, պատասխանել է. «Կարծում եմ` իրենք էլ են հայրենասեր, և մտածելով Հայաստանի տնտեսության հետագա զարգացման մասին՝ պետք է որ իրենց դիրքորոշումները, ընդհանրապես իրավատնտեսական հարաբերությունների դաշտում փոփոխությունները ընկալեն ավելի ճիշտ»,- գրում է Panorama.am-ը:

Ճշմարիտյանը նշել է, որ հանդիպման ընթացքում հիմնականում ծրագրային հարցեր են քննարկվել: «Խնդիրը բյուջեի եկամուտներն ավելանալու մեջ չէ: Դա նույնպես կարող է հետևանքլինել: Ավելի շատ երկրում սպառման դաշտն ավելացնելու մեջ է, այսինքն` եկամուտների վերաբաշխման հարցը պետք է լուծել, քանի որ երբ եկամուտների կենտրոնացում է գնում, դա տնտեսության համար բավականին բացասական երևույթ է, իսկ եկամուտների բաշխումը տնտեսության զարգացման հիմքերից մեկն է»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---