Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսակետ դրվել չի կարող, վստահ են փորձագետները

Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսակետ դրվել չի կարող, վստահ են փորձագետները

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին «Եվրասիական ինտեգրում. Մաքսային միությունից մինչև տնտեսական միություն» թեմայով Աստանա-Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի շրջանակում Անտոն Ազարովը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է անցնելու ՄՄ և Եվրասիական միության սահմանը Հայաստանի միանալուց հետո, այսինքն լինելու է արդյոք հսկիչ անցագրային անցակետ Հայաստանի ու ԼՂՀ միջև, թե Ղարաբաղը դե ֆակտո կընդգրկվի ինտեգրացիոն միավորման մեջ, ասել է. «ԼՂՀ անդամակցության հարցը Մաքսային միությանը կամ մեր միավորումներից որևէ մեկին նույնիսկ չի էլ քննարկվել: Եվրասիական միության սահամնները լինելու են Հայաստանի Հանրապետության այժմ ընկալվող սահմաններում»:

Ըստ ռուս փորձագետ, «Ռուս-հայկական գործակցության» անդամ Դենիս Դվորնիկովի, Ազարովի պատասխանը բխում է իրավիճակը չհասկանալուց: «Հարկավոր է ոչ թե ուղղակի նայել Yandex-ի կամ Google-ի քարտեզներին, այլ հասկանալ, թե ինչպես են իրականում ապրում այդ տարածքները, հարաբերությունների բնույթը Հայաստանի ու Ղարաբաղի միջև: Պետք է չծուլանալ և այցելել Ադրբեջանի հետ շփման գիծ, այլ ոչ թե ուղղակի կարդալ այսպես կոչված միջազգային փորձագետների զեկույցները: Այդ դիրքորոշումը սահմանի հարցում վկայում է տարածաշրջանում իրավիճակին լիովին անծանոթ լինելու մասին: Կարծում եմ, հայտարարությունը մտածված չի եղել, քանի որ նման հայտարարությունները կարող են լուրջ ցնցումների պատճառ դառնալ ամբողջ Հարավային Կովկասում: Հազիվ թե պարոն Ազարովը պատրաստ լինի հետո վազվզել լեռներով, հարթել հետևանքներն ու իրավիճակը կարգավորել»,-ասել է Դվորնիկովը PanARMENIAN.Net ին: Նա վստահություն է հայտնել, որ Ազարովը չգիտի ինչ է Ղարաբաղը, և ինչ է Հայաստանը: «Բացի այդ, նա, հավանաբար, պատրաստ չէ ընդունել Ռուսաստանի բնակչության մեծամասնության դիրքորոշումը, որը բնականաբար Ղարաբաղի ու Արցախի ժողորդի կողմն է: Դրանից պետք է սկսվի ցանկացած բանավեճ այդ հարցի շուրջ»,-ասել է Դվորնիկովը:

Նա հավելել է, որ Հայաստանն ու Արցախը ռուս ժողովրդի ամենահարավային դաշնակիցներն են: «Ուրիշ դաշնակից չունենք: Հետո արդեն մեր ներկա ու պոտենցիալ ընդդիմադիրներն են: Եթե Ռուսաստանը, ռուս ժողովուրդը որպես միջազգային քաղաքական գործակցության սուբյեկտ թույլ տա իրավիճակի վատթարացում Հայաստանում, եթե չաջակցի, չօգնի ամենաանկեղծ ու եղբայրական հենքի վրա, ապա դա, անշուտշ, հարցականի տակ կդնի նաև բուն ռուս ժողովրդի ու Ռուսաստանի գոյությունը: Մեր կապերը շատ ամուր են, շատ կարևոր: Դա մեր ընդհանուր հիմնաքարն է»,-ասել է ռուս փորձագետը:

Իր հերթին ՀՀԿ մամուլի քարտուղար, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսակետ չի կարող տեղադրվել: «Մենք երբեք չենք ասել, որ Լեռնային Ղարաբաղը մտնելու է Մաքսային միության կազմի մեջ, մենք հստակ հայտարարել ենք, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը մեկ միասնական տնտեսական տարածք են: Ես հաստատում եմ, որ իշխանությունները շահագրգռված են, որ Լեռնային Ղարաբաղը տնտեսապես զարգանա: Չեմ կարծում, որ ձեր նշած պաշտոնյան այն մակարդակի անձ է, որ կարող է նման հայտարարություններ անել»,-ասել է Շարմազանովը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---