ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը ԵՄ-ին ինտեգրման, Արևելյան գործընկերության և Ուորլիքի հայտարարության մասին

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը ԵՄ-ին ինտեգրման, Արևելյան գործընկերության և Ուորլիքի հայտարարության մասին

PanARMENIAN.Net - Լեհաստանը դեռևս մինչ Արևելյան գործընկերության ծրագրի մեկնարկը հայտարարում էր, որ ցանկալի կլինի Եվրամիության հարևան երկրների համար ԵՄ հետ սերտորեն համագործակցելու հնարավորություն ստեղծել, ուստի հարկավոր է միայն հստակեցնել Հայաստանի ու Եվրամիության կարիքները: Այդ մասին այսօր մայիսի 16-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին՝ մեկնաբանելով Հայաստանի հարաբերությունները ԵՄ հետ:

Ըստ նրա, անհրաժեշտ է հստակ հասկանալ, թե ինչ է հարկավոր Հայաստանին ու ԵՄ-ին՝ ընդամենը փաստաթուղթ թե նրա բովանդակությունն ու ասոցացումը: Դիվանագետը մատնանշել է ԵՄ հետ սերտորեն գործակցելու մտադրության մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունը, այն հարցերում, որտեղ դա չի հակասում Մաքսային միությանն անդամակցելուն:

«Մենք սատարում ենք այդ դիրքորոշմանը: Ուղղակի խնդիրն այն է, որ Հայաստանը դեռ Մաքսային միության անդամ չէ և այս պահին չի կարող հստակեցնել, թե հատկապես որ ոլորտներում հնարավոր կլինի սերտ համագործակցութունը և որ դրույթներն են ընդունելի հայկական կողմի համար»,-ասել է դեսպանը, հայտնում է Panorama.am-ը:

Ռաչինսկին նաև նշել է, որ ԵՄ-ն, և մասնավորապես Լեհաստանը, երբեք չեն մերժել Հայաստանի հետ գործակցության մասին փաստաթղթի ստորագրման հնարավորությունը: Այդ մասին նա ասել է՝ մեկնաբանելով այն հարցը, թե ինչ է նշանակում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունն այն մասին, թե ԵՄ-ն փոխել է դիրքորոշումն ու պատրաստ է Հայաստանի հետ ստորագրել ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը:

Ըստ նրա Արևելյան գործընկերության հաջողությունը կարելի է համարել այն, որ հոռետեսորեն տրամադրված երկրները սկսել են նկատել, որ ծրագիրը իրագործվում է: Ռաչինսկին նշել է, որ դեռ ծրագրի մեկնարկից առաջ Լեհաստանը հայտարարում էր, որ պետք է մերձենալ արևելյան հարևանների հետ: «Ուրախ եմ, որ պարոն Օլանդը նույնպես այդ տեսակետն ունի: Եվ, այնուամենայնիվ, իր ելույթում նա կողմ արտահայտվեց գործընթացին, ոչ թե քաղաքական մասի ստորագրմանը»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ կողմերը պետք է հասկանան, թե ինչ է իրենց հարկավոր՝ ուղղակի փաստաթուղթ թե բովանդակություն ու իրական ասոցացում:

ՀՀ նախագահի հետ համատեղ ասուլիսում մայիսի 13-ին Ֆրանսու Օլանդն ասել է. «Հայաստանն աշխարհաքաղաքական տեսակետից յուրահատուկ դրության մեջ է, այդ պատճառով որոշեց կապերը վերահաստատել Ռուսաստանի հետ: Իմ խնդիրը դատապարտելը չէ, այլ հասկանալը»,- անդրադառնալով Հայաստանի` ՄՄ անդամակցության որոշմանը, ասել է Ֆրանսուա Օլանդը:

Նա նշել է, որ այցի ընթացքում փորձել է հասկանալ` որն է Հայաստանի դիրքը և ինչ պետք է լինի Եվրամիության պատասխանը: «Ցանկանում եմ, որ Հայաստանը լիովին ասոցացված լինի Եվրամիության հետ, քանի որ նրա տենչն է, նրա արժեքներն են, նրա շահերին է համընկնում»:

Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ չի պատրաստվում ստիպել Հայաստանին խզել Ռուսաստանի հետ տնտեսական կապերը, հարաբերությունները. «Հայաստանի դիրքորոշումը պետք է օժանդակեն, քաջալերեն Եվրամիության շրջանակում, Եվրամիությունը պետք է հասկանա, որ Հայաստանը բացառիկ պայմանների մեջ է ապրում, ու պետք է մի գործընթացի մեջ մտնի, որ մերձենա Եվրամիությանը»:

Զդիսլավ Ռաչինսկին նշել է, որ Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է գործակցել ԵՄ հետ այն ուղղություններում, որ չեն հակասում ՄՄ-ին անդամակցությանը: Դեսպանը նշել է, որ Լեհաստանը հարգում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին որոշումը: «Ես վստահ եմ, որ այդ որոշումը կայացվել է խորը վերլուծության հիման վրա: Նման որոշումներն ինքնանպատակ չեն, այլ պետք է հանգեցնեն կյանքի մակարդակի բարձրացմանը: Լեհաստանը անդամակցեց ԵՄ-ին 10 տարի առաջ, այդ ընթացքում երկրի ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ: Ես ցանկանում եմ, որ ՄՄ-ին անդամակցելուց 10 տարի անց Հայաստանի ՀՆԱ-ն ևս 2,5 անգամ աճի»,-ասել է լեհ դիվանագետը, հայտնում է Armenia Today-ը:

