Հալեպում հրթիռակոծության հետևանքով մեկ հայ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել

Հալեպում հրթիռակոծության հետևանքով մեկ հայ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել

PanARMENIAN.Net - Հալեպի հայկական թաղամասը կրկին հրթիռակոծվել է, զոհվել է հայազգի Պերճ Ղարագյոզյանը: Ինչպես հայտնում է Հալեպում ՀՅԴ մամուլի ծառայությունը, Ղարագյոզյանի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 17-ին:

Բեյրութի «Ազդակ» թերթը հայտնում է նաև, որ հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է 25-ամյա Անտուան Դանիելյանը:

Մայիսի 13-ին հրթիռակոծվել են Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ և Ազիզիե թաղամասերը:

Մայիսի 11-ին Սիրիայում երկու հայ զոհվեց, ևս մեկը՝ վիրավորվեց: Զոհվածներից մեկը սիրիական բանակի զինծառայող Հակոբ Գրթանյանն էր, որը սպանվեց հրթիռակոծության ժամանակ հայկական Նոր Գյուղ թաղամասում:

Քեսաբի մոտի մարտերում զոհվեց Վարդան Անտեյանը, իսկ Սարո Պապուճյանը վիրավորվեց:

Մայիսի 2-ի երեկոյան Հալեպի հայկական թաղամասերը հրթիռակոծվեցին ու ռմբակոծվեցին: Թաղամասերում մի քանի պայթյուն որոտաց, որի հետևանքով 2 հայ վիրավորվեց ու շինություններ ավիրվեցին: Վիրավորների անձը հաջողվեց պարզել, նրանք են ուսանողներ Կարպիս Բոզկեջանյանը և Կարապետ Դավթյանը: Պայթյուններից անմիջապես հետո պատահարի վայր եկան հրշեջներն ու վիրավորներին տեղափոխեցին հիվանդանոց:

Մայիսի 1-ին գնդակոծվեց հայաբնակ Սուլեյմանիե թաղամասը Հալեպում: Գլխից վիրավորվեց Կարպիս Գափայանը: Րաֆֆի Պալյանը վիրավորվեց ոտքից, իսկ նրա 13-ամյա որդին՝ Կարո Պալյանը բեկորային վնասվածք ստացավ: Տուժածները հոսպիտալացվեցին՝ Կարո Պալյանի վիրահատությունը մոտ 4 ժամ տևեց:

Ապրիլի 29-ին զոհվեց Րաֆֆի Հեքիմյանը, որը հայտնվել էր խաչաձև գնդակոծության տակ, իսկ ապրիլի 30-ին սպանվեց սիրիական բանակի զինծառայող Վիլյամ Մակարյանը: Հայկական թաղամասերը լրջորեն վնասվել են: Վիրավորվել է նաև 7-րդ դասարանի աշակերտ Խաժակ Ժամկոչյանը:

Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում 80 հայ է զոհվել:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---