Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների հեղինակը ձերբակալվել է

Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների հեղինակը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների դեպքի առթիվ, որի արդյունքում վիրավորվել էր 5 մարդ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1985 թ. ծնված Գոռ Առաքելյանը:

Ոստիկանությունից հայտնում են, որ վերջինը բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին: Առաքելյանը ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ: Գոռ Առաքելյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Ի դեպ, Գոռ Առաքելյանը ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է ` դստեր ամուսինը: Այս առթիվ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, հարգելով անմեղության կանխավարկածը, նշել է, որ իրավասու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից հայտարարել` ում մերձավորը կամ ազգականը մասնակից եղած լինի «Վերնիսաժում» հնչած կրակոցներին, պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ, գրում է Tert.am-ը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեպքի օրը ուշ երեկոյան «Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրում այցելել է կրակոցներից տուժածներին։ Նախարարը հետաքրքրվել է բոլոր հինգ վիրավորվածների վիճակով, մասնագետների հետ քննարկել ցուցաբերված բժշկական օգնությունը և հետագա բուժման անհրաժեշտ գործողությունները: Կրակոցներից տուժածների բուժման հետագա ընթացքը կգտնվի նախարարի ուշադրության ներքո։ Բժիշկների հավաստմամբ` բոլոր հինգ վիրավորների վիճակը կայուն է, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գրում է Panorama.am-ը:

Մայիսի 17-ին` ժամը 13:25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժի մոտ կրակոցներ են հնչում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ անհայտ անձը Վարդանանց փողոցի 18 հասցեում կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երևանի Մ. Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց:

Հերթապահ բժշկուհու խոսքով, իրենց մոտ տեղափոխվել են 26-ամյա Մյասնիկ Հայրապետյանը, 72-ամյա Մնացական Սուքիասյանը, 64-ամյա Ալբինա Բադալյանը, 30-ամյա Վալերի Հովհաննիսյանը և 30-ամյա Նորայր Հարությունյանը, գրում է Panorama.am-ը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի (այն է՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով և տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով կամ առանց դրա) և 258 հոդվածի 4-րդ մասի (այն է Խուլիգանություն հոդվածի առաջին (խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը) կամ երկրորդ (հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով) կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով) հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---