Դեսպանը նաև անդրադարձել է այն հարցին, թե կարելի է արդյոք Ուկրաինայում իրադարձությունների լույսի ներքո խաչ քաշել Արևելյան գործընկերության ծրագրի վրա: Ըստ նրա, Արևելյան գործընկերությունը շարունակում է գոյատևել, որի վկայությունն է այն հանգամանքը, որ մի շարք երկրներ պատրաստ են ընդունել ԵՄ առաջարկն այս ծրագրի շրջանակում: Ռաչինսկին հիշեցրել է, որ Ուկրաինան արդեն ստորագրել է ասոցացման մասին քաղաքական մասն ու մտադիր է ստորագրել նաև տնտեսականը: Մոտավորապես, հունիսին համաձայնագիր կստորագրեն Վրաստանն ու Մոլդովան: Համաձայնագրով չամրագրված պայմանավորվածությունների մի մասն արդեն իրականացվում է. Ուկրաինան կարող է առանց մաքսի իր արտադրանքն արտահանել եվրոպական շուկա, Մոլդովայի քաղաքացիները կարող են առանց վիզաների մուտք գործել ԵՄ տարածք: Դեսպանը նշել է, որ Արևելյան գործընկերության առաջարկությունները մնում են ուժի մեջ և դեռ սեղանին են: Այն երկրները, որոնք դեմ են այս ծրագրին, ուղղակի չեն ցանկանում, որ ԵՄ-ն մերձենա արևելյան հարևանների հետ, գտնում է դեսպանը:

Զդիսլավ Ռաչինսկին նշել է, որ Արևելյան գործընկերությունը ԵՄ արտաքին քաղաքականության մաս է կազմում ու մերձեցման յուրօրինակ առաջարկ է: «Դա աշխարհաքաղաքական փոփոխություններ հրահրելու ձգտում չէր: Հիմնական նպատակը սերտ գործակցությունն է, որը պետք է հանգեցնի Արևելյան գործընկերության երկրների ներքին արդիականացմանը»,-հայտարարել է նա: Դեսպանը նշել է, որ Ուկրաինայի դեպքում ԵՄ-ն նպատակ չի դրել, որ այդ երկիրը դուրս գա ԱՊՀ-ից, խոսք չի եղել նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին: «Ցավոք, գտնվեց երկիր, որը սպառնալիք տեսավ ԵՄ հետ Ուկրաինայի գործակցության մեջ»,-հայտարարել է նա:

Լրագրողների այն հարցին, թե որքանով է ԵՄ արձագանքը համարժեք Ռուսաստանի գործողություններին Ուկրաինայում, Ռաչինսկին պատասխանեց, որ ԱՊՀ-ն էլ միասնական հանդես չեկավ իրավիճակի և ԱՊՀ անդամներից մեկի տարածքի բռնակցման հարցում: Նա հավելեց, որ ԵՄ կազմում 28 երկիր կա և շատ բարդ է լինում համաձայնեցնել բոլոր հարցերն ու հանդես գալ միասնական դիրքերից: Ըստ նրա, ուկրաինական իրադարձությունները կարող են խթանել ավելի սերտ ռազմաքաղաքական գործակցություն:

Մամուլի ասուլիսում Զդիսլավ Ռաչինսկին նաև անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին ելույթին: Նա նշեց, որ Ուորլիքը ամփոփեց հայտարարություններն ու իրադարձությունները և արտահայտեց ԵԱՀԿ ՄԽ վերջին տարիների աշխատանքի արդյունքները: Համանախագահի հայտարարությունը դեսպանը կապեց բանակցությունները խթանելու նրա ձգտման հետ: Ռաչինսկին նաև նշեց, որ ՀՀ ԱԳ նախարարը ճիշտ և հավասարակշռված գնահատական է տվել հայտարարությանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» թեմայով ելույթ է ունեցել՝ ներկայացնելով կարգավորման 6 սկզբունքները: Նա նշել է, որ ներկայացնում է ոչ թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը, այլ ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը: Իր ելույթի սկզբում նա խոսել է կողմերի բևեռացված դիրքորոշումների ու դեռևս չհամաձայնեցված հարցերի մասին և նշել է, որ անհրաժեշտ է աջակցել կողմերին, որպեսզի նրանք, նույնիսկ վստահության բացակայությանն պայմաններում, վճռական քայլ կատարեն:

Ուորլիքը ներկայացրել է փոխզիջման հիմնական տարրերը, բաղկացած 6 կետից: «Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր:

Երկրորդ,նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:

Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:

Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը:

Հինգերորդ,տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:

Եվ վերջապես վեցերորդ,կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն»,-ասել է Ուորլիքը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---